Լինում է, չի լինում, մի աղբակույտ է լինում

28/03/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը Երեւանի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում կազմակերպել էր իր հերթական միջոցառումը, որը կրում էր «Երեխաները երեխաների համար» խորագիրն ու ներկայացնում մանուկ ու պատանի հեղինակների հեքիաթներից կազմված «Արեւի հետքերով» գիրքը:

Մաքուր միջավայր ունենալու պահանջն ու բնության հետ չխզվող կապը երեխաները շատ հետաքրքիր են պատկերել: 11-16 տարեկան պատանի հեղինակների ստեղծագործությունները հասցեագրված են հենց իրենց հասակակիցներին, ու նկարազարդված են նույնպես երեխաների կողմից: «Արեւորդի» փառատոնի ու նշված հիմնադրամի աշխատակիցները նշեցին, որ իրենք հատուկ են ընտրել այնպիսի հեքիաթներ, որտեղ մեծահասակների միջամտության ու խմբագրման կարիքը չի եղել:

Հեքիաթները սովորաբար սկսվում են «Լինում է, չի լինումգ» բառերով ու շարունակվում են` լինում է մի թագավոր, ձկնորս կամ որեւէ մարդ: Այսինքն` բնության «պսակը» համարվող մարդկային էակները: Իսկ Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երիտասարդ բնակիչների հեքիաթները այլ շարունակություն ունեին, այնտեղ լինում ու չեն լինում ծաղիկները, ընկուզենիները, ճաղատ անտառները, փոքրիկ ձկներն ու մեծ փղերը: Լինում են նաեւ դաժան մարդիկ: Ընդ որում` երեխաները շատ լավ զգում են, որ բնությունն այլեւս կարող է եւ չլինել: Հեքիաթներից շատերը բավականին մռայլ ու ոչ երջանիկ ավարտ ունեն: Ճիշտ կլինի ասել` ավարտը թողնված է հաջորդ նախագծերում ավելի դրական զարգացում ունենալու ցանկությանը:

Լինե՞լ, թե՞ չլինելը երեխաները միշտ ավելի սուր են ընկալում, քանի որ ամբողջական են ընկալում բնությունը ու նաեւ` իրենց: Եվ երեխաները շատ լավ «նյութ» են տարբեր էկոլոգիական խնդիրները բարձրացնելու համար: «Արեւորդի» փառատոնն, օրինակ, հենց երեխաների նկարների, փոքր ֆիլմերի ու հանրային ակցիաների շնորհիվ է գերադասում բարձրացնել Հայաստանի աղտոտվածության անհուսալի խնդիրը: Երեխաները մաքրում են փողոցները, նկարազարդում են աղբամանները ու զբաղվում վայրի կենդանիների պաշտպանությամբ:

Բնության պաշտպանությանը միտված ակցիաները հիմնադրամը շատ գունեղ է ներկայացնում: Երեկ, օրինակ, մանկական գրադարանում ծառերի ու ծաղիկների զգեստներ հագած երեխաները թատերականացված դրվագ ներկայացրեցին: Շուտով սպասվելու են նոր ակցիաները, քանի որ գարուն է, ու ամբողջ հանրապետությունը կորել է աղբակույտերի մեջ: Պլաստիկ շշերից ու ցելոֆանե տոպրակներից երեխաները ստեղծելու են «թափոնային» արվեստի գործեր` պլաստիկ ու ապակյա քանդակներ ու նատյուրմորտներ (այդ բառի սկզբնական իմաստի համաձայն` պատկերելու են մեռած բնությունը)` միաժամանակ աղբից ազատելով քաղաքները:

Հիմնադրամը զբաղվելու է նաեւ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների խնդիրներով: Հիմնադրամի աշխատակիցները նշեցին, որ իրենց ուշադրության կենտրոնում հայտնվելու են հայկական մուֆլոնների խնդիրները:

Որպեսզի «Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ակցիաները կոնկրետ արդյունք ունենան, իրենք սեւեռելու են ուժերը Երեւանի Կենդանաբանական այգում պահվող մուֆլոնների կյանքի պայմանների (նաեւ վերջերս այգում մուֆլոնի մահվան պատճառների) ուսումնասիրությանն ու այդ մասին ահազանգելու են քաղաքապետարանին: Չէ՞ որ մարդը «պսակ» չէ, այլ` ընդամենը բնության մի մասնիկը: Եվ այդ մասին գիտեն բոլոր երեխաները, ում համար մի ծառի հատումը կամ մի եղնիկի մահը հսկայական ողբերգություն է: Համենայնդեպս, բոլոր պատանի նկարիչներն ու հեղինակները պատրաստ էին հենց հիմա գնալ ու մաքրել աղտոտված քաղաքն ու վերացնել մեծահասակների գործած սխալները: Ինչպես ասում են` հեքիաթն իրականություն դարձնել: