Արդեն հայտնի է, որ ՀՀ կառավարությունը որոշել է այս տարվա բյուջեի ծախսերի վերաբաշխում իրականացնել` առաջին եռամսյակից 131 մլրդ դրամի ծախսեր տեղափոխել չորրորդ եռամսյակ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ գումարը կազմում է 2009թ. բյուջեի եկամուտների 14,5 տոկոսը: ՀՀ ֆինանսական ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն, եթե կառավարությունը ցանկանում է եկամտային մասի 15 տոկոսից ավելի ծախսերի վերաբաշխում իրականացնել, ապա պետք է դիմի Ազգային ժողովի հաստատմանը: Եվ ահա ԱԺ-ում այդ հարցի հրապարակային քննարկումից ու հասարակական հնչեղությունից խուսափելու համար կառավարությունը որոշել է այս փուլում ընդամենը 131 մլրդ դրամի վերաբաշխում իրականացնել: Բայց նաեւ հայտնի է, որ առայժմ չի կատարվում բյուջեի եկամտային մասը: Նաեւ հույս չկա, թե պլանավորված մուտքերը կապահովվեն երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Ուստի գերիշխող է այն կարծիքը, թե տարեվերջ տեղափոխված այդ ծախսերն ի վերջո չեն կատարվելու: Այսինքն` կառավարությունն իրականում սեկվեստր է արել, բայց այդ մասին դեռ չի հայտարարում:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը կարծում է, թե ցանկացած երկրի ցանկացած բյուջեի դեպքում էլ ծախսերը պլանավորելուց ու հաստատելուց հետո սեկվեստրի վտանգ լինում է: Իսկ մեր դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ մինչեւ տարվա կեսը կամ մինչեւ տարեվերջ 131 մլրդ դրամի վերաբաշխումը չի կրկնապատկվի: «Առաջին եռամսյակը դեռ չի ամփոփվել: Իհարկե, մեր ծրագրավորած ցուցանիշներից բացասական առու մով շեղումներ կան: Եթե երկրորդ եռամսյակում էլ այդ տենդենցները շարունակվեն, ավելի վատ պայմաններ ստեղծվեն, այդ ժամանակ վերանայման անհրաժեշտություն կառաջանա: Առայժմ կարող եմ վստահեցնել, որ 6 ամիս հետո սեկվեստր չի լինի: Մեր արածը շատ ավելի ճկուն է, քան սեկվեստրը»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Աշխարհի խոշոր տնտեսությունները կառավարող իշխանությունները վաղուց բարձրաձայնում են սեկվեստրի ու պահուստային ֆոնդերից գումարներ հատկացնելու մասին: Խոսում են, թե ինչ վնասներ է կրել տնտեսությունը ճգնաժամից, ինչ ծախսեր պետք է կրճատեն իրավիճակը չխորացնելու համար, եւ տնտեսությունը առողջացնելու նպատակով պահուստային ինչ գումարներ պետք է հատկացվեն: Մեր հասարակությունը հայրենի կառավարության քայլերի մասին առայժմ տեղեկանում է ոչ թե պաշտոնական հայտարարություններից, այլ ասեկոսեներից ու խոսակցություններից: Առայժմ վարչապետը եւ կառավարության անդամները չեն հայտարարել, թե եկամուտների հավաքագրումն ի՞նչ չափով չի իրականանում, եւ դրա պատճառով ի՞նչ ծավալի ծախսեր պետք է կրճատվեն: Երեկ, օրինակ, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարեց, որ Ռուսաստանի տնտեսությանը սպառնում է ֆինանսական ճգնաժամի նոր ալիք: Նա գտնում է, որ ձեռնարկությունները չեն կարողանալու մարել բանկերից վերցված վարկերը, իսկ բանկերն էլ կանխատեսում են, որ անհուսալի վարկերի տեսակարար կշիռը 1,5-ից կհասնի 10 տոկոսի: Հայաստանում նման խոստովանություններ չեն լինում: Կուդրինը նաեւ հայտարարել է, թե «տնտեսության արագ աշխուժացման հիմքերն անհիմն են եւ նույնիսկ պետության առաջացրած պահանջարկն ընդամենը արհեստական է եւ նման է կաթիլայինի, որն արմատապես չի փոխի իրավիճակը»:
«Ի տարբերություն ձեզ, որ մամուլի հրապարակումներին եք ծանոթ, ես Ռուսաստանից ստանում եմ պաշտոնական տեղեկատվություն: Օրինակ, ծրագրավորած աշխատավարձի 30 տոկոս ինդեքսացիան իջեցրել են 10 տոկոսի: Բյուջետային աշխատողների քանակը 10-15 տոկոսով կրճատում են: Մենք այդ քայլերը չենք արել, ու հույս ունեմ, որ չենք անի: Մենք հիմա մեր ֆինանսական ռեսուրսները նախ ուղղում ենք այն խնդրին, որոնք բյուջեով ծրագրավորված են, պետությունն այդ պարտավորությունները վերցրել է: Եթե մենք լրացուցիչ աղբյուրներ կունենանք, իհարկե, ինդեքսավորման հարցը կքննարկեն: Մենք աշխատում ենք, որ աշխատավարձերի ու թոշակների համար ինչ-որ պլանավորել ենք, կատարենք»,- ասում է ֆինանսների փոխնախարարը:
Անցած տարեվերջին Պ.Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խնդիրներ առաջանալու դեպքում բյուջեի եկամտային մասի 10 տոկոսի, այսինքն՝ 70 մլրդ դրամի չափով գումար կհատկացնեն պահուստներից: Արդյո՞ք առաջին եռամսյակում ինչ-որ ծախսեր ապահովելու համար կառավարությունը պահուստներից գումար վերցրել է: «Այդ 131 մլրդ դրամից 93 մլրդ-ն է տեղաշարժվել չորրորդ եռամսյակ: 38 մլրդ տարբերությունը հատկացրել ենք կառավարության ռեզերվներից»,- ասում է Պ.Սաֆարյանը:
Իսկ արդյոք պահուստայի այդ մոտ 70 մլրդ դրամն ամբողջությամբ վերաբաշխվելու է 4 եռամսյակի վրա: «Մենք հույս ունենք, որ այդ 38 միլիարդով պետք է բավարարվենք, որովհետեւ նաեւ հաջորդ տարի պետք է բյուջե ունենանք: Այդ գումարը բյուջեի մեջ որպես մուտք, եկամուտ չի ամրագրվում, դա հնարավորություն է տալիս, որ, ի թիվս այլ հարցերի լուծման, ապրիլ-մայիս ամիսներին թոշակները, ընտանեկան նպաստները ժամանակին վճարելու հետ կապված որեւէ խնդիր չունենանք»,- ասում է Պ.Սաֆարյանը: Փաստորեն կենսաթոշակների ու ընտանեկան նպաստների վճարման խնդիր արդեն կա: Կամ սպասվում է: