– Վերջերս խոսելով Երեւանի ավագանու` մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների մասին, ասել էիք, թե դրանք լինելու են այնպիսին, ինչպես միշտ: Ի՞նչ նկատի ունեք: Եթե համատարած կեղծիքների մասին է խոսքը, ապա ի՞նչ եք կարծում, այս անգամ ժողովուրդը կհանդուրժի՞ այն, եւ արդյոք չե՞ն կրկնվի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները:
– Հուսով եմ, որ մարտի 1-ը չի կրկնվի, որովհետեւ մեկ մարդու մեկ կաթիլ արյունը չարժի որեւէ ընտրություն եւ որեւէ քաղաքական ուժի կամ մարդկանց շահեր: Ինչ վերաբերում է իմ ասածին, թե կրկնվելու է այն, ինչ եղել է բոլոր ընտրություններում, ապա, որպեսզի նոր բան ունենանք, անհրաժեշտ է աշխատանք: Նախորդ ընտրություններից հետո որեւէ աշխատանք չի արվել, որ այլ ձեւով ընթանան այս ընտրությունները: Ճիշտ է` մարտի 1-ից հետո բազմաթիվ կոչեր էին հնչում համագործակցության, երկխոսության մասին եւ այլն, սակայն, որքան էլ զարմանալի է` որեւէ կոչ որեւէ օրակարգ չէր պարունակում: Այսինքն` ինչ հարցերի շուրջ պետք է լինի երկխոսությունը, որովհետեւ կողմերը, կարելի է ասել, ունեին նույն խնդիրը. մեկն ուզում էր պահպանել իշխանությունը, մյուսն ուզում էր անպայման գալ իշխանության: Ուրիշ խնդիր իրենց առջեւ չէին դրել: Իսկ նման գործընթացներով դրան հասնել հնարավոր չէ: Հետեւաբար՝ անհրաժեշտ էր քննարկել ընտրությունների վատ որակի պատճառների խնդիրը, պարզել, թե ինչ պիտի արվի, որ հնարավոր լինի կազմակերպել լավ ընտրություններ, եւ համատեղ ջանքերով դա անել: Բայց քանի որ այդ ամենը չի արվել, ապա պարզ է, որ կկրկնվի այն, ինչ եղել է նախորդ ընտրություններում:
– Կուսակցություններն ու քաղաքական միավորումներն իրենց համամասնական ցուցակներին ներկայանալի տեսք տալու համար բազմաթիվ դերասանների, դասախոսների ու երգահանների են ընդգրկել: Ի՞նչ եք կարծում` այս ընտրություններում ցուցակները նշանակություն ունենալո՞ւ են, թե՞ ընտրողն իր քվեն, այնուամենայնիվ, տալու է քաղաքական ուժին` անկախ նրանից, թե ում անուններն են այնտեղ տեղ գտել:
– Իհարկե, զուտ ցուցակով ամեն ինչ չի սահմանափակվելու: Այդ մարդիկ մասնակցելու են քարոզարշավներին, միգուցե ելույթներ են ունենալու, իսկ այդ պարագայում, բնական է, որ իրենք պետք է լինեին նաեւ ցուցակում: Սակայն, կարծում եմ` երեւույթն ինքնին խորհրդային մտածողության մնացորդներից է: Որովհետեւ քաղաքական պայքարում շատ կարեւոր են քաղաքական թիմի որակները, բայց ոչ այն առումով, որ լինի հանրաճանաչ դերասան, դասախոս կամ որեւէ մեկը: Քաղաքական գործունեությունը լուրջ վերաբերմունքի դեպքում պահանջում է անհրաժեշտ գիտելիքներ, անհրաժեշտ փորձ, կարողություն եւ այլն: Որքան էլ հայտնի դերասանները սիրված լինեն մարդկանց կողմից, կարծում եմ` մարդիկ չեն ընտրելու իրենց սիրելու հիմքով, որովհետեւ իրենք չեն ընտրում դերասան: Իրենք ընտրում են քաղաքական գործունեություն իրականացնող մարդկանց կամ քաղաքական ուժերի: Չեմ կարծում, որ հենց այնպես նման մարդկանց ընդգրկումը ցուցակների մեջ որեւէ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
– Շատերը` հիմնականում իշխանության ներկայացուցիչները, պնդում են, թե Երեւանի քաղաքապետը ոչ թե քաղաքական պաշտոն է, այլ` հասարակական: Այսինքն` ՀԱԿ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ի զորու չի լինելու զբաղվել քաղաքի կանաչապատման եւ աղբահանության խնդիրներով: Ձեր կարծիքով` նոր քաղաքապետի պաշտոնը` իր լիազորություններով, քաղաքակա՞ն է, թե՞ ոչ:
– Ես առաջարկում եմ նորից անդրադառնալ ԱԺ քվեարկության արդյունքներին, որով «Երեւանի մասին» օրենքն ընդունվել է, եւ հեշտությամբ կարելի է տեսնել, որ խմբակցություններից չորսը գրեթե միաձայն քվեարկել են այդ օրենքի օգտին: Այսինքն` քվեարկել են այն բանի օգտին, որ Երեւանի ավագանու ընտրությունները լինեն կուսակցական ցուցակներով: Կուսակցությունները մասնակցում են կուսակցական, քաղաքական գործընթացների: Նրանք, որպես կուսակցություն, չեն մասնակցում ծառապատումներին եւ այլն: Այնպես որ` ընդհանրապես ավելորդ է հարցադրումը, թե Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն գործընթաց են, թե՞ բոլորովին այլ: Այսինքն` օրենքը դրա պատասխանը տվել է: Ասեմ ավելին, շատուշատ երկրներում, որտեղ ժողովրդավարությունը կայացած է, ոչ միայն մայրաքաղաքի, այլ անգամ համայնքների ղեկավարների ընտրությունները եւս քաղաքական գործընթացներ են եւ էլի մասնակցում են որպես քաղաքական գործընթաց: Բայց նորից կա ուրիշ հանգամանք. տարբեր մարդկանց ուղեղներում էլի կան խորհրդային մտածողության մնացորդներ: Կան մարդիկ, որոնց թվում է, թե քաղաքական գործիչը չպետք է լինի գրագետ, չպետք է լինի մասնագետ: Այսինքն` ըստ նրանց` քաղաքական գործիչը պետք է լինի անիմաստ խոսող, բառերի կույտ արտաբերող որեւէ մեկը: Նման մտածողություն ունեցող մարդկանց հետ ընդհանրապես քաղաքականության մասին խոսելն անիմաստ եւ ավելորդ բան է: Ինքը` քաղաքական գործիչ լինելու հանգամանքը, բնականաբար, չի հակասում մասնագետ, կազմակերպիչ լինելու հանգամանքին: Ճիշտ հակառակը` քանի որ քաղաքական գործունեությունը կոլեկտիվ գործունեություն է, ապա այստեղ շատ լավ կազմակերպչական որակներ են պետք: Կուսակցության մեջ լավ, ակտիվ գործունեություն ծավալելու համար լավ կազմակերպչական մոտեցումներ են պետք: Կուսակցություններում հաջողության հասած մարդիկ պետք է որ կազմակերպչական ջիղ ունենան:
– Դուք բազմաթիվ ընտրությունների եք մասնակցել, եւ գիտեք, որ 1996թ. մինչ այսօր տեղի ունեցած բոլոր ընտրություններում մայրաքաղաքում միշտ ընդդիմությունն է հաղթել: Որոշ գնահատականների համաձայն` «Ժառանգություն» կուսակցությունը` չմիանալով Հայ Ազգային կոնգրեսին՝ իրականում փոշիացրեց ընդդիմության ձայները: Համամի՞տ եք այդ գնահատականներին, եւ ի՞նչ եք կարծում` Երեւանում ընդդիմության ձայները դրանով կնվազե՞ն:
– Եթե աչքի առաջ կա օրենքի մի քանի դրույթ, եւ որեւէ մեկն ունի պարզ տրամաբանություն, ապա հեշտ է համոզվել, որ լավագույն արդյունքի ընդդիմությունը կհասներ մեկ դեպքում. եթե «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը միասին գնային ընտրությունների` մեկ ցուցակով: Հաջողության հասնելու համար կա երկու հնարավորություն. առաջինն այն է, որ եթե որեւէ մեկը հաղթահարում է 40 տոկոսի շեմը, եւ դրանով ստանում է տեղերի կեսից ավելին, բնականաբար, նաեւ քաղաքապետ առաջադրելու իրավունքը, որն ինքնաբերաբար բերում է արդեն քաղաքապետի նշանակմանը: Եվ երկրորդ` եթե ընտրությունների արդյունքներով որեւէ մեկը չի հաղթահարում այդ շեմը, բայց այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ կարողանում է կոալիցիա ստեղծել եւ 50 տոկոսից ավելի տեղերով նորից ապահովել իր առաջադրած թեկնածուի հաղթանակը:
Կարծում եմ` չի կարող լինել որեւէ մեկը, որ ասի, թե՝ «Ժառանգությունը» եթե մասնակցեր ընտրություններին՝ Հայ Ազգային կոնգրեսն ավելի քիչ ձայն կստանար, քան՝ եթե չմասնակցեր: Ուրեմն ակնհայտ է, որ եթե «Ժառանգությունը» մասնակցեր, այդ դաշինքն ավելի շատ ձայներ կհավաքեր եւ շատ ավելի մեծ հնարավորություն կունենար 40 տոկոսի սահմանը հաղթահարելու համար: Բայց մյուս կողմից էլ` եթե իրենք մասնակցեին եւ առանձին գնային, չեմ կարծում, թե իրավիճակն ավելի լավ կլիներ ՀԱԿ-ի համար, որովհետեւ այդ պարագայում ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» պիտի հավաքեին 50 տոկոս եւ ավելի: Իսկ ակնհայտ է, որ միասին գնալու հետ համեմատած՝ դա 10 տոկոսի տարբերություն է անում: Այսինքն` «Ժառանգությունը» միայն մասնակցելով՝ ֆորմալ 10 տոկոս ձայն էր ապահովում ՀԱԿ-ի համար: Սակայն ակնհայտ է, որ «Ժառանգության» չմասնակցելն ընտրություններին, որքան էլ կոչ անեն ձայները տալ ընդդիմությանը, նվազեցնում է ընդդիմության հաղթանակի հնարավորությունը: Ես վստահ չեմ, որ որեւէ քաղաքական ուժ կարող է 40 տոկոս ձայն հավաքել` լինի ընդդիմության մեջ թե իշխանական կոալիցիայի: 40 տոկոսը Երեւանի համար շատ բարձր շեմ է: Հետեւաբար` ակնհայտ է, որ այս պարագայում խորհրդարանական կոալիցիայի ընտրած մարտավարությունը մեծ հավանականությամբ կարող է իրեն արդարացնել, որովհետեւ, եթե չորս կուսակցությունները հավաքեն անհրաժեշտ 7 տոկոս ձայները եւ հայտնվեն ավագանու կազմում, ապա, ամենայն հավանականությամբ, դա հնարավորություն կտա 50 տոկոսից ավելի տեղեր ունենալ եւ մի նոր կոալիցիա ստեղծել արդեն ավագանու մեջ եւ առաջադրել քաղաքապետ ու քվեարկել այդ թեկնածուի օգտին: