Մարտի 31-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ լսվելու է նաեւ Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ վերջին բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակները փորձելու են ԵԽ ԽՎ-ին համոզել, որ կատարել են բանաձեւերի պահանջները: Վալենսիա են մեկնելու ԵԽ ԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու նրա տեղակալ Արմեն Ռուստամյանը: Մեր տեղեկություններով, այս անգամ նիստին մասնակցելու է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մայիսի 31-ին ԵԽ-ին ՀՀ պատվիրակները ներկայացնելու նյութ ունեն` Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոնք ԵԽ թե՛ Խորհրդարանական վեհաժողովի, թե մոնիտորինգի հանձնաժողովի պահանջն էին: «Իրականում պայմանավորվածություննը հենց այն էր, որ մենք նախաձեռնեինք այս օրենքների փոփոխությունները եվրոպական փորձագետների հետ համատեղ, ինչը եւ կատարել ենք: Ամենայն հավանականությամբ զեկույցի հիմնական մասը անելու եմ ես, թե ինչպես է աշխատանքն ընթացել, եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց այդ օրենքների փոփոխության նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի եւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դ.Հարությունյանը: Իսկ տեղյա՞կ է պարոն Հարությունյանը, թե Մոնիտորինգի հանձնաժողովն ինչ գնահատական է տալու ՔՕ այդ հոդվածների փոփոխությանը: «Տեղյակ եմ, որ գնահատելու է շատ արդյունավետ համագործակցություն»,- պատասխանեց նա: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, սակայն, կարծում է, որ արդեն ԵԽ ԽՎ ապրիլյան նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւում պահպանվելու են բոլոր հիմնական դիտողությունները: «Նորից գրելու են, որ Հայաստանում մարդկանց հետապնդում են քաղաքական հայացքների համար, կան քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներ: Գրելու են, որ խոսքի ազատության հետ կապված մեծ խնդիրներ կան, եւ հատկապես «Ա1+»-ի հետ կապված որեւէ առաջընթաց չկա: Լրագրողներին հետապնդում, ծեծում եւ ճնշում են: Շարունակվում է ոտնահարվել մարդկանց ազատ հավաքվելու իրավունքը, եւ մարտի 1-ի հետ կապված քննությունն առաջ չի գնում, սպանությունների ու սպանությունները կազմակերպման մեղավորները մինչեւ հիմա չեն պատժվել»,- համոզված է Հ.Իգիթյանը: