Եվրոպայի հետ Հայաստանի համագործակցությունը բավական տարողունակ է եւ իրականացվում է բազմաթիվ ուղղություններով:
Այդ համագործակցության քաղաքական բաղադրիչներից մեկը ՀՀ-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) հարաբերություններն են, ինչը պայմանականորեն կարելի է համարել ՀՀ-ին` դեպի միասնական Եվրոպա տանող միջանկյալ ճանապարհ: ՀՀ-ում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ՀՀ-Եվրոպա համագործակցությունը նույնացնում են ՀՀ-ԵԽ հարաբերությունների հետ: Ընդ որում, դա երբեմն նաեւ դառնում է շահարկումների առարկա: Օրինակ, ՀՀ-ում արդեն թեւավոր է դարձել այն արտահայտությունը, թե «Եվրախորհուրդը մեզ համար Պոլիտբյուրո չէ»: Նման գնահատականներ են հնչում հիմնականում այն ժամանակ, երբ ՀՀ-ն թերանում է ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման մեջ: ԵԽ-ն այն եվրոպական կազմակերպություններից է, որին ՀՀ-ն 2003թ. անդամագրվել է որպես լիիրավ անդամ: Անդամագրվելով ԵԽ-ին, Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ` ժողովրդավարական ազատությունների ամրապնդման, համապատասխան ինստիտուտների եւ ենթակառուցվածքների ձեւավորման, ԼՂ-ի հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Այսինքն` 2003թ. ի վեր ԵԽ-ի կողմից ՀՀ-ն գտնվում է մոնիտորինգի ռեժիմում: Այդ ընթացքում ՀՀ-ում կատարվել են բազմաթիվ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնց մի մասը հասարակական հնչեղություն է ստացել (օրինակ` մահապատժի վերացումը, այլընտրանքային զինծառայության ամրագրումը եւ այլն): Բացի այդ, ՀՀ հասարակությունը շատ քաղաքականացված է, ինչն առաջին հերթին արտահայտվում է համապետական ընտրությունների ժամանակ, երբ եվրոպական տարբեր կառույցներ իրականացնում են մոնիտորինգներ, որոնց արդյունքները դառնում են հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգի անբաժանելի մաս (օրինակ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների զեկույցները): Դրանք անդրադառնում են նաեւ ՀՀ-ԵԽ հարաբերությունների վրա: Այդ փոխկապակցվածությունը արդիական է նաեւ այսօր, քանի որ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունները եւ դրան հաջորդած իրադարձությունները դարձել են փորձաքար` ՀՀ-ԵԽ հարաբերություններում: Նման խնդիրներ էին առաջացել նաեւ 2003թ. նախագահի ընտրություններից հետո, երբ կրկին քննարկվում էր ԵԽ ԽՎ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, ինչը տեղի չունեցավ միջանկյալ լուծումների շնորհիվ: Սակայն 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից եւ հայտնի մարտյան իրադարձություններից հետո ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցած զարգացումները ամենաբարդն էին 2003թ. ի վեր ՀՀ-ԵԽ հարաբերություններում: 2008թ. փետրվարի 19-ից հետո ԵԽ ԽՎ-ն ՀՀ-ի վերաբերյալ ընդունեց 3 հիմնական բանաձեւեր (1609, 1620, 1643), որոնցում լուծումներ էին առաջարկում ՀՀ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: Այդ բանաձեւերի պահանջների ոչ բավարար կատարման արդյունքում 2008թ. դեկտեմբերին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկեց ԵԽ ԽՎ-ին՝ հունվարյան նստաշրջանում ՀՀ-ին զրկել ձայնի իրավունքից: Սակայն դա տեղի չունեցավ, եւ ՀՀ-ին հնարավորություն տրվեց մինչեւ ապրիլյան նստաշրջան համապատասխան քայլեր կատարելու համար: Եվ մարտի 31-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Վալենսիայում կայանալիք նիստում հերթական անգամ քննարկվելու է ՀՀ-ի կողմից ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջները կատարելու հարցը: Մոնիտորինգի հանձնաժողովը այդ նիստի արդյունքում ԵԽ ԽՎ-ին համապատասխան երաշխավորություն է տալու, որը կպայմանավորի ՀՀ-ԵԽ հետագա հարաբերությունները: Այս օրինակը լավագույնս ապացուցում է, որ ԵԽ-ն որոշակիորեն միջանկյալ դեր է խաղում ՀՀ-Եվրոպա հարաբերություններում: