Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2009թ. համաշխարհային Համախառն ներքին արդյունքը կնվազի 1.7 %-ով: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հարցերով ՀԲ գլխավոր տնտեսագետ Ժելկո Բոգետիչը: Ըստ նրա, եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում այս տարի ՀՆԱ-ն կկրճատվի 2.9 %-ով: Իսկ զարգացող երկրներում, Բոգետիչի խոսքերով, ՀՆԱ-ն կաճի 2.2 %-ով: Միաժամանակ նա ասել է, որ զարգացող երկրների հետ կապված սպասվում են նախկին կանխատեսումների զգալի բացասական փոփոխություններ: Բոգետիչի խոսքերով, համաշխարհային ՀՆԱ-ի աճ հնարավոր է 2010թ.` 2.3 %-ով: «Տնտեսական աճը հնարավոր է, սակայն այն հարցականի տակ է»,- ներկայացնելով 2010թ. համար վերը նշված կանխատեսումը, ասել է նա: ՀԲ կանխատեսումներով, համաշխարհային առեւտրաշրջանառության ծավալը 2009թ. կնվազի 6.1 %-ով, սակայն 2010-ին հնարավոր է՝ այդ ցուցանիշը վերականգնվի եւ նույնիսկ աճի 3.9 %-ով: Բոգետիչը ներկայացրել է նաեւ ՀԲ կանխատեսումները` կապված նավթի համաշխարհային գների հետ: Ըստ այդմ, միջին տարեկան կտրվածքով 2009թ. նավթի համաշխարհային գինը 1 բարելի համար կկազմի 47.8 դոլար: 2010թ., ըստ ՀԲ-ի, նավթի 1 բարելի արժեքը կհասնի 52.7 դոլարի: Առաջիկա 2 տարիներին, ՀԲ-ի գնահատմամբ, նավթի համաշխարհային գինն էականորեն չի փոխվի եւ կպահպանվի ցածր մակարդակի վրա: Բոգետիչի խոսքով, այս տարի նկատվում է դեպի զարգացող երկրներ կապիտալի հոսքի նվազման միտում: Խոսելով ՌԴ-ի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի զգալի ազդեցության մասին, Բոգետիչը նշել է, որ դա տեղի է ունեցել 2 հիմնական պատճառով` Ռուսաստանի տնտեսության մեծ կախվածությունը նավթի գներից եւ կապիտալի ներհոսքը եւ բանկերի կողմից վերցված արտաքին փոխառությունները: Անդրադառնալով 2009-2010թթ. համաշխարհային տնտեսական զարգացման հեռանկարներին, ՀԲ տնտեսագետն ասել է. «Կանխատեսումները անմխիթար են»: