«Մինյակ մեր Քյավառն ա էս վիճակի»

19/07/2005 Նատա ՈՍԿԱՆՅԱՆ

Բայց թե այսօր Խալդին հեռացել է քաղաքից. քարուքանդ փողոցներ, անօգուտ,
բայց կանգուն խորհրդային շենքեր, ասենք՝ «ԺՏՎ ըօՑՈ», «Հյուրանոց»,
գործարանային տարածքներ, մարած դեմքեր:

Գավառ քաղաքում 2003թ. տվյալներով բնակչությունը կազմում է 26.000 մարդ
(1996թ.-ին 40.000 էր), մեծ մասը՝ ծերեր: Տղամարդիկ հիմնականում արտագնա
աշխատանքի են: Քաղաքում մնացած երիտասարդները զբաղվում են մանր առեւտրով:
Աղջիկները մտածում են՝ մի հարուստ տղա լիներ՝ առներ-տաներ, «նստում են
թախտին, իշկում են բախտին»՝ քյավառցու լեզվով ասած:

«Քյավառն իսկապես շատ է փոխվել: Գործունյա մարդիկ հեռացել են, մնացել են
անաշխատունակ ծերերը: Քյավառում ժամանակին մարդիկ հարուստ են եղել, փողը
ներդրել են քարի մեջ՝ տուն են սարքել: Քյավառցիներն ընդհանրապես
պատվախնդիր մարդիկ են: Բայց հիմա թողնում են իրենց հսկայական տներն ու
ընտանիքներով Երեւան տեղափոխվում, որպեսզի մի երկու կոպեկ հայթայթեն եւ
իրենց երեխաների համար գոնե ինչ-որ բան արած լինեն»,- ասում է Գավառի
քաղաքապետարանի Մշակույթի, կրթության եւ սպորտի բաժնի պետ Անահիտ
Նաջարյանը:

Ոչ էլ խմում են Քյավառում՝ հանած համբավի չափով, ու կարտոֆիլն էլ չգիտես՝
ո՞ւր է թաքնված: «Սաղ սուտ է, ոչ մի կարտոշկայով էլ չի ապրում Քյավառը՝
մենակ արտագնա աշխատանքով»,- ասում է «Կաֆե» վերտառությամբ կիսատ-պռատ
ներկած «բուդկա»-ձեռնարկության տերը՝ Լյովա Կողպեցյանը:

Այս տարվա համար Գավառին պետական բյուջեից հատկացվել է 90 մլն դրամ:
«Շնորհակալ ենք, որ ավելացրել են այս տարվա դոտացիան՝ շուրջ 29 մլն-ով», –
ասում է Գավառի քաղաքապետ Գրիշա Հովեյանը: Բայց թե, մեկ է՝ չի բավարարում:

«Այսօր քաղաքի ամենամեծ պրոբլեմն աշխատատեղ փնտրելն ու գտնելն է»,- նշում
է քաղաքապետը: Քաղաքում չի գործում ոչ մի ձեռնարկություն, բացառությամբ
հացի փռի եւ շուկայի:

Ժամանակին Գավառում գործել են բազմաթիվ գործարաններ, շատերը՝ Մոսկվայի
անմիջական ենթակայությամբ: «Ինչո՞ւ այստեղ 35 գործարան կար, ոչ ոք չգիտի:
Հիմա ոչ մի իմաստ չկա վերաբացել հին գործարանները: Ո՞վ է գնելու այդ
կոնդենսատորները: Այլ բան է պետք այստեղ: Գեղարքունիքն՝ ընդհանրապես եւ
Գավառը՝ մասնավորապես ապրում են գյուղատնտեսությամբ»,- ասում է
Գեղարքունիքի Տարածքային զարգացման բրիտանական ծրագրի ղեկավար Կորյուն
Դանիելյանը:

Գործարանները «փլվեցին», տեխնիկական վերնախավը՝ չքացավ, գաղթեց:
«Տեխնիկական ինտելիգենցիան հեռացավ այստեղից՝ իր հետ տանելով
քաղաքակրթությունը. հիմա Քյավառը մրափում է միջնադարում»,- ասում է
Կորյուն Դանիելյանը:

Հետաքրքիր է Գավառի հայտնի Կաբելի գործարանի ճակատագիրը. այն վերանվանվեց
«Գեղամա ՓԲԸ» ու տեղափոխվեց Դիմիտրով (Ռուսաստան)՝ իբրեւ աշխատող հետը
տանելով մոտ 100 գավառցի: Պարզվում է՝ գործարաններն էլ են գաղթում:
«Այնպիսի պայմաններ են ստեղծված, որ այստեղ չի լինում գործ անել. խոշոր
մաքսային տոկոսներ` հումքի վրա, հումքն էլ՝ պղինձը, դե մոտիկ տեղ կա, բայց
չի բավարարում պահանջներին»,- ասում է քաղաքապետարանի գլխավոր աուդիտոր
Ավետիք Նազարյանը: Քաղաքապետ Գրիշա Հովեյանի խոսքերով՝ կաբելի գործը
կարելի էր վերականգնել, եթե թարմացվեր Քաջարանի պղնձի արդյունահանման
տեխնոլոգիան ու ապահովվեր 70% խտանյութ՝ եղած 60%-անոցի փոխարեն:

Գրիշա Հովեյանի խոսքերով՝ տնտեսության այստեղ հնարավոր բոլոր ճյուղերի
զարգացումը նշանակալի ներդրումներ է պահանջում՝ լինի դա նախկինում հայտնի
«Սեւան» թթու ջրի արտադրությունը, բազալտի հանքերի շահագործումը, թե,
այսպես կոչված, «դաբախանայի»՝ կաշվի ու բրդի արտադրությունն ու մշակումը:
Ի դեպ, ներկայումս կաշին Վրաստանով Թուրքիա է «գնում»:

– Ձուկ էլ արդեն չկա. շատ քիչ է,- ասում է քաղաքապետը: Ձկնորսության ծախսը
մեծ է՝ եկամտի համեմատ, արդյունքում՝ ձուկ բռնելն էլ են թարգում: Տուրիզմը
հնարավոր չէ, քանի որ Սեւանի այս ափը ծանծաղ է ու անհրապույր:

Քաղաքապետարանի գլխավոր աուդիտոր Ավետիք Նազարյանի կարծիքով՝ հարկային
արտոնություններ են պետք, որ արտադրողը շահագրգռված լինի Գավառում
արտադրություն դնել, ոչ թե միայն Երեւանում, Արտաշատում: Բայց թե
«Կառավարությունում էլ ասում են՝ բոլորն էլ ուզում են նման
արտոնություններ: Հո մեկին չե՞նք տրամադրելու, մյուսին՝ ոչ»: Ու այդպես,
ոչ մեկին էլ չեն տրամադրում:

Աղքատության վերացման ազգային ծրագրի շրջանակներում՝ արդեն երկու տարի է,
ինչ Գավառում գործում է Հայաստանի Տարածքային զարգացման՝ Գեղարքունիքի
ծրագիրը: Չորսուկեսամյա ծրագրով գումարը նախատեսված է հիմնականում
իրավիճակի վերլուծման ու զարգացման խթանման ծրագրերի մշակման համար, փոքր
չափով՝ իրագործման համար: Ըստ ծրագրի ղեկավար Կորյուն Դանիելյանի՝ նպատակն
է՝ օգնել գործարարներին՝ չհեռանալ Գավառից: «Գեղարքունիքը գյուղատնտեսական
շրջան է. հարկ է սովորեցնել, թե ինչպես զարգացնել կարտոֆիլագործությունը,
ինչպես բիզնես վարել: Խորհրդային Միությունում երբեւէ էլիտար սերմեր չեն
եղել, այժմ դրանք բերվում են Հոլանդիայից: Այս հողում պետք է ստեղծել մի
համակարգ, որը կապահովի Հայաստանը, ինչո՞ւ չէ՝ նաեւ Վրաստանը, կարտոֆիլի
սերմով ու պարենային կարտոֆիլով: Մի խոսքով՝ պետք է կարտոֆիլագործությունը
դարձնել մարզի մասնագիտացում»,- ասում է Կորյուն Դանիելյանը:

Բացի այդ, ծրագիրն աշխատում է ավելի նպաստավոր պայմաններով վարկերի
հնարավորության ստեղծման ուղղությամբ: «Այսօր վարկերը շատ թանկ են. դրանք
տրվում են 20%-ով: Մեր նպատակն է՝ հեշտացնել վարկերի ստացումը, նվազեցնել
ռիսկն ու մարդկանց սովորեցնել, թե ինչպես բիզնես վարել»,- ասում է Կորյուն
Դանիելյանը:

Իսկ մինչ ծրագրերը կմշակվեն ու արդյունք կտան, Գավառում հատուկենտ մարդիկ
գտնում են հատուկենտ զբաղմունքներ: Օրինակ, մոտակա՝ Կարմիր Գյուղից գալիս,
սենյակ են վարձում Գավառում եւ գորգ գործում: Հետո էլ, երբ տեսնում են, որ
«տակը բան չի մնում», խնդրում են քաղաքապետին՝ անվճար մի սենյակ տրամադրել:

Ոմանք էլ Սեւանի Գավառյան ափի ծանծաղ ջրերում խեցգետին են բռնում ու վաճառում սրան-նրան:

«Ընկնում են ճամփեքը, տեսնեն՝ գուցե մեկին բոստան փորել կամ մի ուրիշ բան
է պետք, մենակ օրվա հացի փողը վաստակեն,- ասում է քաղաքապետարանի մի
աշխատակցուհի, հետո շարունակում։ -Եթե ուրբաթ՝ քաղաքապետի ընդունելության
օրերին գաք, կտեսնեք, թե ինչ է կատարվում այստեղ: Օգնություն են խնդրում:
Մեկին որ օգնում ես՝ դիմողների շարքն արագ համալրվում է, գալիս են, թե՝ ես
էլ կարիք ունեմ»:

«Մինյակ մեր Քյավառն ա էս վիճակի»,- ասում է գորգագործ կանանցից մեկը:

Գավառի «լավատեսական» լուրերից է վերջերս քաղաքի երաժշտական դպրոցի
նորոգումը «Սեյվ դը Չիլդրն» կազմակերպության միջոցներով, քաղաքապետարանում
Տեղեկատվական վերլուծական կենտրոնի ստեղծումը՝ «Եվրասիա» հիմնադրամի
միջոցներով ու մեկ էլ՝ քաղաքի լուսավորության նորոգումը՝ Գավառի Զարգացման
բարեգործական կենտրոնի ջանքերով. «Կենտրոնը միացնում է ընդհանուր, բայց
ժողովուրդն ա վառում՝ ով կարա»,- ասում է քաղաքապետը:

Մի տեսարժան վայր կա Գավառում՝ Համալսարանը՝ քաղաքի մուտքին տեղակայված
անկախ լիիրավ բուհը եւ ոչ թե ինչ-որ մասնաճյուղ: «Մեր համալսարանը շարժում
է ստեղծում քաղաքում»,- ասում է քաղաքապետը: Համալսարանն ավարտելուց հետո,
որպես կանոն, աղջիկներն ամուսնանում են, տղաներն էլ՝ գնում բանակ:

«Ամեն դեպքում՝ Քյավառում տխուր է կյանքը,- ասում է Անահիտ Նաջարյանը։
-Ուզում ենք միջոցառումներով արհեստականորեն գեղեցկացնել կյանքը, ուժ
հաղորդել քյավառցիներին. չի ստացվում ոչ մի կերպ: Հետաքրքրությունը
երեխաների մոտ մեռել է: Դուրս ես գալիս փողոց՝ մի տեսակ անկենդան մարդկանց
ես հանդիպում: Ես ինքս՝ մշակույթի բաժնի պետ, շատ մտահոգ եմ իմ քաղաքի
համար»: