Ինչպես Հայաստանում

31/03/2009

Կիրակի օրը Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրվել են բազմաթիվ միջադեպեր, այդ թվում՝ բռնություններ եւ փոխհրաձգություն: Ըստ թուրքական գործակալությունների հաղորդագրությունների` բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ, կան 50-ից ավելի վիրավորներ, այդ թվում` ոստիկաններ: Հիմնական բախումները տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արեւելյան ու կենտրոնական շրջաններում: Դիարբեքիրի մի արվարձանում թեկնածուներից մեկը մահացել է սրտի կաթվածից` ընտրողների հետ սուր վիճաբանության ժամանակ: Իսկ Թուրքիայի 81 նահանգների տասնյակ քաղաքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել են 13 կուսակցություններ: Ընտրություններին մասնակցել է 48 մլն մարդ: Նախնական արդյունքներով, ընտրություններում հաղթել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 40%-ը: Էրդողանն արդեն իր դժգոհությունն է հայտնել այդ արդյունքներից: Նա մասնավորապես ասել է, թե դժգոհ է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ստացած ձայների քանակից: Էրդողանը հատկապես դժգոհ է Դիարբեքիր եւ Անթալիա քաղաքներում հավաքած ձայների թվից: Նա հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում Թուրքիայի 11 խոշոր քաղաքներից իրենք պարտվել են ընդամենը մեկում: «Մեր կուսակցությունն ուշադիր կզննի արդյունքները եւ կհամարի դրանք՝ որպես ընտրազանգվածի կամքի դրսեւորում, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ դեպքերում,- ասել է Էրդողանը` ավելացնելով,- Մենք մեծ ներդրումներ ենք կատարել Անթալիայում, գումարներ, որոնք երբեւէ չէին ծախսվել մեր երկրի պատմության մեջ: Ակնհայտ է, որ բոլոր այդ ծառայությունները չեն գնահատվել»: Էրդողանը հերքել է «Հանրապետական» եւ «Ազգային շարժում» կուսակցությունների թեկնածուների կողմից հնչող ընտրակեղծիքների մասին մեղադրանքները: Նշենք, որ իշխող կուսակցության մրցակիցները, մասնավորապես, կասկածում են, որ Անկարայում էլեկտրաէներգիայի անջատումներն ուղղված են եղել ընտրության ձայները կեղծելուն, ինչին վարչապետը պատասխանել է, որ «հոսանքի անջատումը որեւիցե ազդեցություն չի ունեցել ընտրության արդյունքների վրա»: Հիշեցնենք, որ 2007-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած իշխող կուսակցությունը ստացել էր ձայների 47 %-ը: