«Ներկայիս ճգնաժամի հետեւանքով ԱՄՆ բանկերի գումարային կորուստները հասնում են առնվազն մեկ տրիլիոն դոլարի»,- նման գնահատական է տվել ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգի (ՖՊՀ) նախկին ղեկավար Ալան Գրինսպենը` երեկ անգլիական «Ֆայնենշլ թայմս» թերթում հրապարակված հեղինակային հոդվածում: Նա արձանագրել է, որ այսօրվա ճգնաժամի սկսվելու պահին ամերիկյան բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 12 տրիլիոն դոլար: Ըստ Ալան Գրինսպենի, 2008 թվականի վերջին բանկերը որպես վնասներ դուրս են գրել 500 միլիարդ դոլար, սակայն նրանք դեռեւս պետք է հայտարարեն եւս 500 միլիարդ դոլար լրացուցիչ կորուստների մասին: ՀՊՀ նախկին ղեկավարը դրական է գնահատել բանկերի կապիտալի ամրապնդման ուղղությամբ ԱՄՆ կառավարության գործողությունները, որոնց արդյունքում պետբյուջեից արդեն նրանց է տրամադրվել 250 միլիարդ դոլար: