Որն է հոգեպես ավելի ազնիվ

27/03/2009

Երեւանի ավագանու` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված են հասարակությանը հայտնի մեծ թվով արվեստագետներ եւ մարդիկ, որոնց ընդունված է անվանել՝ մտավորականներ: Ընդ որում, դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր վերջին գրեթե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ընդգրկված են եղել նախընտրական քարոզարշավներում` բնականաբար, առավելապես քարոզելով իշխանական կուսակցությունների կամ նախագահի իշխանական թեկնածուի օգտին: Նույն օրինաչափությունը պահպանվում է նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում: Չնայած ավագանու արվեստագետ թեկնածուներ կան գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներում, սակայն այդ ցուցանիշով առաջին տեղում ՀՀԿ-ն է: Ընդ որում, ի տարբերություն մյուս ցուցակների, ՀՀԿ ցուցակում արվեստագետները գտնվում են անցողիկ տեղերում` զբաղեցնելով ավելի բարձր հորիզոնականներ, քան նույնիսկ ՀՀԿ-ական գործող թաղապետերը: Եվ հաշվի առնելով այս հանգամանքը` հարց է առաջանում. արդյոք արվեստագետների անունները չե՞ն օգտագործվում` ընտրություններում հաղթելուց հետո նրանց փոխարեն այլ թեկնածուների` ասենք, գործող կամ նախկին պաշտոնյաների որդիներին ավագանի դարձնելու համար: Բնականաբար, ավագանիների ցուցակներում ընդգրկված արվեստագետներն ասում են, որ իրենք արդեն այսօրվանից լծվել են Երեւանի զարգացման մասին ծրագրեր գրելու գործին, սակայն դա այնքան էլ հավատ չի ներշնչում: Եվ, ի դեպ, սա այն դեպքն է, երբ արվեստագետների ներկայությունը ցուցակներում ավելի գերադասելի է, քան մականունավորների ու նրանց որդիների: Սակայն նրանց ունեցած դրական ազդեցության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, եթե ընտրություններից հետո նրանք իրենց տեղերը «չզիջեն» նշված կոնտինգենտին: Հակառակ դեպքում նրանք կկատարեն շատ ավելի վտանգավոր ու վնասակար ֆունկցիա, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունների հասցեին դիֆերամբներ ձոնելը: