Փակե՛ք կազինոները

27/03/2009

Բաց նամակ ՀՀ նախագահին եւ վարչապետին՝
հայ կանանցից, մայրերից եւ անմեղ մանուկներից

Մեծարգո այրեր, մենք համոզված ենք, որ այն, ինչի մասին պետք է խոսենք, Դուք քաջատեղյակ եք, բայց լռում եք, քանի որ ներքոհիշյալը Ձեզ շրջապատող մարդկանց մտածված աշխատանքի արդյունքն է։

Իհարկե, տեղյակ եք, որ մի փոքր հանրապետությունում, որտեղ հազիվ թե լինի 1,5-2 մլն մարդ, 300.000-ը տառապում է խաղամոլությամբ, որի պատճառը Ձեր կողմից թույլատրվող՝ սնկի նման աճող խաղատներն են, որոնք արդեն կոչվում են «ժամանցի կենտրոններ»։

Խաղացողների մի մասին, որոնք իրենց ամբողջ ունեցվածքը, ծնողների դառը քրտինքով ստեղծվածը, մանուկների մի կտոր չոր հացի փողը թողել են խաղատներում, տրված են «Գոլդ» քարտեր, որով վերջիններս ազատ ելք ու մուտք ունեն, այդ, այսպես կոչված, «ժամանցի կենտրոններում»։ Երիտասարդներին ու պատանիներին կործանելուց հետո՝ հիմա էլ գովազդում են՝ խաղատուն միայն կանանց համար։

Այս հանրապետությունում ամեն ինչի չափն ու սահմանը վաղուց է անցած։

Ինչո՞ւ չէ, հայ կանանց մի ստվար զանգված ստեղծված «լավ պայմաններից» ելնելով՝ թափառում է արտերկրներում, հայ դուստրերը դարձել են շատ մուսուլմանական երկրներում հարճեր։

Հայ կինը, մեջքը ծռած, աշխատում է ուրիշի դռներում, իսկ ստիպված տանը անգործ նստած ամուսինը եւ զավակներն իրենց օրը մթնեցնում են «ժամանցի կենտրոն» կոչված վայրերում՝ այնտեղ թողնելով դառը դատածը։

Դուք, հարգելի ղեկավար այրեր, մի՞թե չեք անհանգստանում այդ խեղաթյուրված ճակատագրերով։ Ի դեպ, ասեմ Ձեզ, դրանց թվում են նաեւ շատ պաշտոնատար անձինք, բայց նրանք կորցնելու ոչինչ չունեն։ Նրանք իրենց երեխայի օրվա հացը չէ, որ տանուլ են տալիս, եւ վերջապես նրանք իրենց պահանջներին կարող են հագուրդ տալ Լաս Վեգասում եւ այլուր։

Ինչո՞ւ պետք է ձեզ հետաքրքրի՝ մարդիկ զբաղված են իրենց անձնական դժբախտություններով։ 300.000 x 3 (մեկ ընտանիքի միջին կազմը)՝ մոտավորապես 1 մլն մարդ չի հետաքրքրվում քանդվող հանրապետության խնդիրներով։ Ո՞վ է թույլ տվել, ո՞ւմ խղճին է նստած այն օրենքը, որով թույլատրվել է մի փոքր հանրապետությունում այսքան խաղատներ ունենալ։

Ձեր չափ իր ժողովրդի մասին «չեն մaտածում» հարեւան 2 հանրապետությունում, Ռուսաստանի շատ մեծ քաղաքներում, Եվրոպայի սրտում գտնվող Հունաստանում, որտեղ չկա նմանատիպ ոչ մի բան։

Ի՞նչ է նշանակում գովազդել՝ անվճար տաքսի ծառայություններ, խաղատներում բաժանել անվճար սնունդ եւ ալկոհոլային խմիչք, որի մեջ լցրած են հակում առաջացնող նյութեր։ Մարդիկ հոգեկան խանգարման վիճակում դուրս են գալիս կազինոներից եւ կարող են դիմել անկանխատեսելի քայլերի: Քանի՜-քանիսն են ինքնասպանություն գործել՝ իրենց ցած նետելով Կիեւյան կամրջից, բայց այդ մասին քար լռություն է մեր իրավապահ մարմինների կողմից։ Նրանք շատ ավելի «լուրջ» գործեր ունեն։

Մի՞թե սա ազգային անվտանգության խնդիր չէ, ի՞նչ պակաս եղեռն է, որ իրականացնում ենք ինքներս մեր նկատմամբ։

Մենք՝ հայ մայրերս եւ կանայք, պահանջում ենք հետաքրքրվել 300.000 խեղաթյուրված ճակատագրերով, ազգի վաղվա օրով, փակել «ժամանցի կենտրոնները», դրանք մեզ պետք չեն։ Մենք խնդրում եւ պահանջում ենք Ձեզանից՝ կրկին անգամ վերացնել, արմատախիլ անել այդ չարիքը Հայաստանից։

Հարյուրավոր հայ ընտանիքների մայրեր, կանայք, սովահար մանուկներ