Ավելի սառը պատերազմ

27/03/2009

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները թեւակոխել են անորոշության փուլ ու այժմ գտնվում են ամենավատ վիճակում սառը պատերազմի ավարտից ի վեր»,- ԱՄՆ Կոնգրեսում իր զեկույցը ներկայացնելիս նման հայտարարություն է արել ԱՄՆ բանակի գեներալ, ՆԱՏՕ-ի` Եվրոպայում գլխավոր հրամանատար Ջոն Կրեդոկը: Ըստ արտերկրի ԶԼՄ-ների, Կրեդոկն ասել է, ոչ 2008 թ. օգոստոսին Վրաստանի հետ պատերազմում Մոսկվայի գործողությունները եւ 2009-ի հունվարին Ուկրաինայի հետ գազային կոնֆլիկտը ուղղված էին Եվրոպայի համախմբվածության թուլացմանն ու տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության նվազեցմանը: Գեներալի խոսքերով, Հարավային Օսիայի պատերազմը ցրեց սառը պատերազմի ավարտից հետո ձեւավորված այն պատկերացումները, որ նախկին ԽՍՀՄ տարածքի սահմանները գտնվում են անվտանգության ռեժիմում: Վրաստանի հետ ունեցած կոնֆլիկտից հետո ՆԱՏՕ-ն խզեց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դրանք բարձր մակարդակով պաշտոնապես վերսկսվել են այս տարվա մարտից: Ի դեպ, արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբաման փորձում է ՌԴ-ի հետ հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային իրավիճակից: Օրինակ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մոսկվային առաջարկել է ամեն ինչ սկսել զրոյից եւ հրավիրել է համագործակցել Հակաօդային պաշտպանության համակարգում: Մարտի 19-ին ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ Կրեդոկին փոխարինելու է ռազմածովային ուժերի ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը: