Բաց նամակ

28/03/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Կարդալով մեր թերթի «Առողջություն» խորագրի հրապարակումները` ընթերցողներից շատերը սկսել են արձագանքել եւ ուղարկել իրենց, այսպես ասած, բուժիչ նամակները: Մարդիկ կիսվում են իրենց փորձով ու գիտելիքներով: Գուցե մեկին դրանք թեթեւություն բերեն, մեկին` ուրախություն, իսկ մեկի էլ` կյանքը փրկեն: Այնուամենայնիվ, այդ նամակներում առաջարկվող ժողովրդական բուժիչ միջոցները, խորհուրդները բխում են բնությունից: Այլ կերպ ասած` այդ խորհուրդները խորհրդանշում են մարդու վերադարձը բնություն:

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը` ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Ամայի հողերի ու բացատների արքան

Բույսը, որի մասին մեզ հաճախ են պատմում մեր ընթերցողները, իր անվանումը ստացել է իր բնակավայրերից` ամայի տարածքներից ու բացատներից` (պուստիռի-պուստիռնիկ) առյուծագի: Ավելի հաճախ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է սրտային առյուծագին: Այն օժտված է հանգստացնող հատկությամբ, ընդ որում, ավելի ուժեղ ազդեցություն ունի նյարդային համակարգի կարգավորման գործում, քան կատվախոտը (վալեռիանա):

Ոչ շնչարգելություն, ոչ ճնշում

Մեր գործընկերներից մեկը նշում է, որ տարիների ընթացքում քայքայված առողջությունը վերականգնել է առյուծագի բույսի օգնությամբ: «Սկսեցի բուժվել այս հրաշք բույսի օգնությամբ եւ չընկնել ինչ-որ սննդային հավելումների ու հաբերի ետեւից»: Առյուծագին ոչ միայն լավ իջեցնում է արյան ճնշումը, այլեւ բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի վրա: Թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. առյուծագու չոր տերեւներին ավելացնել 70 տոկոսանոց սպիրտ` 1/5 հարաբերությամբ ու թրմել: Պետք է մնա այնքան ժամանակ, մինչեւ լուծույթը մուգ կանաչ գույն ստանա: Ապա այն քամել ու խմել օրը 3-4 անգամ` 30-40 կաթիլ: Այս պրոցեդուրան կարելի է անել տարվա մեջ 4-5 անգամ` 2 շաբաթ տեւողությամբ: Տարբերությունը կզգաք շատ արագ: Հին Չինաստանում առյուծագին օգտագործվել է գլաուկոմայի հետագա զարգացումը կանխելու համար: Այս հիվանդության ժամանակ պետք է չթողնել, որ աչքի ճնշումը բարձրանա, քանի որ դա կործանարար է աչքի համար, իսկ առյուծագին միզամուղ միջոց հանդիսանալով, կանխել է ճնշման բարձրացումը: Գլաուկոմայի ժամանակ պետք է նաեւ զերծ մնալ սթրեսներից ու նյարդային լարված վիճակներից: Իսկ այս դեղաբույսը հանգստացնում է նյարդերն ու ընդհանուր գերլարված վիճակը: Չինաստանում առյուծագու սերմերը միզամուղ միջոց էին համարվում: 1 թեյի գդալ սերմի վրա լցնել 1 բաժակ գոլ ջուր ու եռման աստիճանի հասցնել գոլորշու վրա, հետո սենյակային ջերմաստիճանի հասցնելով` քամել ու խմել բաժակի 1/3 մասից՝ օրը 1-2 անգամ: Այս պրոցեդուրան կատարել 3 օրից ոչ շատ:

Ինչպես են մեր ընթերցողները պայքարում հազի դեմ:

– 2 ճաշի գդալ եռագույն մանուշակը երեկոյան լցնել թերմոսի մեջ 2 բաժակ եռջրով: Առավոտյան քամել եւ խմել կես բաժակից, ուտելուց 30 րոպե առաջ:

– Եզան լեզվի թարմ տերեւներից քամած հյութին ավելացնել մեղր (1/2 բաժակ հյութին` 1 թեյի գդալ մեղր): Խմել օրվա ընթացքում: Այս բուժամիջոցն օգտակար է նաեւ ստամոքսի խոցի դեպքում:

– Կոճապղպեղի (իմբիր) արմատն ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր ու խմել:

– Իրար խառնել 10 բաժին խնկեղեգի (ՈՌՐ) արմատներ, 8 բաժին տուղտի արմատ (ՈսՑպռ), 4 բաժին տատրակի տերեւ (ՎՈՑՖ-Ռ-ՎՈփպւՈ), 3 բաժին մատուտակի արմատ (րՏսՏՊՍՈ) եւ անիսի պտուղներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռջուր եւ թրմել 20 րոպե, այնուհետեւ քամել թանզիֆով եւ ընդունել յուրաքանչյուր 3 ժամը մեկ:

– Ինչպես գիտենք` ուժեղ ազդեցությամբ է օժտված սխտորը: Եվ այն նույնիսկ օգնում է պնեւմոնիայի ժամանակ, եթե 100 գ սխտորի խյուսին խառնենք 500 գ բադի ճարպ ու այն տաքացնենք եռացող ջրի գոլորշու վրա: Ստացվածը խիտ քսել պերգամենտի թղթի վրա ու դնել կրծքին` կապելով բրդե շորով: Այս բուժումը պետք է անել, 2 շաբաթ հետո հանգիստ տալ 1 շաբաթ, ապա կրկնել մինչեւ լավանալը:

Իսկ մեր ընթերցողներից Երեւանի բնակիչ Ջուլիետա Սահակյանը մեզ է ուղարկել տարիների ընթացքում իր հավաքած դեղատոմսերից: «Ժողովրդական եւ հնագույն դեղաբույսերի ժողովող եմ եւ ունեմ բազմաթիվ եւ բազմաքանակ դեղատոմսեր` տարբեր հիվանդությունների վերաբերյալ, որոնք հայթայթվել են տվյալ հիվանդությամբ տառապող հիվանդներից, որոնք օգտագործելով` բուժվել են` խորհրդակցելով համապատասխան բժշկի հետ»,- գրում է նա: Ջ. Սահակյանը մեզ է ուղարկել դեղամիջոցներ, որոնք օգտակար են մագնիսային փոթորկի ժամանակ թեթեւանալու համար:

– Մագնիսային փոթորկի ժամանակ շատ է օգնում դեղատոմսը, որի համար անհրաժեշտ է 1 պճեղ ճզմած սխտոր, մեկ ճաշի գդալ բնական մեղր, մեկ գդալ քացախ։ Այս բոլորը լավ խառնել եւ ավելացնել 1 բաժակ տաք ջուր։ Խմել առավոտյան քաղցած վիճակում։ Այն լավացնում է արյան շրջանառությունը եւ բարձրացնում դիմադրողականությունը։

– Վերցնել 1 ճաշի գդալ կեչու բողբոջները եւ լավ մանրացնել սրճաղացով, որպեսզի դառնա ալյուրի պես մանր զանգված, ավելացնել 4 ճաշի գդալ հալած ճարպ (սալ) եւ երկար խառնել։ Այս խառնուրդով մերսել քունքերը։

– Հավասար քանակությամբ յուղն ու մեղրը խառնել եւ եռացնել գոլորշու վրա այնքան ժամանակ, մինչեւ միասեռ զանգված դառնա։ Սառելուց հետո քսել ցավոտ հոդերին ու փաթաթել բրդյա շորով, եւ տաք պահել մարմնի ցավոտ մասը։