Եվրոպական պատուհան

27/03/2009

Այս թողարկմամբ «168 Ժամը», Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, սկսում է պարբերական հրապարակումների շարք, որի նպատակն է եվրոպական արժեհամակարգի եւ եվրոպական ընտանիքի հետ Հայաստանի գործնական հարաբերությունների ներկայացումը: «168 Ժամի» յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրվա համարում այս հավելվածի շրջանակներում մենք կներկայացնենք պետության եւ հասարակության կենսագործունեության որեւէ բնագավառում եվրոպական կազմակերպությունների ու կառույցների ներգրավվածությունը, Հայաստանի կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից այդ կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերը եւ ընդհանրապես Եվրոպայի դերը ՀՀ կյանքում: Հետեւաբար՝ թողարկման էջերում կներկայացվեն ինչպես տեղեկատվական բնույթի հրապարակումներ, այնպես էլ այս կամ այն խնդրի հետ կապված ինչպես տեղական, այնպես էլ՝ եվրոպական գործիչների, փորձագետների կարծիքներ ու մեկնաբանություններ: Իսկ թեմաների ընտրությունը կկատարվի ելնելով եվրոպական համագործակցության համատեքստում ՀՀ-ի համար դրանց կարեւորությունից եւ արդիականությունից: «Եվրոպական պատուհան» հավելվածի նպատակն է՝ հասարակության համար հնարավորինս մատչելի ձեւով ներկայացնել միասնական Եվրոպան, եվրոպական քաղաքականության ու գերակայությունների այն ուղղությունները, որոնք առնչվում են նաեւ անցումային փուլում գտնվող երկրներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանը: Ի՞նչ գործնական օգուտներ կարող է ունենալ Հայաստանը եվրաինտեգրման գործընթացից` կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: Այս տեսանկյունից, բնականաբար, մեծ ուշադրություն կդարձվի Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին, որը միանգամայն նոր որակական հարթություն է տեղափոխելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Ի՞նչ դեր կարող են ունենալ Եվրոպան ընդհանրապես եւ եվրոպական կազմակերպությունները մասնավորապես` ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների եւ ինստիտուտների կայացման գործում: Ինչպե՞ս կանդրադառնան առաջին հայացքից հռչակագրային թվացող այդ փոփոխություններն առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու կյանքի եւ կենսամակարդակի վրա: Ի՞նչ հեռանկարներ կարող են լինել եվրաինտեգրման գործընթացի արդյունքում երկրի տնտեսական զարգացման եւ քաղաքացու կենսամակարդակի բարձրացման համար: Որո՞նք են այսօրվա Եվրոպայի հիմնախնդիրները, ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած Եվրոպան եւ եվրոպական պետությունները, որո՞նք են այդ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու հնարավորությունները: «Եվրոպական պատուհան» հավելվածի յուրաքանչյուր համարում փորձ կարվի գտնել այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ: