Ինչպես վախեցնել երեխաներին

28/03/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ առավոտյան Ազգային ժողովի բակում հավաքվել էին բազմաթիվ դպրոցականներ, որոնց «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» ղեկավար Խաչիկ Մարոզյանը կանգնեցրել էր աստիճանների վրա եւ ինչ-որ փորձ էր անցկացնում: Ավելի ուշ պարզվեց, որ այդ ասոցիացիայի անդամ թվով 160 աշակերտներ` Արցախից, Ջավախքից, Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից, եկել են ԱԺ` ծանոթանալու ԱԺ գործունեության մանրամասներին:

Բավականին զվարճալի այդ միջոցառումը տեղի էր ունենում ԱԺ Նիստերի դահլիճում: Նախագահությունում նստած էին ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը: Սկզբում Ա. Աղաբեկյանը սկսեց խոսել «Զինապարտության մասին» օրենքի մասին: Երեխաներին մխիթարեց` ասելով, թե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ այսուհետ զինծառայությունը դառնալու է 3 տարի: Հետո սկսեց բացատրել, թե որքան լավ բան է բանակում ծառայելը: «Եթե առաջ տղաները բանակ չէին գնում, աղջիկները նրանց չէին սիրում, նրանց հետ չէին ամուսնանում, ասում էին` հաստատ հիվանդ ես, դրա համար քեզ բանակ չեն տարել: Դրա համար պետք է այնպես անենք, որ տղամարդը դողա, ասի` ի՞նչ անեմ, որ մի կերպ բանակում ծառայեմ, որ ամուսնանալու ժամանակ խնդիրներ չունենամ, սիրած աղջիկս համաձայնվի ինձ հետ ամուսնանալ»,- ասաց Արթուր Աղաբեկյանը: Չնայած դահլիճում նստած ոչ բոլոր երեխաներին էր հասու Ա. Աղաբեկյանի` տղամարդու իդեալի մասին պատմող պատմությունը, քանի որ նրանք ընդամենը 4-5-րդ դասարանի աշակերտներ էին, այդուհանդերձ, Ա. Աղաբեկյանը որոշեց երեխաներին այդ թեմայի շրջանակներում նաեւ այլ «ոգեւորող, հայրենատենչ» օրինակներ բերել. «Ուրիշ օրինակ էլ ասեմ. ովքեր սովետական ֆիլմեր շատ են նայել, կտեսնեն, թե էդ ո՞նց եղավ, որ ամենասիրուն աղջիկները միշտ սիրահարվել են զինվորականների վրա, որ աղջկա ուշադրությունը միշտ սեւեռված է այդ երիտասարդի վրա: Հաստատ այդ ֆիլմերում իշխող տրամադրություններն իշխում են նաեւ հասարակության մեջ: Այդ ֆիլմերում ցույց էին տալիս, թե ինչպես մի զինվոր 7 հանցագործի փռեց գետնին»: Բնականաբար, նա իր «հայրենասեր» պատմությունը համեմեց նաեւ Ղարաբաղյան պատերազմի օրինակներով: Ա. Աղաբեկյանը պատմում էր, թե 1993թ. շատ աղջիկներ հարցնում էին` ինչո՞ւ իրենք չեն ծառայում. «Կարող է դա ինչ-որ տեղ ասում էին՝ ասելու համար, բայց եթե մենք ճիշտ զարգացնեինք այդ միտքը, ապա մենք կարող է դրանով տղաներով, այսպես ասած` թասիբի գցեինք նրանց, որ նրանք հասկանային ու ասեին, որ իրենք անպայման ծառայելու են բանակում` անկախ ամեն ինչից: Այսինքն` երկրի պաշտպանության հարցում կարեւոր են հասարակության մեջ իշխող տրամադրությունները»,- ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը: Նա հետո սկսեց պատմել, թե երբ մութ ու ցուրտ տարիներ էին, սով էր, եւ «մարդիկ գիշերներն էին թաղումներ անում, որ հարեւանները չտեսնեն, որ սավանով են թաղում», հայկական բանակը «մեկ օր սոված չի եղել, մեկ օր առանց փամփուշտ չի եղել»: «Մեր ժողովուրդը հզոր ժողովուրդ է»,- այս տխուր պատմության վերջում իր խոսքն այսպես եզրափակեց ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը: ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե Ազգային ժողովը «որպես բաց ամբիոն, պատրաստ է լսելու հանրության բոլոր շերտերի տեսակետները, նրանց հոգսերն ու մտահոգությունները»: «ԱԺ նախագահի որդեգրած քաղաքականությունն է՝ անարձագանք չթողնել հասարակությանը հուզող որեւէ խնդիր: Խորհրդարանը որդեգրել է հանրության ձայնը լսելի դարձնելու սկզբունքը եւ բաց է հասարակության հետ երկխոսության համար»,- ասաց Ն. Զոհրաբյանը` տեղեկացնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցում այդ քննարկմանը, քանի որ կարեւոր հանդիպում ուներ:

Այնուհետեւ աշակերտներից ոմանք նախապես գրված ելույթները ձեռքներին՝ բարձրացան ԱԺ ամբիոն: Աշակերտուհիներից մեկը սկսեց դժգոհել սերիալների վատ նշանակության մասին` ասելով, թե դրանք «դաստիարակչական վատ» հետեւանքներ են ունենում, «խախտում են մարդու ներաշխարհը, եւ նա կորցնում է հավատն ապագայի նկատմամբ»: Սակայն, երբ Ն. Զոհրաբյանը դահլիճում նստած աշակերտներին հարցրեց, թե ովքեր են նայում սերիալներ, բացի ամբիոնի մոտ ելույթ կարդացող աշակերտուհուց, գրեթե բոլորը ձեռք բարձրացրին: Հետո դահլիճում աշակերտների միջեւ վիճաբանություն սկսվեց. «Դու ինչի՞ ձեռք չես բարձրացնում, դու չե՞ս նայում»: Իսկ երբ աշակերտներից մեկին Ն. Զոհրաբյանը հարցրեց, թե ինչո՞ւ է նա սերիալ նայում, տղան անկեղծ պատասխանեց. «Որովհետեւ այնտեղ իրականության մոտ բաներ կան: Ես ուզում եմ դերասան դառնալ, բայց Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի նման, ոչ թե այդ սերիալների»: Արթուր Աղաբեկյանն էլ աշակերտներին հորդորեց այդ սերիալների ձայնով տղաներին չհավատալ ու չփորձել նրանց նմանվել, քանի որ «նրանք իրական կյանքում շատ վախկոտ մարդիկ են»: Այս նախադասությունից հետո Ա. Աղաբեկյանը հեռացավ դահլիճից եւ այլեւս չվերադարձավ: