Հանդիպել են գերմանացիներին

31/03/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին, նրա հետ ՀՀ ժամանած Գերմանիայի Բունդեստագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեին եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Յոհանա-Մարիա Վիկտորինին: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի՝ Ս.Սարգսյանը չափազանց կարեւորել է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Գերմանիայի հետ, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների հետագա զարգացումը: Գ. Էրլերը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Գերմանական պատվիրակության անդամների հետ երեկ հանդիպել է նաեւ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ ՀԱԿ գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամին, ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման եւ առաջիկա քաղաքապետի ընտրություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա-Յոհանա Մարիա Վիկտորինը եւ ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: