Զբիգնեւ Բժեզինսկի։ Բուշի հորինվածքն Իրաքի պատերազմի մասին

19/07/2005

Արձակագիր-վիպասանի պես, ով փորձում է իր գեղարվեստական հորինվածքին
ճշմարտացիություն պարգեւել, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Իրաքի մասին իր
ելույթը սկսեց ունկնդրին քաջ հայտնի ողբերգական պատմական փաստի
հիշատակմամբ։ Սեպտեմբերի 11-ի ահավոր ողբերգությանը հիշողությամբ
հարություն տալը դարձավ լսարանին խաբելու նախաբանը՝ իբր Իրաքը մասնակից է
եղել սեպտեմբերի 11-ի դեպքերին, եւ այդպիսով հարձակում է գործել Միացյալ
Նահանգների վրա, եւ թե իբր Միացյալ Նահանգներն այլ ընտրություն չունեին,
քան իրաքյան ագրեսիայից պաշտպանվելն էր, եւ վերջապես, եթե Ամերիկան
չպայքարի ահաբեկիչների դեմ, նրանք մեծ պարսերով կանցնեն օվկիանոսն ու
կհարձակվեն Միացյալ Նահանգների վրա։

Քանի որ բելետրիստիկան պատմական օրենքներին չի ենթարկվում, Բուշը
պարտավորված չէր հիշելու իր ավելի վաղ արած եւ ոչ մի կասկածի չենթարկված
հայտարարություններն Իրաքում «զանգվածային ոչնչացման զենքի» առկայության
(ավելի ճիշտ՝ դրա զայրույթ հարուցող բացակայության) մասին, կամ ԱՄՆ-ի
համար հաջողությամբ սկսված ռազմական կամպանիայի անհաջող շարունակության
մասին, կամ այն փաստի, որ Իրաքի բռնազավթումն այդ երկիրը դարձնում է
ահաբեկիչների հավաքագրման կենտրոն։ Նույն կերպ Բուշը պարտավոր չէ հիշել
այն փաստը, որ Իրաքի ապստամբ ուժերն ամենեւին էլ վերջին շնչում չեն, կամ,
որ այսօր Միացյալ Նահանգները կանգնած են շատ բարդ ընտրության առջեւ։

Նրա ելույթում առավել տագնապահարույց էր տարածաշրջանային անվտանգության եւ
իրաքյան գլուխկոտրուկի հետ դրա կապի քիչ թե շատ լուրջ քննարկման
բացակայությունը։ Այդ կապը միանգամայն որոշակի վտանգ է պարունակում։
Ամերիկան կարող է դառնալ մի երկիր, որը ոչ մի կապ չունի Մերձավոր Արեւելքի
հետ՝ գլխավորապես հենց իր՝ Բուշի գործունեության պատճառով։ Շատ բան է
կախված նրանից, թե Միացյալ Նահանգներն Իրաքում ինչքան երկար կհետապնդեն
անհասանելի նպատակներ, եւ նրանից, թե ԱՄՆ-ը կսկսի՞ զբաղվել Իսրայելի եւ
Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման ընթացքով, ինչպես նաեւ նրանից, թե
Ամերիկան Մերձավոր Արեւելքում ինչպե՞ս կպաշտպանի ժողովրդավարության
շահերը։

Տ.Պ.