Նոր անակնկալներ

31/03/2009

«Մինչ մեր զեկույցն ու ակնհայտ հանցագործություններ պարունակող տեսաերիզը հանրությանը ցնցեց, Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի անդամներն անգամ ցնցվեցին, իշխանությունը ոչ մի գնահատական չտվեց, հանձնաժողովը ոչ մի իրավական գնահատականի չարժանացրեց: Մեր արածը ոչ մի հետեւանք չունեցավ, բացի Շոթա Վարդանյանի կարգի մի երկու հոգու հրավիրելուց եւ պարզաբանում ստանալուց, հանձնաժողովը ոչինչ չարեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է 2008 թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Նա տեղեկացրել է նաեւ, որ իրենք արդեն փոխել են հանձնաժողովի գործունեության մարտավարությունը եւ հիմա սպասում են, թե ինչ կանի փաստահավաք խումբը, ինչպիսի եզրակացություն կտա Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը, որից հետո հանրային հանձնաժողովը հերթական անակնկալը կմատուցի իշխանությանը: «Եթե իրենք մեր զեկույցից ու փաստագրական ֆիլմից հետո անձնական բնույթի որակումներից եւ մեղադրանքներից այլ հետեւություններ չարեցին, մենք էլ կսպասենք, տեսնենք` իրենք ինչ են անելու, դրանից հետո կասենք մեր արածը»,- ասել է նա: