1 դոլարանոց միլիոնատերերը

27/03/2009

2008թ. որոնողական Ինտերնետ-պորտալի՝ Google-ի գլխավոր տնօրենի եւ 2 հիմնադիրների աշխատավարձը կազմել է 3 դոլար: Ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտին եւ «Գուգլի» 2 հիմնադիրներ Սերգեյ Բրինին ու Լարի Փեյջին տրված վճարումների այս տվյալները բովանդակում է ընկերության 2008թ. ֆինանսական հաշվետվությունը: Նրանք իրենց ընկերությունում սկսել են, իրենց խոսքերով, «մեկդոլարանոց տարեկան աշխատավարձ» ստանալ 2004թ., երբ Google-ի բաժնետոմսերը սկսել են գնանշվել սակարանում: Նրանց հիմնական եկամուտը եղել է պորտալի բաժնետոմսերի աճը: Սակայն 2008թ. նրանք Google-ի արժեթղթերի գնանշումների անկման ժամանակ միասին կորցրել են 25,8 միլիարդ դոլար կամ իրենց պատկանող արժեթղթերի 56 տոկոսը: Այնուամենայնիվ, նրանք որոշել են չհրաժարվել ավանդական աննշան աշխատավարձից, եւ այն թողնել մեկ մարդու հաշվով 1 դոլարի «շրջանակներում»: Ընկերության 3 ղեկավարները չեն ստացել նաեւ հավելավճարներ եւ բաժնետոմսերի ձեռքբերման օպցիոններ, որոնք 2008թ. տրամադրվել էին Google-ի 20.000 վարձու աշխատողների մեծ մասին: