Ամերիկայում հավաքագրվում է հայկական աուդիոարտադրանքը

28/03/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Մայիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Armenian Music Award» (AMA) երաժշտական մրցանակաբաշխությունը, որը հոբելյանական է լինելու ու տոնելու է իր հիմնադրման 10-ամյակը: Ու չնայած առկա են լինելու բոլոր «աստղային» ատրիբուտները (կարմիր գորգը, լիմուզիններն ու երեկոյան զգեստները), այսուամենայնիվ, այս տարվա մրցույթն այլ ոճ ու այլ նպատակ կունենա, քանի որ փոխվել են մրցանակաբաշխության կազմակերպիչները:

Փաստ է, որ վերջին 2 տարիների ընթացքում մրցույթը վերածվել էր Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «դուստր ձեռնարկությանը», եւ Լոս Անջելեսի «Ալեքս» դահլիճում կարելի էր տեսնել նույն երգիչ-երգչուհիներին, որոնք անընդհատ երեւում էին Հայաստանի հեռուստաէկրաններին, բեմահարթակներին ու մեծ ու փոքր քաղաքական գործիչների քարոզարշավների ժամանակ:

Այս տարի «Armenian Music Award»-ը կրկին վերադարձել է պրոդյուսեր Փիթեր Բահլավանյանին, իսկ մրցանակաբաշխության կազմկոմիտեի խորհրդատու է հրավիրվել երաժիշտ Գոռ Մխիթարյանը, ով լավ ծանոթ է եւ՛ հայաստանյան, եւ՛ համաշխարհային երաժշտական հոսանքներին: Ծնունդով լինելով Վանաձորից, նա այժմ շատ արդյունավետ է համագործակցում ամերիկյան երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչների հետ:

Գ.Մխիթարյանն ասաց, որ այս տարի «Armenian Music Award»-ը ցանկանում է ընդգրկել ողջ սփյուռքի ստեղծագործական ներուժը: Այդ պատճառով էլ նոր անվանակարգեր են մտցրել, բացի զուտ երաժշտական նախագծերից ու երաժշտության հերոսներից` այս տարի մրցույթին կմասնակցեն նաեւ աուդիո-պոեզիան եւ գրական նյութի ձայնագրումները, հատուկ անվանակարգերում ներկայացված կլինեն մանկական ալբոմները, դասական օպերան, էթնիկ երաժշտությունն ու պատարագը: Ժանրային բազմազանությունը նոմինանտներին թույլ կտա ոչ միայն մրցել միմյանց հետ, այլեւ` առաջին հերթին, ծանոթանալ վերջին տարվա ընթացքում կատարված հայազգի ստեղծագործողների աշխատանքներին: AMA-ն իր ներկայացուցիչներն ունի տարբեր երկրներում, որոնք հայ համայնքների ու հայկական մեդիաների միջոցով հավաքագրում են ձայներիզները:

Գ. Մխիթարյանն ասաց, որ ժյուրին «կույր ձեւով» է ընտրելու լավագույններին: 50 հոգուց բաղկացած ժյուրիի ոչ մի անդամ չի իմանալու մյուս անդամների անունները, բոլորը քվեարկելու են ինտերնետի միջոցով` հատուկ իրենց համար նախատեսված ծածկագրերի օգնությամբ: «Ժյուրիին տրամադրվելու է երգերի ու երգիչների համարակալած ցուցակները. ցանկ` առանց երգչի անունը նշելու: Եվ ժյուրիի անդամները պետք է բալային համակարգով որոշեն 5 գլխավոր նոմինանտներին, իսկ հետո` լավագույնին: Փորձելու ենք առավելագույն օբյեկտիվություն պահպանել: Սահմանափակել ենք ժյուրիի անդամների շփումները, որպեսզի որեւէ երգչի «լոբբինգ» տեղի չունենա»,- ասաց նա:

Ակնհայտ է, որ ամերիկահայերի երաժշտական նախասիրությունները շատ ավելի մտահոգիչ են, քան նույնիսկ հայաստանյան փոփ-ճաշակը:

«Իհարկե, ժամանակակից երաժշտության 80%-ն անորակ արտադրանք է: Ո՞ւմ պիտի խաբենք` պնդելով հակառակը: Պարզապես Եվրոպայում ու Ամերիկայում շատ քիչ մարդ է դիտում «աղբաման»-հեռուստաալիքները, իսկ ամերիկահայերը հիմնականում սերիալային հանդիսատես են, եւ որպեսզի իրավիճակը փոխվի, պետք է սերիալներ չնայող սերունդ դաստիարակվի»,- ասում է Գոռը, ով իր աշխատանքին շատ լուրջ է վերաբերվում:

Իհարկե, բավականին վտանգավոր է, երբ արվեստում չափանիշ է փորձում սահմանել մեր սփյուռքը, քանի որ նրա հիմնական էությունը օտար միջավայրում ազգի ինքնությունը պահպանելն է: Սակայն ամերիկյան մրցանակաբաշխությունը ավելի շուտ մեզ` հայաստանցիներիս, որպես ինֆորմացիայի աղբյուր է հարկավոր` իմանալու համար, թե Եվրոպայում, Ավստրալիայում կամ Հարավային Ամերիկայում հայկական ինչպիսի աուդիո արտադրանքներ են ծնվում: Ի դեպ` վիդեոհոլովակներն այնքան շատ են ու, մեծ իմաստով` ոչինչ չասող են, որ կազմակերպիչները որոշել են «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգը մրցույթից դուրս թողնել: Փոխարենը լինելու են ալտերնատիվ երաժշտական մտածողությունն ու պարային կոմպոզիցիաները ընդգրկող անվանակարգերը: «Ուզում ենք տեսնել, թե ինչ է կատարվում հայկական երաժշտական շուկայում ու «քամել» լավագույնը»,- ասում է Գ.Մխիթարյանը, ով տեղեկացրեց նաեւ, որ իրենք փորձելու են հնարավորինս ազատ լինել ու չեն պատրաստվում համագործակցել ո՛չ հայկական, ո՛չ էլ «ամերիկահայկական» կազմակերպությունների կամ պաշտոնական հիմնարկների հետ: