Վարդանիկի գործով

31/03/2009

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը որպես համայնքային սեփականություն վաճառելու համար: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` Շիրակի մարզի դատախազություն ներկայացրած դիմումում մատնանշված հանգամանքների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող Գյումրու Օզանյան փողոցի 1-ին հասցեի 0,81 հա հողամասից 116 քմ հողամասն առանձնացնելով որպես համայնքապատկան հողամաս, 26.05.08թ. ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը գնել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գ.Մանուկյանի որդին՝ Գեւորգ Մանուկյանը: Գնած հողամասը գրանցելու նպատակով վերջինս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանմանը: Նույն ստորաբաժանման հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Ա. Գրիգորյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողամասը չափագրելուց հետո տվել է դրական եզրակացություն, որի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողամասը 08.07.2008թ. պետականորեն գրանցվել է Գեւորգ Մանուկյանի անվամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ըստ որի՝ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ` դիմումում նշված հանգամանքների ստուգման արդյունքներով Ոստիկանության քննչական բաժնում 24.03.09թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիշեցնենք, որ անցած տարի Գյումրիի քաղաքապետի ընտրություններից առաջ Գյումրիի նախկին եւ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ ծագած տարաձայնությունները կապված էին հենց նշված պատմության հետ: