«Հայջրմուղկոյուղին» ցանկանում է փակել Սեւան քաղաքում տեղակայված ընկերության հյուսիս-արեւելյան մասնաճյուղը: Երեկ մասնաճյուղի գլխավոր գրասենյակի աշխատակիցները մայրաքաղաք էին եկել իրենց դժգոհությունն արտահայտելու այդ որոշման կապակցությամբ:
Մասնաճյուղը համակարգում է Կոտայքի, Գեղարքունիքի ու Լոռու մարզերի մոտ 70.000 բաժանորդների ջրամատակարարումը: Այժմ ընկերությունում որոշել են լուծարել այս մասնաճյուղն ու դրա աշխատանքները բաշխել մյուս 3 մասնաճյուղերի վրա: Երեկ Երեւան ժամանած աշխատակիցներին ընդունել են Ջրային պետական տնտեսության կոմիտեի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանն ու «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Ֆրանսիացի տնօրենը մասնաճյուղը փակելու որոշումը բացատրել է ողջ ընկերության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Աշխատանքների արդյունավետությունը գտնելու համար Ժամանակ առ ժամանակ պետք է կառուցվածքային փոփոխություններ անել»,- ասել է Պ.Լորենը:
«Հայջրմուղկոյուղու» աշխատանքների արդյունավետության փնտրտուքի ճանապարհին Սեւանի մասնաճյուղի մոտ 60 աշխատողներ դառնալու են գործազուրկ: Իհարկե, ֆրանսիացի Պ.Լորենը ուրախ չէ եւ ցավում է դրա համար: Մեզ հետ զրույցում նա նաեւ ակնարկեց, թե այդ աշխատակիցների մի մասը աշխատանքի կտեղավորվեն ընկերության այլ մասնաճյուղերում: «Այո, մեզ էլ ասեց այդ մասին: Ինչ է, Երեւանում մարդ չկա՞, Սիսիանում մարդ չկա՞, որ աշխատեն, մեզ են տանում: Կամ մենք ո՞նց պիտի ամեն օր էդքան ճանապարհ կտրենք Երեւան աշխատանքի գալու համար: Սուտ են ասում, փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որ չբողոքենք, իրենք իրենց սեւ գործն անեն»,- ասում էին Սեւանի մասնաճյուղի աշխատողները:
Հանդիպման ժամանակ ընկերության ղեկավարները մարզից եկած աշխատակիցներին ասել են, թե մասնաճյուղը Սեւանում սեփական մասնաշենք չունի, իսկ վարձակալությունը «թանկ է նստում»: Աշխատակիցները համաձայն չէին այս հիմնավորման հետ: Նրանց խոսքերով՝ 2 ամիս առաջ ընկերությունը մասնաշենքի համար ամսական 800 հազար դրամ վարձ էր վճարում, հիմա վճարում է 400 հազար դրամ: Բացի այդ, ապրիլի 1-ից 140 դրամից մոտ 180 դրամ է դառնում ընկերության կողմից մատակարարվող ջրի 1 խ/մ-ի արժեքը: Վարձավճարների հավաքագրումն էլ հասցրել են մոտ 95 տոկոսի: «Էդ ինչպե՞ս եղավ, որ մինչեւ հիմա ձեռ էր տալիս, հիմա` ձեռ չի տա: Իրենք թանկանոց ջիպերով են ֆռֆռում, մեր մասնաճյուղի աշխատանքն էլ, որ հասցրել ենք բարձր արդյունքի, իրենց ձեռ չի տալիս»,- ասում էին ընկերության աշխատակիցները` հասկանալի պատճառներով չցանկանալով նշել իրենց անունները:
Բազմիցս է գրվել, որ վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի կազմակերպման ժամանակ կառավարիչներն իրենց համար նույն վարկերից շքեղ մեքենաներ ու գրասենյակներ են ձեռք բերում: Իհարկե, այդ շքեղ ծախսերի արժեքը մտնում է մատուցվող ծառայության ծախսերի մեջ, որը հետո պետք է վճարեն ապագա սերունդները: Այս առումով բացառություն չեն նաեւ ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունները, եւ սեւանցիների դժգոհությունը կարելի է արդարացի համարել:
Տեղեկացնենք, որ «Հայջրմուղկոյուղին» 2004թ. կառավարման է հանձնվել ֆրանսիական «Սաուր» ընկերությանը: 2008թ. հոկտեմբերին այդ ժամկետն ավարտվել է, սակայն ՀՀ կառավարությունը 2 տարով երկարացրել է պայմանագիրը: 2004թ. ջրամատակարարման աշխատանքները բարելավելու համար ՀՀ կառավարությունը ՀԲ-ից ստացել է 25 մլն դոլար վարկ եւ հանձնել է «Հայջրմուղկոյուղուն»: Այդ ընթացքում ընկերությունը պետական բյուջեից ստացել է նաեւ մոտ 5 մլրդ դրամի ֆինանսավորում:
«4 տարի առաջ եկան ու ասացին, թե ծրագրի ավարտին շուրջօրյա ջրամատակարարում կունենաք: Հիմա իրենց գրաֆիկում նշված է, որ օրական 8 ժամ ջրամատակարարում ունենք, բայց իրականում 1-2 ժամ են տալիս»,- ասում էին սեւանցիները:
«Դուք տեղյա՞կ եք, որ օրական 1-2 ժամ ջուր ունենք կամ օրերով ջուր չենք ունենում: Խնդրում եմ, թարգմանեք՝ թող իմանան: Մենք գիշեր-ցերեկ գրասենյակում աչք ենք քոռացնում, գլխավոր հաշվապահին որ պարգեւատրեցիք, մեզ ինչո՞ւ չհիշեցիք: Մենք չէի՞նք աշխատում»,- Պ.Լորենի աշխատասենյակից լսվում էր աշխատողներից մեկի ձայնը:
Սեւանցիների կարծիքով՝ իրենց մասնաճյուղը լուծարում են, քանի որ չեն կարողանում լուծել տնօրենի խնդիրը: Տեղական նշանակության չինովնիկներն ու Երեւանի համապատասխան ոլորտի պաշտոնյաները չեն կարողանում իրար մեջ բաժանել, թե հատկապես ո՞ւմ ծանոթ-բարեկամը պետք է զբաղեցնի այդ մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: 7 ամիս առաջ մայրաքաղաքից մեկին տնօրեն են նշանակել, որը չի կարողացել արդյունավետ աշխատել: Աշխատողների ասելով՝ հիմա նա կառավարությունում նոր գործ է գտել, ու այդ պաշտոնը դարձել է կռվախնձոր:
«Բայց դուք այս ճգնաժամի պայմաններում պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում՝ մի փոքր քաղաքում 60 աշխատատեղ փակելը: Դա մեր քաղաքի վրա շատ վատ ազդեցություն է թողնելու: Առանց այդ էլ աշխատանք չկա: Հիմա մեր ընտանիքները հնարավորություն չունենալով` պիտի հոսանքի, գազի, ջրի վինտիլները փակեն, խանութներում առեւտուր չանեն: Մեր մասով հարկերը պիտի չվճարվեն»,- ասում էին սեւանցիները:
Մինչդեռ Պ.Լորենն ասում է, թե կառավարության հետ ունեցած պայմանագիրն իրեն թույլ է տալիս կառուցվածքային ազատ փոփոխություններ անել: Իսկ Սեւանի մասնաճյուղի մոտ 60 աշխատողները պատրաստվում են կատարվածի մասին նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին: