Ֆասբինդերի ֆիլմերը Երեւանում

19/07/2005 Ն.ՈՍԿԱՆՅԱՆ

Երեւանի Ազգային պատկերասրահում մեկնարկեց ամենաերեւելի կինոգործիչներից
մեկի՝ գերմանացի Ֆասբինդերի ֆիլմերի ցուցադրումը: Այս տարի լրանում է
գերմանական կինոյի «նոր ալիքի» հիմնադրի 60-ամյակը, եւ Հայաստանում, այլ
երկրների թվում, կանցկացվի նրա ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրումը՝
գերմաներեն, անգլերեն ենթագրով:

«Ֆիլմերի նկարահանման իմ նպատակը ոչ թե հասարակության վերքերը ցույց տալն
է, այլ մարդկանց ավելի ազատ դարձնելը՝ արտահայտելու իրենց ցավը»,- ասել է
Ֆասբինդերը 1977թ. տված իր հարցազրույցում: Ռեժիսորը վախճանվել է 37
տարեկան հասակում՝ հանդիսատեսին թողնելով իր ըմբոստ կինոարվեստը՝ 44 ֆիլմ:

Պատկերասրահի կինոդահլիճում առաջիկա երկու ամիսներին ցուցադրվող ֆիլմերը
հավաքվել են կինոծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանի ջանքերով: «Ֆիլմեր կան,
որ միայն մեծ էկրանի վրա է պետք նայել, այլ ոչ թե հեռուստացույցի առջեւ՝
գովազդային ընդմիջումներով ու ընթրելիս: «Ցուրտ» տարիներին երեւանյան
հանդիսատեսը հեռացավ կինոդահլիճներից: Հիմա, հուսով եմ, կվերադառնա»,-
ասում է Մելիք Կարապետյանը:

Ֆասբինդերի ֆիլմերի ցուցադրումը Երեւանում այսօր հովանավորում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը: