Ցերեկային քունն առողջարար եւ կարեւոր է երեխայի զարգացման համար: Բժիշկներն ու հոգեբանները բազմաթիվ հետազոտություններ են կատարել ու մշակել մի մանրամասն աղյուսակ, թե քանի ժամ երեխան պետք է քնի գիշերը եւ քանի ժամ` ցերեկը:
Ցանկացած մայրիկի անհանգստացնում է իր փոքրիկի անկանոն քունը: Իրենց կյանքի առաջին երկու-երեք տարում երեխաների օրգանիզմում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Օրեցօր մեծանում է նրանց ակտիվությունը` հետեւաբար եւ՝ հոգնածությունն ու լարվածությունը: Շատ ծնողներ անհանգստանում են, բայց նաեւ չեն կարողանում կարգավորել երեխայի քունը: Օրինակ` երեխաներ կան, որոնց ցերեկվա քունն անհրաժեշտ է, եւ առանց մայրիկի ջանքերի էլ՝ քնում են: Երեխա էլ կա, որ խաղի կամ պարապմունքի ընթացքում մի քիչ հանգստանալն է էներգիա ու լիցքեր տալիս: Ամեն դեպքում մասնագետները գտնում են, որ ճիշտ չէ երեխային պարտադրաբար քնեցնելը: «Չկա ավելի բռնի, հիմար ու անշնորհք արարք, քան երեխային քնել ստիպելը, երբ նա քնել չի ուզում կամ հոգնած չէ, եւ ուտել ստիպելը, երբ նա քաղցած չէ»,- ասում է լեհ բժիշկ-մանկավարժ Յանուշ Կորչեկը: Նաեւ պետք է խոստովանենք, որ երեխայի ցերեկվա քունը մեզ ավելի անհրաժեշտ է, քան երեխաներին:
Մասնագետների` մանկաբույժների ու հոգեբանների կարծիքով՝ ցերեկվա քունը գիշերվա քնին չի խանգարում: Այն թեորեման, որ երեխան ցերեկը չքնելով լավ կքնի գիշերը, իրեն չի արդարացնում: Կամ ծնողներից շատերն են փորձում ցերեկը «քնեցնել» երեխային, որպեսզի երեկոյան հյուր կամ մի այլ տեղ գնան: Արդյունքում ստացվում է բոլորովին հակառակը` նյարդային փոքրիկ, որը չի հասկանում, թե ինչ են բոլորն իրենից ուզում, գերհոգնած ծնողներ ու փչացած տոնակատարություն: Իսկ այս ամենի մեղավորը խեղճ փոքրիկն է, որ պարզապես հոգնել է: Նման դեպքերում խորհուրդ չի տրվում երեխային ցերեկը քնեցնել մի կերպ: Ոչինչ, եթե նա սայլակի մեջ կամ մայրիկի ձեռքերին քնի:
Որոշ ծնողներ էլ փորձում են երեխային ցերեկը «հոգնեցնել», որ գիշերը լավ քնի: Այս երեւույթն էլ պակաս բռնություն չէ: Այս դեպքում կարող է խանգարվել նաեւ գիշերվա քունն, ու երեխան հոգնածությունից չկարողանա քնել:
Եթե փոքրիկը հրաժարվում է ցերեկվա քնից, դա չի նշանակում, որ նա հանգստի կարիք չունի: Երեխաները շատ են սիրում հստակ եւ անփոփոխ ռեժիմ: Այս պատճառով պետք է սովորեցնել, որ ճաշից հետո նա պետք է հանգստանա: Ապահովեք տանը լռություն եւ համոզեք, որ դուք ոչ թե քնում եք, այլ հանգստանում եք, ու ասենք` պատմեք նրա համար մի հեքիաթ: Հավատացեք, սա իսկապես օգնում է` դատելով սեփական փորձից:
Երեխաներ էլ կան, որ մանկապարտեզում ճաշից հետո հանգիստ քնում են, իսկ տանը` ոչ: Ինչ արած` այստեղ արդեն գործում է կոլեկտիվի ուժը: Այս տարիքում երեխաները միմյանցից շատ բան են ընդօրինակում: Գոյություն ունի մի քանի կանոն, որոնց պետք է հետեւել, որպեսզի երեխայի գիշերվա կամ ցերեկվա քունը օգուտ բերի.
Աշխատեք, որ երեխան սովորի մենակ քնել: Հնարավորություն տվեք նրան հանգստանալու իրեն հարմար դիրքով, առանց ձեր միջամտության` օրինակ` ծնողների անկողնում քնելը: Երբեք քունը պատժելու միջոց մի դարձրեք: Կարելի է դաստիարակչական նպատակով երեխային ուղարկել սենյակ կամ դուռը փակել, բայց պետք չէ նրան սպառնալ քնելով: Պետք է քնելու համար տրամադրող միջավայր ստեղծել` միացնել ցածր երաժշտություն կամ տալ իր սիրած խաղալիքը: Եվ վերջապես երեխային պետք է ընտրելու եւ որոշելու հնարավորություն տալ: Այսինքն՝ թող երեխան ինքն ընտրի, թե որ գիշերային շապիկն է ուզում հագնել եւ որ հեքիաթն է ուզում լսել: Օրինակ, չի կարելի հարցնել. «Ուզո՞ւմ ես պառկել քնելու». պատասխանը, բնականաբար կլինի «ոչ»: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ «հիմա՞ ես ուզում պառկել, թե՞ 10 րոպե հետո»: Այս դեպքում երեխան ուրախանում է, որ իր հետ հաշվի են նստում եւ կարծիք հարցնում, եւ նա էլ չի հակաճառում:
Ընդհանրապես գոյություն չունեն այնպիսի տվյալներ, որտեղ ասվում է, թե երեխան ինչքան պետք է քնի նորմալ զարգացման համար: Օրինակ` Իզրայելի հետազոտական ինստիտուտներում կատարված հետազոտությունների համաձայն, 2-3 տարեկան երեխան պետք է քնի 11 ժամ գիշերը եւ 2 ժամ ցերեկը: Իհարկե, երբեմն հենց այս տարիքում են երեխաները հրաժարվում քնից:
Իսկ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների համաձայն` պարզվում է՝ համակարգիչը երեխաներից պարզապես խլում է քունը: Նրանց տվյալներով՝ 4-10 տարեկան բրիտանացի երեխաների երկու երրորդի սենյակում դրված է համակարգիչ ու հեռուստացույց, բջջային հեռախոսների մասին էլ խոսք չկա: Հետեւաբար, նրանց քնի ժամը զգալի կրճատվում է: