Ցածր գիտակցությունն է որոշում շքեղ կեցությունը

28/03/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի էտիկետի իր կանոնները: Ասենք, եթե Լյուդովիկոս 14-րդի օրոք` ազնվական կամ քաղքենի, պարտադիր պիտի գիտենային, որ մարդաշատ վայրերում կամ սեղանի շուրջ վատ դաստիարակության եւ անքաղաքավարության նշան է մարմնիդ վրայով վազվզող լվին բոլորի ներկայությամբ սատկացնելը, այսօր քաղաքավարության այս կանոնը անաքրոնիկ է ու անգամ ծիծաղելի: Սակայն այն իրավիճակը, որն այսօր ողջ աշխարհին պարտադրում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ենթադրում է վարքագծի որոշակի, թերեւս, բոլորի համար ունիվերսալ կանոններ, որոնք թեեւ ոչ մի տեղ ամրագրված չեն, սակայն այդ մասին ինչ-որ տեղ կարդալ ամենեւին էլ անհրաժեշտ չէ. դա ենթադրվում է ինքնաբերաբար:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ենթադրում է որոշակի սրբագրումներ ոչ միայն տարբեր երկրների կառավարությունների աշխատանքում, այլեւ մարդկային գիտակցության եւ այդ գիտակցությամբ պայմանավորված կեցության վրա: Հայաստանի վիճակագիրները պարզում են գործազուրկների, աշխատանքի տեղավորման գործակալություններ դիմող քաղաքացիների` օրեցօր աճող թվերը: Նույն պատկերն է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, անգամ ամենազարգացած երկրներում: Սակայն մի շատ էական տարբերությամբ: Արտասահմանում, հատկապես եվրոպական երկրներում շփումների եւ ոչ մի մակարդակում, փողոցներում, հասարակական վայրերում հնարավոր չէ տարբերակել` ով է մեծահարուստ, ով` շարքային ծառայող, ով` գործազուրկ: Դոմինանտ է պարզությունը` սկսած արտաքին տեսքից` վերջացրած մարդկային փոխհարաբերություններով: Հայաստանում տնտեսական ճգնաժամն ավելի է սրել թշվառների թշվառությունը եւ քաղքենիների` ամեն գնով հարուստ երեւալու ցանկությունը: Ինտերնետային կայքերից մեկում օրերս հարցազրույց էր տեղադրված աշխարհի ամենահարուստ մարդու` Բիլ Գեյթսի հետ: Ի տարբերություն հայաստանյան մեծահարուստների` Բիլ Գեյթսն ամենեւին էլ մկանուտ եւ հաղթանդամ չէ, ունի ՀՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի շարքային աշխատակցի տեսք: Մեր շատ մեծահարուստներից տարբերվում է եւս մի ատրիբուտով` ակնոց է կրում, քանի որ գրքերի, համակարգիչների հետ ամենօրյա աշխատանքը որոշակիորեն ազդել է նրա տեսողության վրա: Զրուցակցի հարցին, թե ֆինանսական ճգնաժամն ինչպե՞ս է փորձում հաղթահարել, եւ որքանո՞վ է այն անդրադարձել նրա կենցաղի վրա, Գեյթսը պատասխանում է, որ ինքը թե՛ ճգնաժամից առաջ, թե՛ հիմա նախընտրում է համեստ կենցաղը, հետեւաբար՝ այդ հարցում որեւէ էական սրբագրումներ չի արել: Աշխարհի ամենահարուստ մարդու կարծիքով՝ ինքն այն դեպքում է իր ծախսած գումարը համարում նպատակային եւ խելամիտ, երբ այն ներդնում է գիտության ու կրթության ոլորտում: Առավել հաճույք է ստանում բարեգործություն անելիս: Գրագետ եւ աշխարհի՛ մասշտաբով մեծահարուստների պատկերացումները հարստության ու շքեղության մասին լրիվ հակասում են կյանքի եւ փողի քանակի մասին մեր` հայաստանյան ծագում ունեցող գործարարների, օլիգարխների պատկերացումներին: Բիլ Գեյթսը, ինչպես հիշատակում են ինտերնետային կայքերը, կրում է էժան շրջանակով ակնոց, քանի որ ակնոցի թանկարժեք շրջանակի իմաստը որեւէ կերպ չի կարողանում ընկալել: Ինչպեսեւ չի հասկանում՝ ի՞նչ իմաստ ունի աստղաբաշխական գումարներ հատկացնել, ասենք, փողկապին: Կարծել, թե աշխարհի հզորները կամ իրենց աշխատասիրությամբ եւ գրագիտությամբ միլիարդատեր դարձած մարդիկ հեքիաթային գումարներ են հատկացնում իրենց հագուստին, աքսեսուարներին կամ հանգստին, այնքան էլ այդպես չէ: Մի երկու տարի առաջ, եթե հիշում եք, զավեշտական պատմություն եղավ, որի հերոսն ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն էր: Երբ նրանից ճամփորդության ընթացքում գողացել էին ձեռքի ժամացույցը, ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ այդ ժամացույցն իր համար թանկ է միայն վրայի մակագրությամբ, իսկ նրա իրական արժեքն ընդամենըգ հիսուն դոլար է: Եվ գողացողին խնդրել էր առանց երկար մտածելու` ժամացույցը վերադարձնել իրեն:

Այն մարդկանց համար, ովքեր կյանքի իմաստը ամենեւին չեն կապում էկրաններից իրենց թանկարժեք շվեյցարական ժամացույցները շողշողացնելու հետ, այնքան էլ բարդ չէ հաղթահարել ճգնաժամի ընթացքում սպառնացող որոշակի բարդությունները: Այսինքն` լավ դաստիարակությունը, քաղքենիության մերժումը ճգնաժամը մասամբ մեղմելու ամենեւին էլ երկրորդական միջոց չեն: Օրերս մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ նախագահի նախկին օդանավով ԱԺ երկու հայտնի պատգամավորներ ընտանիքների հետ ուղեւորվել են Դուբայ` հանգստանալու: Ընդ որում, ըստ հրապարակման, նրանք տեղավորվել են աշխարհի ամենաթանկ` «Բուրջ ալ-արաբ» հյուրանոցում, ուր 1 օր գիշերելու արժեքը 1 անձի համար 7000 եվրո է: Ուրիշի գրպանի գումարը հաշվելն այնքան էլ ազնիվ գործ չէ: Ի վերջո, մարդն իր միջոցներով կարող է հանգստանալ որտեղ եւ ինչպես ցանկանա: Պարզապես այն մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ շքեղության նման գրոտեսկային աստիճան, որը պայմանավորված է ոչ թե փողի քանակով, այլ նրանց աշխարհայացքով, կյանքի, լավի ու վատի մասին ընկալումներով, այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում ունեն լուրջ դերակատարություն, եւ իրենք են թելադրում խաղի կանոնները: Ավտոմեքենաների շարասյունը, որ ուղեկցում է հայաստանյան բոլոր օլիգարխներին, որոշ թաղապետերի, նախարարների, այն շռայլությունները, որոնք թույլ են տալիս նրանք, խոսում է ընդամենը չհղկված ճաշակի եւ ցածր գիտակցության մասին: Առհասարակ, շքեղության իմիտացիան թափանցել է ամենուր, հատկապես շոու-բիզնես: Բավական է դիտել մեր երգիչ-երգչուհիների տեսահոլովակները, ուր շքեղության պատրանքն այնքա՜ն սուր է աչքի զարնում: «Հայաստան» խորագրով հազարավոր անդեմ երգերից մեկն էլ կատարում է Ռուզան Ավետիքյան երգչուհին: Կլիպի սյուժեն սա է. երգչուհին փայլուն եւ թանկարժեք հանդերձները՝ հագին, վերադառնում է Երեւան, նստում է «Զվարթնոց» օդանավակայանի մատույցներում կայանած, իր կոստյումի նման շքեղ ավտոմեքենան, ապա երգելով շրջում Հայաստանով մեկ: Ինչպես եւ ակնկալվում է, հասկանալի էր, ճանապարհին հանդիպում է բացառապես երջանիկ մարդկանց` հայրենիքի սահմանները պահպանող զինվորականների, հող մշակող ռամիկների, եւ այլն: Բոլորը երջանիկ են: Այստեղ է, որ Բենդերը կասեր. «Այդքան երջանիկ, եւ ազատության մե՞ջ»:

Ի դեպ, ՀՀ վարչապետը, երբ տակավին նոր էր նշանակվել այդ պաշտոնին, ի լուր ամենքի հայտարարեց, թե պետք է փոփոխություն մտցնի մեծահարուստների, օլիգարխների կենցաղավարության մեջ: Դատելով արդյունքներից` այդպես էլ եղավ. եթե առաջ նրանք երկրից երկիր էին տեղափոխվում բիզնես կլասով, այժմ դա անում են երկրի նախագահի ինքնաթիռով եւ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը եւ վարչապետը կուսակցությունների ղեկավարներին թախանձում էին ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմացման հարցում իշխանություններին միայնակ չթողնել: