– Որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները Եվրոպական համայնքի հետ հարաբերություններում:
– Եվրոպական համայնքի հետ հարաբերություններում Հայաստանի համար առաջնահերթությունները արտացոլված են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրում եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրում, որի իրականացումը առավելապես նպատակ ունի նպաստել արժեքների վրա հիմնված քաղաքական հաստատությունների զարգացմանը, տարածաշրջանային կայունության եւ համագործակցության խորացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը եւ շուկայական տնտեսության անցնելու փուլն իր ավարտին հասցնելուն:
– Եվրամիության հետ Հայաստանը հարաբերությունների ի՞նչ որակի է ձգտում միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:
– Եվրամիության հետ մեր հարաբերությունները եւ համագործակցության մակարդակը զարգանում եւ բարձրանում են արդյունավետ եւ հետեւողական: 1999թ. ուժի մեջ մտավ 1996թ. ստորագրված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը: Մի քանի տարի անց Հայաստանը դարձավ Եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակից, ինչը նշանակում է քաղաքական երկխոսության եւ տնտեսական համագործակցության նոր, ավելի բարձր մակարդակ: Այս տարի նախատեսվում է բարձրացնել փոխգործակցության մակարդակը, ինչը կհաստատի Արեւելյան գործընկերության մեկնարկը: Միջնաժամկետ հեռանկարում մենք հիմնականում ակնկալում ենք քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների խորացում, ինչը կնպաստի տնտեսական աճին, օրենսդրության ներդաշնակեցմանը, աղքատության նվազեցմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը: Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարում Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապա այստեղ ցանկալի արդյունք է, որպեսզի Եվրոպան լինի ավելի մոտ եւ բաց, իսկ Հայաստանը` որպես մի պետություն, որի եւ՛ օրենսդրությունը, եւ՛ իրավակիրառական պրակտիկան, ինչպես նաեւ՝ տնտեսավարման մեխանիզմները՝ լիովին կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին:
– Առաջիկայում տեղի է ունենալու ԵՄ Արեւելյան հարեւանության ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողով: Ի՞նչ է ակնկալում Հայաստանը դրանից:
– Այո, մայիսին Պրահայում կհաստատվի Արեւելյան համագործակցության նոր ձեւաչափի նախաձեռնության մեկնարկը: Այս նոր նախաձեռնության օրակարգում ընդգրկված են այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են` ազատ առեւտրի պայմանագրի ստորագրումը, մուտքի վիզաների դյուրացումը, ավելի բարձր մակարդակի ֆինանսական համագործակցությունը, տարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացումը: Եվս մի կետ, որը շատ եմ կարեւորում. Արեւելյան գործընկերությունը նախատեսում է ոչ միայն ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացում, այլ նաեւ բազմակողմանի համագործակցության մակարդակի բարձրացում` նախաձեռնություն մասնակից երկրների միջեւ: Այս կառույցը պետք է միանշանակ ուղղված լինի համագործակցությանը եւ զերծ մնա սուբյեկտիվությունից եւ շահարկումներից:
– ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում արտոնյալ պայմաններ նախատեսող GSP+ ծրագիրը Հայաստանի համար ե՞րբ կարող է կյանքի կոչվել գործնականում:
– Առեւտրի լիարժեք ազատ ռեժիմը կգործի ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրումից հետո: GSP-ն առեւտրային ավելի բարձր մակարդակի ռեժիմ է, սակայն ազատ առեւտրի լիարժեք ռեժիմ չէ: GSP+-ն ունենալու համար հայաստանյան կողմը, մի քանի տարի է, բանակցում է Եվրահանձնաժողովի հետ: Սրա արդյունքում՝ մի քանի հազար ապրանքատեսակների համար կգործի զրոյական մաքսատուրք, այսինքն` այդ ապրանքատեսակների համար կգործի ազատ առեւտրի ռեժիմը: Վստահ եմ, որ GSP+-ն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է դրա մասին մանրամասն տեղեկացնել մեր գործարարներին եւ սովորեցնել, թե ինչպես պետք է օգտվել դրանից:
– Հայաստան-Եվրախորհուրդ հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները որքանով եւ ինչպես են խոչընդոտում ՀՀ-Եվրոպական համայն հարաբերություններին:
– Այս երկու կառույցների հետ ունեցած մեր հարաբերությունները թե՛ էությամբ, եւ թե՛ բովանդակությամբ էապես տարբերվում են միմյանցից: Բացի այդ, տարբերվում է այդ կազմակերպությունների հետ մեր համագործակցության ֆորմատը: Մենք հանդիսանում ենք ԵԽ լիիրավ անդամ, այսինքն` մասնակցում ենք այդ կառույցի բոլոր աշխատանքներին, իսկ ԵՄ-ի հետ մենք գործընկերներ ենք: Եվ այդ գործընկերային հարաբերությունները զարգանում են հետեւողական եւ քաղաքական շահարկումներից զերծ: