Խոստումը չկատարեցին

27/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նոր-Արեշ փողոց, 127/1 հասցեի բնակիչները, տեւական ժամանակ է, ահազանգում են հանրակացարանային շենքի նկուղային հարկի անմխիթար վիճակի մասին: Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ մի քանի հրապարակումներ արդեն եղել են «168 Ժամում»:

Հիշեցնենք, որ հանրակացարանի նկուղային հարկում ապրում են մի քանի ընտանիքներ, որոնք նկուղում լցված ջրի պատճառով հայտնվել են հակահիգիենիկ եւ առողջության համար խիստ վտանգավոր վիճակում: Բանն այն է, որ նկուղում առկա ճահճաջրի պատճառով մարդիկ բնակվում են, բառիս բուն իմաստով, առնետների միջավայրում: Ավելին` վերջերս պարբերական բնույթ են կրում մանկահասակ երեխաներին առնետների կծելու դեպքերը: Նկուղային հարկի բնակիչների մոտ խոնավության պատճառով ի հայտ են գալիս տարբեր հիվանդություններ: Տեղի բնակիչ Գայանե Ծառատակյանի մոտ ուռուցք է հայտնաբերվել, եւ սենյակների խոնավության պատճառով այս մարդիկ իսկապես կանգնել են լուրջ խնդիրների առջեւ: «Ուռուցքը բավական չէ` էս քանի օրն արդեն չեմ դադարում փսխել: Ահավոր վիճակ է, էս խոնավությունը մեզ ողջ-ողջ թաղում է»,- ասում է տիկին Գայանեն` մատնացույց անելով «բորբոսնած» պատերի ճեղքերից երեւացող ջրի շերտը: Բանն այն է, որ նկուղային հարկի մի քանի ընտանիքների անդամները քաղաքային իշխանություններին արդեն քանի տարի ահազանգում են` խնդրելով իրենց տեղահանել այդ հարկից, կամ նկուղի ճահճաջուրը չորացնել: Ամիսներ առաջ «168 Ժամում» տպագրվածը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ Երեւանի քաղաքապետարանը եւ Էրեբունու թաղապետարանը, չգիտես ինչու, փորձում էին այս բնակիչների անհուսալի վիճակը, մեղմ ասած, «թաքցնել»: Այնուհետեւ բնակիչների ահազանգին հետեւեց «Հայլուրի» թողարկումը, որից հետո քաղաքապետարանի Կոմունալ բաժնի պետ Ֆ. Բասենցյանն արձագանքելով լրատվամիջոցներին` հրապարակավ խոստացավ փորձագետներ ուղարկել, ճշտել հանրակացարանային շենքի վթարայնության աստիճանը եւ ձեռնամուխ լինել այս խնդրի լուծմանը: Ֆ. Բասենցյանը նաեւ խոստացել էր շենքի վթարայնության աստիճանը սահմանելուց հետո նկուղային հարկի բնակիչներին կամ տեղահանել, կամ էլ` լուծել նկուղի ճահճաջրի խնդիրը: Ամիսներ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում Էրեբունի թաղապետարանի Բնակբաժնի պետ Արամ Մաջկալյանը նույնպես խոստացավ իսկույնեւեթ տեխնիկա ուղարկել եւ նկուղի ջուրը «չորացնել»: Մինչդեռ հանրակացարանի բնակիչների հավաստմամբ` «Մեքենաները եկան, տեսան, որ անհնար ա էդ ջուրը չորացնել` թողեցին, հեռացան: Ու էլի մնացինք էս ահավոր վիճակում»: Այսպիսով` ամիսներ են անցել քաղաքապետարանի եւ թաղապետարանի պաշտոնյաների խոստումներից, իսկ նկուղային հարկի բնակիչները շարունակում են ապրել ճահճաջրերի մեջ, սոսկալի խոնավ պայմաններում: Վերջիններս վստահեցնում են, որ` «Տեսանք էլ ճար չկա, հավաքեցինք բոլոր թերթերը, որոնք գրել էին էս խնդրի մասին, դիմում-խնդրանքով ուղարկեցինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ վարչապետը նամակը վերահասցեագրել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը կրկին լռում է»: Ինչեւէ, հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները մեր թերթի միջոցով համապատասխան պաշտոնյաներին խնդրում են հետամուտ լինել իրենց խնդրին, այլապես միտինգներ, ակցիաներ են կազմակերպելու՝ ինչպես ՀՀ նախագահական նստավայրի, այնպես էլ` ՀՀ կառավարության շենքի առջեւ: