Էլիտան՝ մի հին ֆիլմի օրինակով

03/04/2009

Այսօր պետական էլիտայի մասին խոսակցություններում հաճախ է հարց տրվում, թե ինչպիսին պետք է այն լինի: Այս հարցի պատասխանի համար հարկավոր են օրինակներ, եւ ահա այստեղ խոչընդոտ է առաջանում: Այնինչ, այդ օրինակները մեր կողքին են, պետք է ընդամենն ավելի ուշադիր նայել: Օրինակ` իմ բոլոր հասակակիցներին դեռ մանկությունից ծանոթ «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը կարող է օգնել էլիտայի մասին խոսելիս, քանի որ այն, ըստ էության, քաղաքական պամֆլետ է:

Եկեք վերհիշենք ֆիլմի սյուժեն եւ Իվան Ահեղի վարքագիծը, քանզի հենց դա է իսկական քաղաքական էլիտայի հոգեբանական պատկերի էությունը:

Եվ այսպես, ցարն իր համար անսպասելի հայտնվում է մոսկովյան սովորական մի բնակարանում եւ հարցնում շփոթահար Շուրիկին, թե արդյո՞ք նա դեւ չէ: Սա կարեւոր է. եթե նա դեւ է, ապա հետագա գործողություններն անիմաստ են: Իսկ եթե մարդ է, ուրեմն դեռ ամեն ինչ կարելի է շտկել: Շուրիկի հայտնագործած մեքենան նա առանց երկմտելու ընդունում է իբրեւ փաստ. աշխարհում ինչ ասես որ չի լինում, եւ գոռում է. «Ի՞նչ ես կանգնել, գնա առ քո այդ տրանզիստորները»: Ահա եւ էլիտայի ԱՌԱՋԻՆ հատկանիշը` իրավիճակի արագ եւ համարժեք գնահատում:

Սակայն ցարին անհանգստացնում է անտեր թողած տերությունը: Նա դեսուդեն է ընկնում, տնքում. «Ես այստեղ եմ, իսկ այնտեղ Ղրիմի խանը համը հանում է Իզյումսկի ճանապարհին… Ինձ հե՛տ ուղարկիր, բոյարին»: Նոր աշխարհը նրան հետաքրքիր է, սակայն իր աշխարհն անհամեմատ կարեւոր է: Նա տանջվում է, որ տերությունն առանց կառավարման է մնացել, եւ ուզում է վերադառնալ ետ` դեպի իրեն վստահված անցյալը: Ահա եւ ԵՐԿՐՈՐԴ հատկանիշը` պատասխանատվության չափազանց բարձր աստիճան:

Սակայն խանութներում ընդմիջում է, եւ ցարը հաճույքով համաձայնում է մի բաժակ օղի խմել` սեւ հացով եւ կիլկիով: Նայելով Շուրիկին` ասում է. «Ուրեմն այստե՞ղ էլ ապրում ես: Կարգին նեղվածք է»: Շուրիկը պատասխանում է, թե, դե, իհարկե, արքայական ապարանք չէ, ինչը շատ է զվարճացնում ցարին: Նա լարված չէ, իրավիճակը վերահսկելի է, եւ նա կարող է իրեն թույլ տալ ուշադրությունն ուրիշ բաների ուղղել: Ահա եւ ԵՐՐՈՐԴ հատկանիշը` վախի եւ անհանգստության ցածր շեմ:

Վերջապես Շուրիկը վազում է տրանզիստորների հետեւից, եւ ցարը, տունն ուսումնասիրելով, դուրս է գալիս բաց պատշգամբ: Նա երկար նայում է ժամանակակից Մոսկվային եւ զգացված ասում. «Ա՜յ թե գեղեցկություն է: Ուղղակի հոյակապ շքեղություն»: Մի կողմ թողնենք քաղաքային բնանկարը, այս դեպքում կարեւորն այլ բան է` անծանոթ, անսովոր ձեւի մեջ արտահայտված գեղեցկությունը ընկալելու ունակությունը: Սա ՉՈՐՐՈՐԴ հատկանիշն է` գեղագիտական լայն մտահորիզոնը:

Հետաքրքիր է, թե ինչպես է ցարը դիմում շրջապատի մարդկանց: Խեղճուկրակ տեսքով Շուրիկին նա միանգամից բոյարին է կոչում, այսինքն` նրան համարում է ազնվազարմ մարդ: Ավելի ուշ, երբ խոսում է այնքան ներկայանալի ու վայելչատես Շպակի հետ, վերջինիս երեսին արհամարհանքով նետում է. «Դու ո՞ւմ ճորտերից ես»` անմիջապես տեսնելով նրա ստրկամիտ էությունը:

Տնային կառավարչի` իրեն երիտասարդ ձեւացնող կնոջը ցարը հոգնած տոնով ասում է. «Հանգիստ թող ինձ, պառավ, հոգսս մեծ է»: Իսկ երբ վերջինս շարունակում է ցարի գլուխը տանել, նա անմիջապես հասկանում է. «Ա՜, ուրեմն դու վհո՜ւկ ես»: Ցարը մի բացառիկ հատկություն ունի. նա հիանալի ճանաչում է մարդու էությունը: Սա էլ ՀԻՆԳԵՐՈՐԴ հատկանիշը` շրջապատողներին ակնթարթորեն գնահատական տալու ունակություն: Արժե հետեւել, թե ինչպես է Իվան Ահեղն իրեն պահում անծանոթ պայմաններում: Սկզբում նա գնդակի արագությամբ դուրս է նետվում զուգարանից, որտեղ պատահաբար քաշել էր ջուրը: Սակայն քիչ անց շատ արագ գլուխ է հանում ձայնարկիչից (անգամ աչքերն արցունքով են լցվում Վիսոցկու երգերը լսելիս), լսափողը վերցնելով` ասում է. «Ես տանը չեմ»` նմանակելով Շուրիկին, մռայլ նայում է նկարին, որտեղ ինքը սպանում է իր իսկ որդուն, խոհանոցում մի բաժակ օղի է «գցում»` երշիկը դաշույնով կտրելով: Մի խոսքով, նա արագ է հարմարվում նոր պայմաններին: Սա ՎԵՑԵՐՈՐԴ հատկանիշն է` ստեղծված պայմաններին արագ հարմարվելու բարձր աստիճան:

Բայց այս ամենով հանդերձ՝ ցարը ձեռքերը ծալած չի նստում, այլ գործում է. նա վճռում է Շուրիկի փախած կնոջ ճակատագիրը, ընդ որում` արքայաբար (նվիրում է իր արքայական մուշտակը): Ավելի ուշ նա փախչում է սանիտարներից ու միլիցիոներներից («Միլիցիան վրաս «գործ է սարքում»,- բացատրում է նա Շուրիկին` շատ արագ յուրացնելով ժամանակակից տերմինոլոգիան): Ընդ որում` օգտվում է վերելակից, որից մինչ այդ սարսափում էր («դեւերը բանտարկել են»)` հարկի կոճակը քթով սեղմելով: Նա գործում է արագ եւ վճռական, ինչը խոսում է ՅՈԹԵՐՈՐԴ հատկանիշի մասին` միակ ճիշտ որոշումն ընդունելու ունակության: Այսպիսի Իվան Ահեղի վրա կարելի է հույս դնել եւ վստահել նրան ոչ միայն տան, այլեւ ողջ պետության ղեկավարումը: Նա բռնկուն է, երբեմն դաժան (թռիչքի համար թեւեր հայտնագործած գյուտարարին նստեցրել է վառոդի տակառի վրա` «թող թռչի ինչքան ուզում է»), սակայն նրա մեջ զգացվում է ուղղամտությունը, ուժեղ անհատը եւ պետական մտածողությունը: Ցանկացած պարագայում ու հանգամանքներում նա պատասխանատու է եւ աներեր: Ինչո՞վ նա էլիտա չէ: Ե՛վ պատասխանատու է, եւ՛ ազգային: Լավ է, եթե չասենք՝ հիանալի… Իսկ ի՞նչ ասել սովետական էլիտայի մասին: Նրան խցկել են անիծյալ անցյալ: Իսկ այնտեղ գործերը վատ են:

Բունշի վարքագիծը ոչ միայն խայտառակ է, այլ ուղղակի աղետալի, ընդ որում` ոչ միայն իր, այլեւ տերության համար, որը ճակատագրի բերումով ժամանակավոր հանձնվել է նրան: Այս չինովնիկը ոչ միայն սեփական կամք չունի, նա հլու-հնազանդ հետեւում է գող Միլոսլավսկուն` նրա ձեռքը տալով անգամ սեփական փրկության նախաձեռնությունը: Ու թեեւ Բունշն արտաքնապես խիստ նման է ցարին, նրա քիթումռութը ստիպված են կապել թաշկինակով. «Շատ տխմար դեմք ունես»,- դժգոհում է Միլոսլավսկին: Երբ վերջինս Բունշին խնդրում է խիստ դեմք ընդունել, ինքնակոչ ցարն այնպիսի ծամածռություններ է անում, որ դպիր Ֆեոֆանը քարանում է զարմանքից դեմքի անզուգական արտահայտությամբ, եւ միանգամից դժվար է որոշել, թե ում տեսքն է ավելի տխմար` Կրա՞մարովինը, թե՞ ինքնակոչ ցարինը (նկատենք, որ խորհրդային կինեմատոգրաֆում Կրամարովի նման ոչ ոք չէր կարողանում դեմքին ավելի տխմար արտահայտություն տալ):

Գործը գնալով ավելի է բարդանում: Արտասահմանյան պատվիրակությանն ընդունելիս Բունշը մի գլուխ վեր է կենում` դեսպանին ձեռքով բարեւելու, եւ միայն հանցագործ Ժորժն է նրան հետ պահում նվաստացումից: Դեսպանը պահանջում է Շվեյցարիային հանձնել հողերը, որոնք Ռուսաստանը գրավել է:

– Ընդամենը դա՞: Ես էլ գիտեմ՝ մեծ բան է,- բարալիկ ձայնով սվսվացնում է տնային կառավարիչը,- ձեզ լինի, վերցրեք…

Ահա նա` ժամանակակից էլիտայի հիմքը` բացարձակ անպատասխանատվություն ու անտարբերություն Հայրենիքի նկատմամբ: Եվ կրկին գո՛ղ Միլոսլավսկին է փրկում իրավիճակը. «Էդ ի՞նչ ես, ա՛յ ցարի մռութ, պետական հողերը սրան-նրան տալիս»:

Իհարկե, սա ընդգծված կոնտրաստ է. գողն ավելի լավն է ու ազնիվ, քան չինովնիկը: Ի՞նչ անենք, թե նա տեղնուտեղը «թռցնում է» դեսպանի շքանշաններից մեկը. ձեռքը սովոր է, դրանից չես փախչի: Սակայն փոխարենը նա ողջ Կեմսկու շրջանն է պահպանում տերության համար: Սակայն սա էլ դեռ բավարար չէ ժամանակակից էլիտայի ամբողջական կերպարի համար, պետք է անցնել նաեւ զգայական հաճույքների միջով. ինչպե՞ս նա իրեն կպահի սեղանի շուրջ` խնջույքի ժամանակ: Եվ ինչպես կարելի էր ակնկալել, Բունշը հարբում է, հնդուհավի պես փքվում, սկսում ճամարտակել ցարերի «ծանր աշխատանքի» մասին, «կպչել» Մարֆա թագուհուն…: Մի խոսքով` զվարճացող նոմենկլատուրայի (այսինքն` այսօրվա քաղաքական պլեբեյների) տիպիկ օրինակ: Ի դեպ, ավելի ուշ Բունշը սկսում է արդարանալ կնոջ մոտ. «Թագուհին ուզում էր ինձ գայթակղել, բայց ես չգայթակղվեցի»: Սուտ է ասում տականքը, ինքն էր կպել թագուհուն, բայց ժամանակը չհերիքեց. նրա խաբեությունը մերկացրին: Ինչպես ասում են` «ձայն բազմեաց` ձայն Աստծո». ժողովուրդը գլխի էր ընկել, որ «ցարը իսկական ցար չէ»: Բանն էլ հենց այդ է: Այն մյուս Իվան Վասիլեւիչն իսկական է, իսկ սա` կեղծ, այս մեկը ֆիկցիա է, պատմական թյուրիմացություն: Սակայն նկատենք. այս թյուրիմացությունը ոչ թե հորից ու մորից է ծնվել, նրան ծնել է ՀԱՄԱԿԱՐԳԸ: Նրանք` առաջիններն են երկիրը պահում` սովորական մեծ մարդիկ, որոնք սիրում են իրենց հայրենիքը, սեփական երկրի որդիներն ու պահապանները: Իսկ սրանք այսպիսի բաներից գաղափար անգամ չունեն. էնտեղ` պատմության մեջ, էդպիսի մի բան եղել է, բայց մենք բոլորից խելացի ենք: Որովհետեւ ժամանակակից ենք: Առաջադեմ: Ավելի ժողովրդավար, եթե կուզեք: Ժողովրդի կողմից ընտրված…

Իզուր չէ, որ ազատություն եւ ժողովրդավարություն ենք սովորում, անգամ ֆրանսախոս ենք դարձել: Նրանք` անցյալի մարդիկ, դրա ժամանակը չունեին, նրանք երկիր էին կառուցում, իսկ մենք ժամանակ շատ ունենք, մենք եկել տեր ենք դարձել արդեն պատրաստի երկրի: Ի՛նչ անենք, թե այն ժամանակ բան դուրս չեկավ, փոխարենը հիմա կարող ենք ժողովրդին մի կուշտ սովորեցնել: Ավելի լավ կլիներ մի կուշտ կերակրեին…

20-րդ դարի «փառավոր» դասերը: Մենք դրանք կհիշենք ու կգնանք մեր ճանապարհով: Ամեն ինչ համեմատության մեջ է պարզ դառնում: Համեմատենք տարբեր դարաշրջանների էլիտան, եւ կտեսնեք, որ այսօրվա էլիտայի տեղը լավագույն դեպքում գժանոցն է: Հենց գժանո՛ցը: Թե չէ խորհրդարան, նախարարություն, պետական ապարատ…

Դրա համար է պարզամիտ Շուրիկն ասում Բունշին. «Իվա՛ն Վասիլեւիչ, երբ Դուք խոսում եք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե զառանցում եք»: Իսկ ավելի ուշ անկեղծորեն զարմանում է. «Ո՞նց թե, Ձեզ արդեն դո՞ւրս են գրել գժանոցից»:

Իսկ սա վերջնական դատավճիռ է: Թվում էր` երկար է մնալու այնտեղ, բայց, ավաղ, դուրս են գրել: Բայց արդեն այսօր` 21-րդ դարում: Եվ կրկին սկսեցին նույն պաշտոնները զբաղեցնելուց: Եվ կրկին իբրեւ օգնական ստացան գողերի ու խաբեբաների: Այդպես ավելի ապահով է. մի տեսակ սովորել ենք: Եվ կոռուպցիայի դեմ էլ են իրենք պայքարում, եւ երկիրն են ուզում կառավարել, ու ճգնաժամն էլ քիչ է մնացել հաղթահարեն: Բայց միայն թղթի վրա… Իսկ ինչպիսի՞ էլիտա է մեզ այսօր հարկավոր, որպեսզի ապրենք, ոչ թե պարզապես մի կերպ գոյատեւենք: Միգուցե բավակա՞ն են խոհանոցային մակարդակի բամբասանքներն ու բանավեճերը: Միգուցե ժամանա՞կն է վերջապես բացեիբաց այս մասին խոսելու: Թե չէ հետո այնպես չստացվի, ինչպես ասում էր մի նախկին վարչապետ. «Ուզում էինք ավելի լավ անել, բայց ստացվեց …ինչպես միշտ»:

Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ