Մարտի 20-ին Բրյուսելում կայացած գագաթաժողովում Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները հավանություն են տվել Արեւելյան գործընկերության ծրագրին, որը նախատեսում է սերտացնել ԵՄ ռազմավարական համագործակցությունը հետխորհրդային վեց պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ: ԵՄ-ի ընդունած հռչակագրում՝ որպես այս ծրագրի հիմնական նպատակ, ձեւակերպված է. «ԵՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրներում ամրապնդել կայունությունը, արդյունավետ կառավարումը եւ տնտեսական զարգացումը»: Ծրագրում ընդգրկված երկրների համար այն կարող է ապահովել ազատ առեւտրի ռեժիմ, տնտեսական օժանդակություն եւ խորհրդատվական օգնություն պաշտպանության ու անվտանգության բնագավառներում: ԵՄ-ում չեն բացառում, որ հնարավոր է նաեւ մեղմացվեն վիզային սահմանափակումները ծրագրում ընդգրկված երկրների քաղաքացիների համար: Մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթաժողովում պաշտոնապես մեկնարկող այս ծրագրի համար ԵՄ-ն նախատեսում է հավելյալ տրամադրել 600 միլիոն եվրո: «Եվրոպական պատուհանի» հաջորդ թողարկումն ամբողջությամբ նվիրված կլինի ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին: