ԵԽ ԽՎ-ն «երգելու է նույն երգը»

31/03/2009

Երեկ Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին Վալենսիա քաղաքում սկսվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որը տեւել է մինչեւ ուշ երեկո:

Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը ներկայացրել են, թե ինչպես է Հայաստանը կատարել 2009թ. հունվարին ընդունված ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի պահանջները: Սակայն երեկ դեռեւս տեղեկություններ չկային այն մասին, թե համազեկուցողներն ինչպիսի շեշտադրումներով են հանդես եկել: Դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը որպես «առաջընթաց» ներկայացրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունները, որոնք, սակայն, իրականում որեւէ ազդեցություն (առնվազն մինչեւ ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանին տրված ժամկետը, այսինքն` երեկ) չեն ունեցել:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ընդունված ԵԽ ԽՎ 1643 բանաձեւով որոշում էր կայացվել չկասեցնել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության քվեարկության իրավունքը: Միեւնույն ժամանակ բանաձեւում նշվել էր, որ Վեհաժողովը շարունակում է «անբավարարված մնալ եւ լրջորեն անհանգստացած է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված անձանց ազատազրկման փաստով, ովքեր, հնարավոր է, որ դատապարտվել եւ ազատազրկվել են քաղաքական շարժառիթներով»: ԵԽ ԽՎ-ն «դժգոհ էր եւ մտահոգված` 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված ազատազրկման մեջ հայտնված մարդկանց վիճակով, ինչպես նաեւ քաղաքական դրդապատճառներով մեղադրված կամ դատապարտված մարդկանցով»: Հիշեցնենք նաեւ, որ նույն նիստում ընդունված 1643 բանաձեւով Հայաստանին ժամանակ էր տրվել մինչեւ երեկվա Մոնիտորինգի նիստը լուրջ տեղաշարժեր ապահովել մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով կալանավայրերում հայտնված քաղաքական գործիչների նկատմամբ: Հենց այս պատճառաբանությամբ էր, որ հունվարյան նստաշրջանում ԵԽ ԽՎ-ն Հայաստանին չզրկեց ձայնի իրավունքից: «Այս պահին Վեհաժողովը որոշում է չզրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից: Վեհաժողովը որոշում է տեղեկացված լինել խնդրի մասին եւ Մոնիտորինգի հանձնաժողովին հրավիրում է ուսումնասիրել այս եւ նախկին բանաձեւերի իրականացման ընթացքը եւ առաջարկել մինչեւ 2009թ. ապրիլյան նստաշրջանը»,- ասված էր ԵԽ ԽՎ ընդունած 1643 բանաձեւում:

Հայ Ազգային կոնգրեսի աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե իրենք «համապատասխան կերպով ներկայացրել են իրավիճակը ԵԽ ԽՎ մարմիններին, այդ թվում նաեւ համազեկուցողներին»: «Մենք բարձրացնում ենք մի քանի հարց: Նախեւառաջ, փաստորեն, օրենքի փոփոխություններից հետո (Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների), հակառակ բոլոր պնդումների եւ հավաստիացումների, քաղբանտարկյալները շարունակում են մնալ բանտում. նկատի ունեմ «7-ի գործը»: Երկրորդը, որ փաստորեն չի կիրառվում ժամանակից շուտ բանտարկյալներին ազատելու մեխանիզմը, եւ երրորդը` նույն ԵԽ ԽՎ որոշումների համաձայն՝ բոլոր այն մարդիկ, որոնք դատապարտված էին բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, պետք է ազատվեին»,- ասել է Լ. Զուրաբյանը: Նա նշել է նաեւ, որ իրականում չեն կատարվել ԵԽ ԽՎ մի շարք պահանջներ, ինչի վերաբերյալ ՀԱԿ-ն իր նկատառումները գրավոր ներկայացրել է ԵԽ համապատասխան մարմիններին:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցել է նաեւ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին, թե` ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ընդդիմության անունից ներկայացվելիք հարցերի վերաբերյալ կա՞ն որոշակի պայմանավորվածություններ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցչի միջեւ, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, նա չի դիմել ՀԱԿ-ին` համապատասխան տեղեկություն կամ օժանդակող նյութեր ստանալու համար, որը նրան կզիներ այդ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստի աշխատանքների համար»: