Կոնկրետ գործողություն՝ գլոբալ մտածողությունից հետո

27/03/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների թեմայով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկման էր հրավիրել կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպման մասին հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ ամենահետաքրքիրը, հարկավ, վարչապետ Տ. Սարգսյանի ելույթն էր: Այն առումով, որ հենց կառավարությանն է վերապահված ճգնաժամի դեմն առնելը: Դատելով վարչապետի ելույթից՝ մեր կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարի իր մարտավարությունը չի փոխել: Վարչապետի ելույթը համարյա ամբողջությամբ 2008թ. նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում ներկայացրած հակաճգնաժամային ծրագրի կրկնությունն էր: Անցած չորս ամիսը կարծես անհետեւանք է անցել: Այսպես կարելի էր ենթադրել, եթե մեր կառավարությունը շարունակեր այն գործընթացը, որը ճգնաժամի մեջ հայտնվող երկրների կառավարությունների քայլերի կրկնություն էր: Բայց մարտի սկզբին առաջին իսկ ցնցումից հետո մերոնք տրամագծորեն հակառակ քայլերի անցան: Օրինակ, մեծացրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Համարյա միաժամանակ Բրիտանական բանկն այն նվազեցրեց` հասցնելով ռեկորդային ցուցանիշի: Այսինքն՝ միջազգային ու տնտեսական գործընթացները մեր կառավարությունը վերլուծում է նույն տեսակետով (անգամ նույն բառամթերքով), սակայն անում է տրամագծորեն հակառակ քայլեր: Ծրագրի առաջին հրապարակումից հետո նվազեցրին, իսկ երկրորդ հրապարակման շեմին բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Գուցե այս պատճառով մեր կառավարության հակակոռուպցիոն բավական գեղեցիկ ու հարթ ոճով գրված ծրագիրը փորձագետների շրջանում լուրջ հետաքրքրություն չառաջացրեց: Ծրագրում կառավարությունը նշեց, որ քայլեր անելու է երեք ուղղությամբ: Առաջին` շարունակելու է զբաղվել ենթակառուցվածքներով: Այս ոլորտում առաջին անհաջողությունն առկա է: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ճանապարհաշինության համար տրվող գումարի հատկացումը հետաձգվել է: Երկրորդ` կառավարությունը ֆինանսական աջակցություն ու պետական երաշխիքներ է տալու առանձին ձեռնարկությունների, «որի նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով, ավելացնել արտահանումը, ընդլայնել տեղական հումքի օգտագործումը, խթանել ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը»: Այս վերջին խոստումը օտարահունչ ու իրոք խրոխտ է հնչում: Կառավարության ծրագրի այս հատվածը ինչ-որ չափով ենթակա է վերլուծության: Հայտնի է, որ կառավարությունը քննարկել ու դրական կարծիք է հայտնել 16 ընկերությունների աջակցություն խնդրող բիզնես ծրագրերին: 16-ից 10-ը գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող ընկերություններ են, 2-ը` թեթեւ արդյունաբերության, 2-ը` արտադրական: Մեկական ընկերություն էլ ներկայացնում են դեղագործությունն ու խրոխտ ինովացիոն տեխնոլոգիաները: Աջակցությունն էլ տարբեր է` մաքսային ժամանակավոր արտոնությունից մինչեւ 1,8 մլրդ դրամ: Ցանկում կան ընկերություններ, որոնք տարիներ առաջ միջազգային կազմակերպություններից էլ են ֆինանսական միջոցներ ներգրավել: Կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ ուղղությունը փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցությունն է: Հայտնի բան է` հենց մեր երկրում ակտիվանում է փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին խոսք ու զրույցը, ուրեմն հակառակն է տեղի ունենում: Ճգնաժամի հետ համընթաց ՀԴՄ-ների տեղադրումը, լայն մրցակցային ոլորտներում կոշտ` հարկահանություն հիշեցնող քաղաքականության կիրառումը դրա ապացույցն են: Այս ոլորտում, որպես կանոն, աջակցության ծրագրերը խոստումից առաջ չեն գնում: Մոտ 2 տարի առաջ կառավարությունը հրաժարվեց պարզեցված հարկից: Երկու տարի բացասական հետեւանքներն ըմբոշխնելուց հետո հիմա կառավարությունը խոստանում է «հարկային վարչարարության էական պարզեցում, մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում»: Պարզ չէ, թե ով էր ստիպում մտցնել, բայց հիմա վերացնելը ներկայացվում է իբրեւ բարեգործություն: Մեր կառավարության ու խորհրդարանի անդամների մի մասը խոշոր գործարար է: Ով-ով նրանք հո գիտեն, որ 100 մլն-ից պակաս շրջանառություն ունեցող ընկերությունների եկամուտները հաշվապահական հաշվառում վարելուն չեն բավականացնի: 2008թ. նոյեմբերին վարչապետը նշեց, որ տնտեսական միջազգային ճգնաժամի կարեւոր դաս է հետեւյալը. «խոշոր ձեռնարկությունների թափանցիկությունը եւ հասարակության կողմից վերահսկողության ապահովումը»: Նոյեմբերից առ այսօր սա կոնկրետ որեւէ դրսեւորում չի ունեցել: Վկան՝ այն փաստը, որ հասարակությանն առ այսօր հայտնի չէ՝ գործարար պատգամավոր Ռ. Հայրապետյանը «Բջնիի» դիմաց վճարե՞լ էր, թե՞ ոչ: Վարչապետի ելույթում ճգնաժամի դասերից «ամենակարեւորը սոցիալական համերաշխության եւ վստահության մթնոլորտի ապահովումն» է: Բայց դրան հասնելը մի երկրում, ուր թողարկվող ամենամեծ թղթադրամը 2 անգամ մեծ է նվազագույն աշխատավարձից ու միջին կենսաթոշակից, 6-7 անգամ` հաշմանդամության համար տրվող նպաստից, իրատեսական չէ: