Որոշվել է չխառնվել

31/03/2009

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է «7-ի գործով» մեղադրվող ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի նամակը, որտեղ նրանք կոչ էին արել իրենց անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշումը չեղյալ հայտարարելու հարցով ԱԺ նիստ հրավիրել: Երեկվա խորհրդակցությանը հրավիրված են եղել նաեւ իրավաբաններ, ըստ որոնց` եթե ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի եւ որոշում ընդունի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր իսկ որոշումը չեղյալ հայտարարելու մասին, ապա ԱԺ-ն իրավաբանական հակասությունների մեջ կմտնի Սահմանադրության հետ: «Ես այն կարծիքին էի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այդպիսի որոշում կայացնել, քանի որ հենց մենք ենք համաձայնություն տվել անձեռնմխելիությունից զրկելու եւ մեր գործընկերներին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, հիմա մենք կարող էինք ուղղակի ԱԺ այդ որոշումը չեղյալ հայտարարել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, թե Հ. Աբրահամյանի հետ քննարկման ժամանակ որոշվել է չխառնվել դատարանի գործերին եւ սպասել, թե դատախազն ինչ քայլեր կիրականացնի: Նշենք, որ ապրիլի

1-ին Հատուկ քննչական ծառայությունը նոր` վերաշարադրված մեղադրանք է ներկայացնելու «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալներին: