«Digitec-2005»

19/07/2005

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երեւանում, ՆՓԱԿ-ի ցուցասրահում կկայանա
տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային «Digitec-2005» ցուցահանդեսը,
որն, ըստ կազմակերպիչների՝ նախորդներից կտարբերվի նրանով, որ
ցուցահանդեսին առաջին անգամ կներկայացվեն ոչ միայն համակարգչային տեխնիկա
եւ աքսեսուարներ, այլեւ, ինչն ամենակարեւորն է, տեխնոլոգիական լուծումներ:
Մեզ հետ զրույցում ցուցահանդեսի գործադիր տնօրեն Աննա Վարդանյանը նշեց, որ
ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել այնպիսի աշխարհահռչակ
ընկերություններ, ինչպիսիք են ամերիկյան «Ինտել», «էյչ Փի», «Թրի Փլեյդ»,
շվեդական «Տելենոռ», տեղական «Նաթք» ընկերությունն՝ իր «E-dram»
էլեկտրոնային վճարման համակարգով, «Յունիքոմփ», «Կոմպաս», «Միգմա» եւ
«Արմինկո» ընկերությունները: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ
ցուցահանդեսին կմասնակցեն մոտ հարյուր արտասահմանյան եւ տեղական
ընկերություններ: Ի դեպ, մասնակիցների թվում կլինեն նաեւ այլ ոլորտների
ընկերություններ, որոնք կներկայանան ինչպես սեփական տեխնոլոգիական
լուծումներով, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի
ներկայացուցիչների կողմից առաջարկվող լուծումների սպասելիքներով: