Հերթականը

28/03/2009

Թմրադեղերի տարածման, ինչպես նաեւ՝ մարդկանց առեւանգելու կասկածանքով ՌԴ Քրեական հետախուզության աշխատակիցները մերձմոսկովյան Միտիշի քաղաքում նախօրեին հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալել են հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող Արսեն Երեւանցի մականունով 30-ամյա «օրենքով գողին»: Մոսկվայի շրջանի ոստիկանության լրատվական բաժնի պետ Գիլդեեւը հայտարարել է, որ բերման ենթարկված Արսեն Երեւանցու մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ հերոին տեսակի թմրանյութ: Նրան սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում՝ ապօրինի թմրանյութեր տարածելու համար: «Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ Արսենը բազմաթիվ մարդկանց է առեւանգել եւ նրանց ազատ արձակելու համար հսկայական գումարներ պահանջել»,- հայտարարել է Գիլդեեւը: Ձերբակալվածը Երեւանի բնակիչ է, իսկ Ռուսաստանում գրանցված է եղել Ժուկովո քաղաքում: