Բուժիչ նամակներ

31/03/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Ժենշենի (մարդարմատ) բուժիչ հատկությունները

Չինական իմաստությունն ասում է. «Անտառային կենդանիների արքան վագրն է, ծովային կենդանիների արքան` վիշապը, իսկ ահա անտառային բույսերինը` ժենշենը` մարդարմատը»:

Դեռեւս 1700-ականներին այս արմատի կատարած հրաշքների մասին սկսեցին խոսել ողջ Եվրոպայում եւ տվեցին panacea անվանումը, որը նշանակում է՝ «համադարման բոլոր չարիքներից»: Իսկ հետո բույսի արտաքին տեսքի համար նրան անվանեցին ginseng, որ չինարենից թարգմանաբար նշանակում է մարդ-արմատ` այդ արմատը շատ նման է մարդու կազմվածքին: Ժենշենի պաշտոնական արտահանողը համաշխարհային շուկա, 1910 թվականից, Կորեան է:

Ժենշենն օգնում է ցանկացած թուլության, ֆիզիկական կամ հոգեկան գերհոգնածության ժամանակ, օգնում է մարսողությանը, կարգավորում է սրտի աշխատանքը, շնչարգելությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Այն նույնիսկ շատ լավ է տեսողությանը:

Իսկ երգչուհի Անիտա Ցոյը պատմում է. «Ինձ ամեն ձմեռ փրկում է ժենշենի արմատից պատրաստված թուրմը: Վերցնում ենք մեծ չափի բողկ ու վերեւի մասը կափարիչի նման կտրում, հետո դանակով հանում ենք միջուկն ու 1 ժամի չափ պահում գոլորշու վրա: Հետո գոլորշու վրա պահում ենք ժենշենի արմատը, որպեսզի փափկի, ու գցում ենք այն բողկի մեջ` վրան լցնելով մեղր, ու ծածկում բողկի նախօրոք կտրված մասով: Այսպես թողնել 1 օր ու հետո ընդունել թեյի գդալով օրը 3 անգամ: Հազն ու մրսածությունը շատ են վախենում իմ այս դեղատոմսից»:

Ժենշենից պատրաստվող սպիրտային թուրմ. դրա համար անհրաժեշտ է վերցնել 15 գ ժենշենի չորացրած արմատ, 500 գ 30 տոկոսանոց սպիրտի լուծույթ: Արմատն ինչքան կարողանաք ամրացնել, այնքան ավելի լավ կլինի: Եվ այս ամենը միասին թրմել սենյակային ջերմաստիճանում, մութ տեղում եւ մոտ 2 շաբաթ: Հետո այն սկսել ընդունել 5-25 կաթիլ, օրվա մեջ 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Երեխաների համար չափաբաժինը ցանկալի է ճշտել բժշկի հետ: Առհասարակ բուժման կուրսը 90 օր է: Իսկ յուրաքանչյուր 30 օր հետո պետք է 10 օր ընդմիջում տալ: Ժենշենի վնասակարության տոկոսը շատ ցածր է, բայց ինչպես ասում են` ամեն ինչ օգտակար է չափավոր: Դրա չափից շատ օգտագործումը կարող է հասցնել մահացու թունավորման:

Պատրաստում են նաեւ ժենշենի մեղր: 1 կգ մեղրը տաքացնում ենք գոլորշու վրա ու ավելացնում 20 գ աղացած ժենշենի փոշի: Հետո այս խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ ու 2 շաբաթ թողնել սենյակային ջերմաստիճանում, մութ տեղում: Այն եւս օգտագործվում է նույն չափաբաժնով, ինչպես սպիրտային թուրմը: Երեխաների դեպքում` նորից ցանկալի կլինի հարցնել բժշկի խորհուրդը: Ժենշենային բուժամիջոցները հակացուցված են` գերդրդված վիճակների դեպքում, անքնությամբ ու հիպերտոնիայով տառապողներին, աթերոսկլերոզ ու սրտային անբավարարություն ունեցողներին, հղիներին ու կերակրող մայրերին, ինչպես նաեւ՝ մինչեւ 12 տարեկան երեխաներին: Ժենշենային բուժում ստանալու համար ճիշտ կլինի ստանալ բժշկի թույլտվություն: Իսկ բուժման ժամանակ խիստ կերպով արգելվում է ալկոհոլային խմիչքի օգտագործումը:

Մեր տատիկների մեթոդները

Ինչ անել, երբ ուտելիքը կանգնում է կոկորդին. ընդհանրապես նման դեպքերում մենք սկսում ենք խփել տուժողի մեջքին, բայց ավելի օգտակար մեթոդ էլ կա: Կանգնել տուժողի մեջքի ետեւում, երկու ձեռքով գրկելով նրան, սեղմել պորտի ու կրծքավանդակի արանքում ընկած հատվածը` դեպի վեր: Այս ժամանակ օդի ճնշումը շնչուղիներում բարձրանում է եւ ստիպում, որ կերակրի մնացորդը դուրս գա:

Ասթմայով տառապողների վիճակը թեթեւացնող մեթոդ.

Գարնանը հավաքել մայիսյան եղինջ, չորացնել ու դարձնել փոշի, պատրաստել դրանով ցիգարկա` ձեռքով պատրաստած ծխախոտագլանակ, եւ ծխել: Արագ հանում է հեղձուկի նոպան: