Պայքար՝ ընդդեմ խաղատների

28/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում հրապարակված «Փակեք կազինոները» բաց նամակով հարյուրավոր հայ ընտանիքների մայրեր, կանայք, սովահար մանուկներ դիմել էին ՀՀ նախագահին եւ վարչապետին մեր հանրապետությունից խաղատները արմատախիլ անելու խնդրանքով:

«Մենք` հայ մայրերս եւ կանայք, պահանջում ենք հետաքրքրվել 300.000 խեղաթյուրված ճակատագրերով, ազգի վաղվա օրով, փակել «ժամանցի կենտրոնները», դրանք մեզ պետք չեն: Մենք խնդրում եւ պահանջում ենք Ձեզանից կրկին անգամ վերացնել, արմատախիլ անել այդ չարիքը ՀՀ-ից»,- գրում էին նրանք նամակում: Երեկ մենք հանդիպեցինք բաց նամակի հեղինակներից մի քանիսի հետ, ովքեր խնդրեցին չհրապարակել իրենց անունները: «10 տարի առաջ եմ իմացել, որ ամուսինս խաղատներ է գնում: Սկզբից կարծում էի, թե կանցնի, հետո, երբ ծախեցինք մեր դաչան, ոսկեղենս, ես հասկացա, որ այլեւս որեւէ բան չենք կարող անել»,- նշում է կանանցից մեկը` հիշելով ամուսնու արարքները: Կինը պատմում է, թե ընտանիքի անդամներն ինչ լարվածությամբ էին սպասում ամուսնու տուն գալուն, ավելի ճիշտ` հերթական խաղը պարտության մատնած մի մարդու, ով ընտանիքի անդամների վրա էր թափում ձախողված խաղի ամբողջ զայրույթը: «Նա անգամ չէր արդարանում, ասում էր` լավ եմ անում, էլի կխաղամ, հետո՞»,- հիշում է կինը: Վերջինիս հիմա հուզում է ոչ թե ամուսնու ճակատագիրը, ում առողջությունն արդեն վատ է, այլ թոռնիկի ապագան, որը կարող է շարունակել պապի արարքը: «Այ, դրա համար եմ սկսել պայքարել: Մինչեւ ե՞րբ են էդ խաղատներով մեր տները քանդելու: Հասկանում եք, ինչքան մարդիկ են ինքնասպան եղել խաղատնից դուրս գալուց հետո»,- ասում է նա: Իսկ կանանցից մեկն էլ հիշեց իր հարազատներից մեկին, ով այդ հողի վրա ինքնասպանության չորս փորձ էր կատարել: «Իմ ազգականն է: 27 տարեկան տղա է: Չեք պատկերացնի, թե նա ինչ խելացի մարդ է, բայց ի՞նչ օգուտ, երբ հիվանդ է: Արդեն վաճառել է տվել տունը: Խաղատնից դուրս գալուց հետո էլ նա չորս անգամ ինքնասպան լինելու փորձեր է արել: Ամեն անգամ տանը նամակ էր թողնում, որտեղ ծնողներին գրում էր, որ իրեն սպանելու է, որովհետեւ չի ուզում, որ նրանք տանջվեն իր համար»,- ասում է կինն ու նկարագրում, թե տղայի ծնողներն ինչպես են կանխել փորձերը, ովքեր ամեն անգամ սեղանին գտնում էին նամակ, որտեղ որդին ասում էր, թե որ կամրջից է ցած նետվելու: Եվ, բարեբախտաբար, ծնողները միշտ էլ հասնում էին այն պահին, երբ որդին ուզում էր ցած նետվել: Հետո կանայք հիշեցին այլ դեպքեր, երբ մայրը երեխայի կաթի փողն է տանուլ տվել, հայրը` հացի փողը` հույս ունենալով, թե խաղատանը իրենց բախտը կժպտա: «Մեր խաղատներում շահումը 0 տոկոս է: Ու գիտե՞ք, թե ովքեր են գնում` սոցիալապես անապահով խավի մարդիկ, ովքեր վերջին փողերն են դնում, որ կրկնապատկեն, բայց հետո հագի շորերն էլ են գրավի տակ դնում` դուրս գալիս»,- ասում են կանայք: Ճիշտ է, նրանք երբեւէ չեն գնացել խաղատուն, բայց խաղատան ներսում կատարվող իրադարձությունների մասին տեղյակ են խաղատների դեմ պայքարում ընդգրկված կանանց ամուսիններից մեկի միջոցով: Վերջինս ասել է կանանց, որ խաղատուն մտնելուց հետո պատերին գրված է, որ՝ եթե դու խաղամոլ ես, գործ չունես մեզ մոտ: Այնուհետ տղամարդը ներկայացրել է խաղատան բարեսիրտ ղեկավարների հոգածությունը, ովքեր խաղացողներին անվճար հյուրասիրում են կոկտեյլներով, սիգարներով, անգամ բացել են գրավատներ, որտեղից խաղացողներին պարտքով գումար են տրամադրում: «Մեր խմբում էսօր կան էնպիսի մարդիկ, ովքեր խաղամոլներ են ու պայքարում են իրենց դեմ: Մեր երիտասարդներից շատերն էսօր կործանման եզրին են: Նրանց ձեռքն երկու կոպեկ ա ընկնում, տանում են խաղատանը թողնում, էլ ի՞նչ ընտանիք պիտի կազմեն: Հա, մեկ-մեկ էլ կազմում են ու դժբախտացնում աղջիկներին»,- ասում են կանայք, ովքեր արդեն սկսել են պայքարը, որին, ըստ նրանց, միանալու է ամբողջ հասարակությունը: «Կառավարությունը պիտի էս կազինոները փակի: Մի քանի տարի առաջ կառավարությանը թվացել է, թե լավ որոշում է կայացրել` կազինոների քաղաքից դուրս բերելու մասին: Իսկ ո՞րն ա քաղաքից դուրսը` Արգավա՞նդը: Ռուսաստանում հես ա բոլոր կազինոները տանելու են Սիբիր, էլ ալկոհոլիկ ռուսը կարա՞ հասնի Սիբիր, բայց դե մեր ալկոհոլիկներն Արգավանդ հասնում են մի քանի րոպեում»,- ասում են կանայք` պահանջելով, որ կազինոները փակվեն, քանի ազգով չենք ոչնչացվել: Մինչդեռ սրան դեմ են խաղատան հարեւան արգավանդցիները:

Այլ իրականություն կամ՝ հայկական Լաս Վեգասում

Արգավանդի բնակիչները գոհ են իրենց հարեւաններից ու այն մտքից, որ իրենք ապրում են հայկական Լաս Վեգասում: «Հա, մենք ընտիր հարեւաններ ունենք: Ո՞վ ասաց, թե նեղություն են տալիս: Մարդիկ գնում են հանգիստ խաղում ու դուրս գալիս, մենք, էսքան տարի ա, էստեղ ենք ապրում` մի փոքր աղմուկ էլ չենք լսել»,- մեզ հետ զրույցում ասացին Արգավանդի բնակիչները: Նաեւ ասացին, թե ինչո՞ւ են պայքարում միայն խաղատների դեմ, թող պայքարեն լոտոների դեմ, կամ էլ շահում ունեցող խաղերի դեմ: «Գնացողը գնալու ա, չգացողն էլ չի գնալու»,- զրույցի վերջում նշեցին նրանք: Նույն կարծիքն ունեին նաեւ խաղատների հարեւանությամբ գտնվող կահույքի վաճառքի որոշ կետերի աշխատակիցները: «Քույրիկ ջան, մենք ո՜ւր, խաղատունն ո՜ւր` ոչ տեսնում ենք, ոչ էլ լսում»,- պատասխանեցին վաճառողները, որոնցից միայն մի քանիսն անկեղծացան: Նրանցից մեկը պատմում էր, թե ինչպես է բանվորներից մեկը, ով օրական ստանում է 3000 դրամ աշխատավարձ, ամեն իրիկուն աշխատանքային օրվա ավարտից հետո գնում խաղատուն ու տանուլ տալիս գումարը: «Հա, բայց էդտեղ ի՞նչ կա: Ես էլ եմ խաղում: Կարո՞ղ ա հիվանդ եմ` չէ: Ես հո միլիոններ չե՞մ դնում, 10.000, 8000 դրամը շա՞տ ա: Ուղղակի հետաքրքիր ժամանց ա»,- ասաց վաճառողներից մեկը` թվարկելով խաղատան ներսում իրականացվող անվճար ծառայությունները` թե ինչպես են սիգարներ, կոկտեյլներ, սուրճ հյուրասիրում: Իսկ Արգավանդի խանութներից մեկի վաճառողուհին էլ նշեց, որ խաղատան ներսի կյանքի մասին ինքը շատ լավ գիտի: «7 տարի աշխատել եմ կազինոյում: Սպանության դեպքե՞ր` բա ոնց չեն եղել: Եղել ու մնացել են պատերի ներսում: Ես ինքս էլ ականատես եմ եղել մի քանի դեպքերի»,- ասում է աշխատակիցը: Վերջինիս հետաքրքրում էր միայն այն, թե ինչո՞ւ էի հարցնում: «Կարող ա՞ ուզում եք աշխատել կազինոյում»,- հարցրեց նա ու շտապեց սպասարկել հերթական գնորդին: Հարեւան վաճառողն էլ ավելացրեց, թե սա մի մեծ խաղ է, որտեղ պետք չէ խառնվել, ու ամեն բան գալիս է «վերեւներից», քանի որ խաղատները գործում են բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հովանավորության ներքո: «Դե արի ու պայքարի, բայց ո՞ւմ դեմ, ինչի՞ համար»,- նշեց նա: