Մի՞թե վերջին ավագանին եմ ես

27/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների առաջադրած ցուցակներում շատ են հայտնի արվեստագետների անունները: Արվեստագետներով հարուստ է հատկապես ՀՀԿ-ի ցուցակը: Ընդ որում, այդպիսիք զբաղեցնում են անցողիկ հորիզոնականները: Նրանք նույնիսկ ՀՀԿ-ի ակտիվ հատվածից` գործող թաղապետերից բարձր հորիզոնականներում են:

Ակնհայտ է, որ արվեստագետներին ցուցակում ընդգրկելով՝ ՀՀԿ-ն, ինչպեսեւ մյուս բոլոր կուսակցությունները, փորձել է «բարի տպավորություն» ստեղծել: Սակայն շատ դժվար է հավատալ, որ, ասենք, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը կամ դերասան Վլադիմիր Մսրյանը հասարակական կարգով ավագանի են աշխատելու: Եվ իրականությունից ամենեւին էլ հեռու չէ այն տեսակետը, որ հայտնի մարդկանց ցուցակի անցողիկ տեղերում գրանցելով, ՀՀԿ-ն պարզապես մտադիր է օգտագործել նրանց անունները` ստանալ ընտրողների համակրանքն ու ձայները, հետո նրանց փոխարեն ավագանի դարձնել պաշտոնյաների որդիներին, որոնց անունները շատ ավելի հետին հորիզոնականներում են: Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ-ի` ավագանու թեկնածուների ցուցակի 31-րդ հորիզոնականում Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին է, 25-ամյա Դավիթ Սեդրակյանը: 34-րդ տեղում նախկին ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի որդին` Ժորժ Խաչատրյանն է: ՀՀԿ-ի ցուցակում են նաեւ պատգամավոր Վազգեն Կարախանյանի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի եւ այդ կուսակցության այլ կարկառուն ներկայացուցիչների որդիները: Չե՞ն մտածում արդյոք արվեստագետները` ՀՀԿ ցուցակում ընդգրկված Մ.Վարդազարյանը, Վ.Մսրյանը, Արա Երնջակյանը, Լեւոն Իգիթյանը, Միքայել Դովլաթյանը եւ այլք, որ իրենց անունները կարող են օգտագործվել պաշտոնյա հայրերի 25-ամյա որդիների համար իշխանություն տանող ճանապարհը հարթելու նպատակով։ Կամ ընդգրկվելով այդ ցուցակում` հետագայում նրանք կատարելո՞ւ են Երեւանի ավագանու անդամին վերապահված պարտականությունները:

«ժամանակը ցույց կտա, ես հիմա չեմ կարող ասել: Ես անգամ այնտեղ գործելու ծրագիր ունեմ, որը վերաբերում է մայրաքաղաքի մշակութային կյանքին: Քաղաքի մշակութային ու հոգեւոր կլիման մայրաքաղաքի պահանջներին չի համապատասխանում արդեն շատ վաղուց: Դարձել է վատ, հեռավոր շրջկենտրոնի մի մունդառ օրինակ: «Էրեբունի» տոնակատարությունը եւ ձմեռը մի տոնածառ դնելը ժէկ-ի աշխատանք է, դա մայրաքաղաքի մշակույթի վիճակ չի ստեղծի: Ինձ` որպես Երեւանում ապրող մարդու, մայրաքաղաքի հոգեւոր-մշակութային կլիման անընդունելի է»,- ասում է ՀՀԿ ցուցակի 25-րդ տեղում հայտնված ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

ՀՀԿ ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող սիրված դերասան Վ. Մսրյանի խոսքերով, ինքն ավագանու թեկնածու է առաջադրվել, քանի որ հայ մարդ է եւ սիրում է իր հայրենիքը, Երեւանը: «Իհարկե, կաշխատեմ, կփորձեմ մշակույթի բնագավառում աշխատել: Ընդգրկվել եմ, որովհետեւ ուզում եմ խաղաղ, լավ ապրել, որովհետեւ իմ թոռներին լավ ապագա եմ ուզում, որովհետեւ չեմ կարող կողքի կանգնել եւ իմ ընտրությունը շատ արդարացի եմ համարում: Ուզում եմ իմ քաղաքը բարգավաճ ու լավը տեսնել: Որ աղբը քիչ լինի, որ կանաչապատ լինի, որ օդ լինի շնչելու: Նաեւ մթնոլորտը լինի բարի»,- ասում է դերասանն ու ավելացնում, թե մայիսի 31-ից հետո, եթե ընտրված լինի, ավագանու առաջին նիստի ժամանակ գործընկերներին կառաջարկի միմյանց նկատմամբ լինել ազնիվ ու բարի: «Ես ընդդիմադիրներին եմ ուզում դիմել, եկեք իրար օգնենք, դուրս բերենք երկիրն այս վիճակից»,- մեծահոգաբար ասում է Վ. Մսրյանը: ՀՀԿ ցուցակում 8-րդ հորիզոնականում է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Տիկին Գեւորգյանը երեկ համոզված էր, որ ինքն արդեն հաղթած թեկնածու է: «Ինձ այնտեղ տարավ Երեւանը ավելի լավ տեսնելու, իսկական մայրաքաղաք դարձնելու ցանկությունը: Գիտեք, ինձ առանձնապես չի հուզում, որ մի փողոց մի քիչ ուշ կասֆալտապատվի, թեպետ դա շատ կարեւոր խնդիր է, որ մի շենքի հետ կապված քաղաքաշինական խնդիրներ են առաջացել, ինձ ավելի շատ հետաքրքրում է երեւանցու հոգեբանության ձեւավորումը, Երեւանի մթնոլորտը վերականգնելը, հին Երեւանը վերադարձնելը: Երեւանցու հոգեբանությունը նահանջել է: Ես դեռ չեմ էլ պատկերացնում, թե որքանով կհասնեմ իմ ցանկությունների կատարմանը»,- ասում է Ա. Գեւորգյանն` ավելացնելով, որ անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու աշխատանքներին: Ավագանու անդամ դառնալուց հետո առաջինը պատրաստվում է բարձրացնել մայրաքաղաքի մաքրության հարցը: «Առաջինը կսկսեմ մաքրությունից ու նորից մաքրությունից, երկրորդը` լուսավորությունից: Պետք է լուսավորել ոչ միայն փողոցները, այլեւ բակերը»,- ասում է Ա.Գեւորգյանը:

Իր ցուցակում արվեստագետ թեկնածու ունի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ ընդդիմադիր ուժը` ՀԱԿ-ը: «Եթե ես առիթ, հնարավորություն ունենամ երեխաների գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ աշխատելու, ես դա կանեմ»,- ասում է ՀԱԿ ցուցակի 27-րդ հորիզոնականը զբաղեցնող դերասան Երվանդ Մանարյանը` չբացառելով, որ կուսակցությունները հայտնի արվեստագետների անուններն օգտագործում են իրենց ցուցակներն ավելի ներկայանալի դարձնելու համար:

Ի դեպ, հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ զբաղեցնում է Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի ներկայացրած ցուցակի 8-րդ հորիզոնականը: Պատրա՞ստ է արդյոք նա ՀՅԴ-ի` ընտրություններում հաղթելու դեպքում կատարել ավագանու պարտականությունները, թե՞ իր տեղը զիջելու է դաշնակցականների ցուցակում ներառված մեկ այլ անդամի: «Դա խորը եւ հանելուկային գաղտնիք է մնում, դա սյուրպրիզ է բոլորի համար»,- ասաց Ռ. Հախվերդյանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, Ռ. Հախվերդյանը դառնա ավագանու անդամ, ի՞նչը կփոխի Երեւանում: «Տգիտությունը, թանկագինս, տգիտությունը: Եթե նույնիսկ կարողանամ մի ծառի ճյուղ էլ փրկել, դա էլ մեծ բան է»,- ասաց երգահանը` զարմանալով, թե լրագրողներն ինչո՞ւ չեն գրում վերջերս կայացած իր համերգային ծրագրերի մասին եւ հետաքրքրվում են «այնպիսի մի չնչին հարցով, որ կոչվում է ավագանի»: