Սուր աշխարհի բութ անկյունը

27/03/2009 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Տարիներ առաջ Երեւանի դրամատիկական թատրոնում, Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» վիպակի հիման վրա, բեմադրվեց մի ներկայացում, որի անվանումն էր` «Մեծ աշխարհի մեր անկյունը»:

Ներկայացումն այնքան հաջողված էր, որ երկար տարիներ համարվում էր այդ թատրոնի այցեքարտերից մեկը: Սակայն այսօր կցանկանայինք խոսել ոչ թե ներկայացման, այլ վերնագրի մասին: Յուրաքանչյուր մարդ իր գիտակցական ողջ կյանքում ձգտում է գտնել իր տեղն այս կյանքում, կամ «իր փոքր անկյունն այս մեծ աշխարհում»: Այդ անկյունի մեծությունը կարող է կախված լինել տարբեր հանգամանքներից` մարդու ինտելեկտուալ հնարավորություններից, սոցիալական կարգավիճակից, աշխատասիրությունից, տաղանդից եւ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններից: Այդպես է ամենուր: Սակայն այդ հանգամանքների շարքում կա մեկը, որն առավել ցայտուն է երեւում հենց հայերի մոտ: Խոսքն ամբիցիաների մասին է: Իհարկե, ամբիցիաներ կարող են ունենալ բոլորը: Բայց ոչ բոլորի մոտ են այդ ամբիցիաները անհիմն: Եվ առավել եւս ոչ բոլոր պետություններում են նմանատիպ ամբիցիոզ անձինք, խմբերը կամ կուսակցություններն այդքան շատ խրախուսվում պետության եւ իշխանությունների կողմից: Եվ երեւի թե հենց դա է պատճառը, որ այսօր Հայաստանում կադրային «սով» է: Խոսքն, իհարկե, գրագետ եւ պրոֆեսիոնալ կադրերի մասին է: Իսկ անհիմն ամբիցիաներով կիսագրագետ երիտասարդների պակաս չի զգացվում: Եվ այստեղ մեղավորը ամենեւին էլ այդ երիտասարդները չեն: Նրանց կարելի է դնել ճիշտ ուղու վրա` սովորեցնել, փորձ կուտակելու հնարավորություն տալ եւ միայն այդ դեպքում նրանց խոշոր, ընդ որում` պետական նշանակության ծրագրեր իրագործելու հնարավորություն տալ: Հակառակ պարագայում միշտ կստացվի այն, ինչ ստացվեց «Կաշառակեր դասախոսներ» ակցիայի հետ: Երբ հասարակությունը «չմարսեց» անգամ այն, ինչն, առաջին հայացքից, թվում էր, թե պետք է շատ արագ եւ հեշտությամբ «կուլ տար», քանի որ թեման իրականությանը շատ մոտ էր: Ոչ միայն ակցիայի մատուցումն էր անորակ, այլեւ երեւույթի դեմ պայքարի ձեւը եւ համահարթեցումը: Ոչ կաշառակեր դասախոսներ էլ շատ կան, բայց կաշառակերության դեմ պետք է պայքար մղեն համապատասխան իրավապահ մարմինները: Հակառակ դեպքում` ստացվում է պետության գումարներով պետական կրթական հաստատությունների եւ դասախոսների վարկաբեկում: Իսկ դա գալիս է նրանից, որ «Միասին»-ի տղաներին եւ աղջիկներին այս աշխարհում առայժմ տրված է մի «փոքր անկյուն», որի սահմաններում էլ նրանք պետք է ապրեն: Իսկ երբ ամբիցիաների պատճառով երիտասարդները փորձում են մեծացնել իրենց տրված անկյան սահմանները, անկյունը «լոճվում» է եւ ստանում «բութ անկյան» տեսք:

Հայաստանում ամբիցիաների խնդիրն առավել ցայտուն է դառնում հատկապես ընտրությունների ժամանակ: Եվ սա այն դեպքն է, երբ մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն սովորում ոչ ուրիշների, ոչ էլ իրենց սխալների վրա: Ամբիցիաները թույլ չեն տալիս: Եվ եթե կարելի է ենթադրել, թե ինչու են Երեւանի ավագանու ապագա ընտրություններին մասնակցում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, բայց Տիգրան Կարապետովիչի եւ մյուս անհասկանալի կուսակցության մասնակցությունը չեն կարող բացատրել անգամ իրենք: Բոլորին էլ հասկանալի է, որ պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ: Բայց այս երկու ուժերի ամբիցիաները բավական տարբեր են: Եթե իշխող` ՀՀԿ-ի պարագայում ամբիցիաները ավելի շատ թեկնածուինն են (խոսքը գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է), ապա ՀԱԿ-ի դեպքում ի հայտ են եկել ոչ թե անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ նրա թիմի անդամների ամբիցիաները: Զուտ քաղաքական առումով, իհարկե, Գագիկ Բեգլարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում են տարբեր «քաշային կատեգորիաներում»: Եվ ստեղծված իրավիճակում, երբ իշխանությունը պետք է չհանձնի մայրաքաղաքն ընդդիմությանը (եթե իշխանությունը չի հաշտվում անգամ փոքրիկ գյուղերն ընդդիմությանը հանձնելուն, ապա Երեւան քաղաքն առավել եւս չի ցանկանա տալ), բայց միեւնույն ժամանակ՝ պատվով դուրս գա նաեւ միջազգային ատյանների մոտ, կա գրեթե մեկ ելք: ՀԱԿ-ը ընտրությունների արդյունքում ստանում է փոքր-ինչ ավելի ձայներ (ասենք՝ 1-2 տոկոս), քան ՀՀԿ-ն, եւ դե յուրե համարվում ընտրությունների հաղթող, ՀՀԿ-ն իշխանական մյուս կուսակցությունների հետ միասին ունենում է մեծամասնություն, եւ դե ֆակտո քաղաքապետ է ընտրվում իշխանության թեկնածուն: Աշխարհին այդ դեպքում ներկայացվում է, որ Հայաստանի նման դեմոկրատական պետություն գոյություն չունի, քանի որ Երեւանի նման քաղաքում ընդդիմությունը «հաղթել է»: Մնացած բոլոր դեպքերում դժվար կլինի բացատրել Գագիկ Բեգլարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան մրցապայքարի արդյունքները: Պարզ է, որ մոտակա երկու ամսում շատերն են խոսելու ընտրությունների մասին: Բայց երբ Արամ Գ.Սարգսյանն ասում է, որ ինքը կոչ է անելու իր ընտրազանգվածին՝ ձայն չտալ Լեւոն Տեր-Պետրոսյանին` դա արդեն ոչ թե ամբիցիա է, այլ, մեղմ ասած` անհեթեթություն: Այս առիթով մի իրական պատմություն հիշեցի: 2003թ. փետրվարի 19-ին հրավիրված էի խաշի: Խաշն ուտելուց անմիջապես հետո հյուրերից մեկը ներողություն խնդրեց եւ ուզում էր դուրս գալ, երբ սեղանի շուրջ նստած մնացած հրավիրվածները սկսեցին հետաքրքրվել, թե ո՞ւր է շտապում իրենց սեղանակիցը: Վերջինս, որը շատ պատկառելի անձնավորություն է, ասաց, որ ինքը ոչ բարով-խերով Արամ Գ. Սարգսյանի հեռու բարեկամն է եւ պետք է գնա, որպեսզի նրան ընտրի: Երբ բոլորը միասին ասացին, որ ընտրությունն առանց իրեն էլ կկայանա, վերջինս պատասխանեց, որ Արամ Գ. Սարգսյանն ընդամենը 19 ձայն ունի, եւ, եթե ինքը չգնա՝ կիմանան, եւ անհարմար բան կստացվի: Ա՛յ այսպիսին են լինում արդի հայկական ամբիցիաները: