Չնայած եվրոպական տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ Հայաստանի անդամակցությունը սկսել է ՀՀ-ի անկախացումից գրեթե անմիջապես հետո, մինչեւ օրս էլ մեր հասարակության մեջ միասնական Եվրոպայի մասին պատկերացումները միասնական չեն: Դա արտահայտվում է նույնիսկ տեղեկացվածության հարթությունում. այսօր կարելի է հանդիպել շատերին, ովքեր չգիտեն, ասենք, Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի տարբերությունները: Իսկ դա հանգեցնում է նաեւ այս կառույցներից յուրաքանչյուրի, արդյունքում` Եվրոպայի հասարակական ոչ միանշանակ ընկալման: Այդ առումով, կարծում ենք, արդարացված է մեր առաջին թողարկումը սկսել Եվրամիության մասին տեղեկատվությամբ: Եվ ուրեմն` ի՞նչ է Եվրամիությունը:
Եվրոպական Միությունն իր տեսակի մեջ յուրահատուկ տնտեսական եւ քաղաքական համագործակցություն է, որը միավորում է եվրոպական 27 ժողովրդավարական պետությունների։ Դրանք այն երկրներն են, որոնք ստորագրել են Եվրոպական Միության մասին համաձայնագիրը (Մաասթրիխթյան համաձայնագիր)։ ԵՄ-ն ինքնատիպ միջազգային կառույց է, այն իմաստով, որ նրանում ներդաշնակված են թե՛ միջազգային կազմակերպության, թե՛ պետության բնորոշ գծեր: Սակայն ֆորմալ առումով ԵՄ-ն չի հանդիսանում ո՛չ մեկը, եւ ո՛չ էլ մյուսը։ Եվրոպական ինտեգրացիայի գործընթացի մեկնարկային կետ է համարվում Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբեր Շումանի հռչակագիրը (1950թ. մայիսի 9), որով առաջարկվում էր ստեղծել Ածխի եւ պողպատի եվրոպական միավորում (ԱՊԵՄ)։ Այս կառույցի հիմնադրման պայմանագիրը ստորագրեցին 6 երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը եւ Իտալիան, 1951թ. ապրիլի 18-ին։ Սա համարվում է ներկայիս Եվրամիության ստեղծման պատմության առաջին փուլը։ Ածխի եւ մետալուրգիայի ոլորտի ինտեգրացումը ճանապարհ հարթեց տնտեսության մյուս ճյուղերի զարգացման եւ ինտեգրացիայի համար, ինչի արդյունքում՝ 1957թ. մարտի 25-ին, ԱՊԵՄ անդամ երկրները ստորագրեցին Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) հիմնադրման եւ Ատոմային էներգիայի եվրոպական ընկերակցության մասին պայմանագրերը։ Վերը նշված երեք կառույցներից ամենամեծ դերակատարությունն ունեցավ ԵՏՀ-ն, որի գլխավոր նպատակն էր՝ մաքսային միության եւ ընդհանուր շուկայի ստեղծում՝ անդամ երկրների տարածքում մարդկանց, ապրանքների, կապիտալի եւ ծառայությունների ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Պայմանագիրը ստորագրած երկրները պարտավորվեցին ներդաշնակեցնել իրենց տնտեսական քաղաքականությունը եւ օրենսդրությունը։ ԵՏՀ-ի հաջող զարգացմանը զուգահեռ՝ եվրոպական մյուս պետությունները սկսեցին մեկը մյուսի ետեւից անդամակցել նրան հետեւյալ ժամանակագրական հաջորդականությամբ` 1973թ.՝ Մեծ Բրիտանիա, Դանիա, Իռլանդիա, 1981թ.՝ Հունաստան, 1986թ.՝ Իսպանիա, Պորտու
գալիա, 1995թ.՝ Ավստրիա, Ֆինլանդիա, Շվեդիա, 2004թ.՝ Հունգարիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մալթա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա, Չեխիա, Էստոնիա, 2007թ.՝ Բուլղարիա, Ռումինիա։ Իսկ ըստ էության, այս գործընթացի հիմքը համավող ԵՏՀ-ի կայացումը տեղի է ունեցել մի քանի փուլերով։
1957-1968։ Ազատ առեւտրի գոտու ստեղծում։ Վերացվեցին անդամ-պետությունների միջեւ մաքսային տուրքերը, քվոտաները եւ այլ սահմանափակումները։
1968-1987։ Մաքսային միություն։ Միասնական մաքսային ռեժիմ եւ առեւտրային քաղաքականություն՝ երրորդ երկրների հետ հարաբերություններում։
1987-1992։ Միասնական ներքին շուկա։ Աշխատուժի, կապիտալի եւ ծառայությունների ազատ տեղաշարժ։
1992-2002։ Տնտեսական եւ արժութային միություն։ Միասնական դրամավարկային քաղաքականություն եւ միասնական արժույթ՝ եվրո։
Եվրոպական համայնքի ընդլայնման ընթացքում՝ 1992թ. փետրվարի 7-ին, հոլանդական Մաասթրիխթ քաղաքում ստորագրվեց կարեւոր մի համաձայնագիր, որը սկիզբ դրեց այժմյան Եվրոպական Միությանը։
Ներկայումս էլ ԵՄ-ն գտնվում է որոշակի վերափոխումների գործընթացում: Մի կողմից կատարելագործվում են ԵՄ անդամ պետությունների եւ հարեւան երկրների միջեւ տնտեսական համագործակցության մեխանիզմները, մյուս կողմից` ԵՄ-ի, այսպես ասած, քաղաքական համակարգը: Խոսքը մասնավորապես Եվրոպական Սահմանադրության մասին է: «Եվրոպայի համար Սահմանադրության ընդունման մասին պայմանագիր» պաշտոնական անվանումով այդ փաստաթուղթը ստորագրվել է Հռոմում` 2004 թ. հոկտեմբերի 20-ին: Ներկայումս, սակայն, Եվրոպական Սահմանադրության ընդունումը պայմանավորվում է 2007 թ. դեկտեմբերի 13-ին Լիսաբոնում ստորագրված պայմանագրով, որը հանդիսանում է առաջին փաստաթղթի համեմատաբար պարզեցված տարբերակը: Եվրոպական Սահմանադրության ընդունման հետ կապված գործընթացները այսօր շարունակվում են, եւ դրան ավելի հանգամանորեն կանդրադառնանք «Եվրոպական պատուհանի» թողարկումներից մեկում: