Ապրիլի 1-ը հումորի օրն է, եւ այդ օրը պաշտոնապես կարելի է ծաղրել, ծիծաղել ու նմանակել: Եվ չմտածել հետեւանքների մասին, քանի որ ապրիլմեկյան ծաղրը իր շրջանակներն ունի ու բարեհաջող կավարտվի արդեն ապրիլի 2-ին: Երգիծական մենախոսություններով հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանն ասաց. «Ապրիլի 1-ին մենք պաշտոնապես իրարից չենք նեղանալու եւ բոլորս իրար կատակով սիրելու ենք»: Հումորի օրվա նախօրեին երգիծանքն ու հումորը մասնագիտություն դարձրած դերասանները, գրողներն ու նկարիչները բացօթյա ասուլիս էին կազմակերպել ու թեթեւակի իրարանցում ստեղծել Երեւանի Օպերայի շենքի մոտակայքում (Օպերայի հարակից հրապարակը փակ է, եւ օգտագործվել էր Արամ Խաչատրյանի արձանը): Երգիծաբան Սամվել Բաղդասարյանն ասաց, որ իրենք անցյալ տարի չէին նշել հումորի տոնը, քանի որ վրա էին հասել մարտի 1-ի իրադարձությունները: «Մթնոլորտը ուրախ դարձնելու համար մեծ աշխատանք ունենք անելու, բայց հասարակությունն ինքը պետք է գտնի ուրախանալու միջոցը»,- ասաց նա: Երգիծանկարիչների ասոցիացիան «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրել էր «Ճգնաժամը համը հանեց» ծաղրանկարների ցուցահանդեսը, որին մասնակցող նկարիչները օրաթերթերի էջերից հորդող թեմաների ու հասարակական արդի խնդիրների արտացոլողներն են: Նրանց աշխատանքներում հստակ երեւում է, որ երգիծանքի անսպառ թեմաների աղբյուրը քաղաքականությունն է, փնթի կենցաղն ու սուտ կուռքերը: Ներկայացված էին նաեւ քաղաքական գործիչների ծաղրանկարները: Պաշտոնական ուրախությունների շրջանակները արտացոլվեցին նաեւ ծաղրածուների, աճպարարների, նաեւ` թատերական ներկայացումների մեջ: Իսկ որպես սեփական մտքերը ազատ ու հումորով ներկայացնելու նախադեպ` կազմակերպվել էր նաեւ ստորագրահավաք Հյուսիսային պողոտայում: Թեման` կո՞ղմ եք արդյոք, որ ապրիլի 1-ը ոչ աշխատանքային օր լինի: Շատ արդիական հարցադրումներից մեկն էլ նախագահի աշխատակազմում խեղկատակի հաստիք ստեղծելու անհրաժեշտությունն էր: Ի դեպ` այդ օրը իրական շքանշաններ ու կոչումներ հանձնվեցին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երգիծանքի ասպարեզում ներդրված նշանակալի ավանդի համար (նաեւ Երգիծանքի ու հումորի օրվա առթիվ) վաստակավոր նկարչի կոչում է շնորհել ծաղրանկարիչներ Վլադիմիր Աբրոյանին եւ Գեորգի Յարալյանին, իսկ գրող-երգիծաբան Հրանտ Ղազարյանին շնորհվել է մշակույթի վաստակավոր գործչի կոչում: