Համարյա առաջինը` վերջից

28/03/2009

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած վերջին զեկույցում Հայաստանը 134 երկրների շարքում գրավել է 114-րդ հորիզոնականը: Կազմակերպությունը, որը շուրջ քառասուն տարի աշխատում է համաշխարհային տնտեսության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ եւ կազմակերպում է Դավոսի տնտեսական համաժողովը, վիճակագրական տվյալները հաշվի առնելուց բացի, հարցումների միջոցով դիտարկել է իրավիճակը 9 ոլորտներում` տնտեսական-քաղաքական միջավայրից մինչեւ գործարար շրջանակներում եւ դպրոցներում համակարգիչների տարածվածության եւ օգտագործման աստիճանը: Ըստ ուսումնասիրության արդյունքների, ամենավատ ցուցանիշը Հայաստանն արձանագրել է տեղական շուկայի մրցունակության ոլորտում` հայտնվելով ցուցակի վերջից երրորդ հորիզոնականում. Հայաստանից վատ արդյունք են ցույց տվել միայն Չադն ու Թիմորը:

Հարցման մասնակիցները նույնքան բացասական են գնահատել նաեւ խոսքի ազատության աստիճանը. այստեղ Հայաստանը հայտնվել է ցուցակի վերջից հինգերորդ հորիզոնականում՝ առաջ անցնելով միայն Lիբիայից, Վենեսուելայից, Եթովպիայից եւ Զիմբաբվեից: Իսկ դպրոցներում ինտերնետի տարածվածության աստիճանով Հայաստանը զբաղեցնում է 103-րդ տեղը: Այն դեպքում, երբ հարեւան Ադրբեջանը 49 հորիզոնականում է, Թուրքիան` 55-րդ, Վրաստանը` 61-րդ: Նշենք, որ ընդհանուր գնահատմամբ, նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանից վատ ցուցանիշ է արձանագրվել միայն Ղրղըզստանում: Իսկ Հայաստանի համար համեմատաբար լավ ցուցանիշ է գրանցվել միայն անձնական համակարգիչների տարածվածության հարցում. Հայաստանը հայտնվել է ցուցակի գրեթե մեջտեղում. ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 10 բնակչից մեկն ունի եւ օգտվում է անձնական համակարգչից: Սակայն, զեկույցի համաձայն, ինտերնետից Հայաստանում օգտվում է յուրաքանչյուր հարյուր բնակչից հինգը. այս հարցում նախկին ԽՍՀՄ երկրները, բացառությամբ Տաջիկստանի, գերազանցում են հայաստանյան ցուցանիշը: Կազմակերպությունը Հայաստանում խիստ ցածր է գնահատել նաեւ գործարար ոլորտում ինտերնետի օգտագործման ու կառավարության կողմից on-line ծառայությունների մատուցման աստիճանը: Այս հարցում նույնպես Հայաստանը ետ է մնում նախկին Խորհրդային Միության երկրներից: