Հայաստանում «շենգենի վիզա» արտահայտությունը համարվում է Եվրոպա մուտք գործելու առաջին նախապայմանը: Հասարակության շրջանում դրա առկայությունը ընկալվում է որպես երկրներում ազատ տեղաշարժի, հետեւաբար նաեւ՝ բիզնեսով զբաղվելու հնարավորություն: Սակայն նույնիսկ գործող «վիզային ռեժիմի» պայմաններում, Եվրամիությունը տնտեսական առումով առաջնային նշանակություն ունի Հայաստանի առեւտրային հարաբերություններում:
Եվրոպայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները եւ համագործակցությունը սկիզբ են առել 1991 թ. Հայաստանի անկախացումից անմիջապես հետո։ Պետք է նշել, որ այդ հարաբերություններում գերիշխող է եղել ֆինանսական, տեխնիկական եւ մարդասիրական օգնության դերակատարությունը. 1991թ. ի վեր Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը ՀՀ-ին կազմել է ավելի քան 380 միլիոն եվրո: Մարդասիրական աջակցությունը կազմել է մոտ 120 միլիոն եվրո եւ նպաստել է 1990-ականների կեսերին ՀՀ-ում ստեղծված դժվարին իրավիճակի մեղմացմանը: Միայն Եվրամիության TACIS ծրագրի ազգային հատկացումների եւ Պարենի ապահովության ծրագրի կողմից ՀՀ-ին տրամադրված միջոցների ծավալը կազմել է շուրջ 200 միլիոն եվրո: ՀՀ անկախացումից ի վեր TACIS-ը նպաստել է Հայաստանի անցմանը շուկայական տնտեսությանը` հիմնականում իրավական եւ կարգավորիչ դաշտերում աջակցության, ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ի հետ մերձեցման եւ Հայաստանի՝ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը անդամակցելու աջակցության միջոցով:
Իրավական կարգավորում
ՀՀ-ԵՄ հարաբերությունների (այդ թվում՝ տնտեսական) իրավական կարգավորումը սկսվել է ՀՀ անկախացումից 5 տարի անց՝ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված եւ 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրով (ԳՀՀ), որը հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքը եւ համագործակցության լայն բնագավառներ է սահմանում քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսական, օրենսդրական եւ մշակութային համագործակցության համար: Կողմերը համաձայնվել են միմյանց տալ Ամենանպաստավոր Պետության կարգավիճակ։ Նշենք նաեւ, որ մինչեւ վերջերս ՀՀ-ն օգտվում էր ԵՄ-ի Արտոնությունների Ընդհանրացված Համակարգից (GSP), որը վերջերս փոխարինվեց ավելի մեծ հնարավորություններ ընձեռող GSP+ համակարգով:
Հարեւանության օգուտները
2004թ. մայիսի 1-ին Եվրամիությունն ընդլայնվեց` իր կազմում ընդունելով տասը նոր անդամ-պետությունների: Դա փոփոխություններ մտցրեց ԵՄ-ի քաղաքական աշխարհագրությունում` նոր հնարավորություններ ընձեռելով միության եւ իր հարեւանների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների ամրապնդման համար։ 2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: ԵՄ նախաձեռնությամբ ՀՀ-ի ընդգրկումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր մակարդակ. գործընկեր եւ համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարեւան երկիր: 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվեց եւ ստորագրվեց ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագիրը (ԳԾ)՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ օրենսդրության, իրավական նորմերի եւ ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշերին, ամուր հիմքեր ստեղծել հետագա տնտեսական ինտեգրման համար՝ հիմնվելով տնտեսության եւ առեւտրի բնագավառում այնպիսի կանոնների եւ դրույթների ընդունման եւ կիրառման վրա, որոնք կխթանեն առեւտուրը, ներդրումները եւ տնտեսական աճը: 2005թ. մայիսի 1-ին ստեղծվեց ԵՄ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցչությունը, եւ նշանակվեց ներկայացուցիչ, որի նստավայրը Բրյուսելն է:
GSP+
Ինչպես արդեն նշվեց, ՀՀ-ն օգտվում էր ԵՄ-ի «Արտոնությունների Ընդհանրացված Համակարգ» (GSP) առեւտրային ռեժիմից։ 2009թ. հունվարի 1-ից GSP-ն փոխարինվեց «Արտոնությունների Ընդհանրացված, Համալրված Համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմով։ GSP+ ռեժիմը հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկաներ արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով։ ԵՄ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Գարեգին Մելքոնյանի խոսքերով, սա կնպաստի ՀՀ-ԵՄ առեւտրի ծավալների աճին եւ հայկական արտադրանքի` ԵՄ երկրներում ճանաչում ձեռք բերելուն: Ռեժիմը գործելու է մինչեւ 2011թ. ավարտը, սակայն այժմ առեւտրի ոլորտում նոր բանակցություններ են ընթանում ազատ առեւտրի ռեժիմի անցնելու վերաբերյալ: Նման բանակցությունները սովորաբար տեւում են 1-2 տարի, եւ բանակցային գործընթացի բարեհաջող ավարտից հետո ՀՀ-ն կարող է ընդգրկվել ԵՄ երկրների հետ առեւտրի զրոյական մաքսատուրքի համակարգում:
Ամենամեծ տեսակարար կշիռը
Եվրամիությունը ներկայումս հանդիսանում է ՀՀ թիվ 1 առեւտրային գործընկերը։ Ասվածի ապացույցն է այն, որ 2008թ. ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության 35.3%-ը բաժին է ընկնում ԵՄ երկրներին (գծապատկեր 1)։
Ընդ որում, ՀՀ-ԵՄ արտաքին առեւտրաշրջանառությունը աճել է նախանձելի տեմպերով։ Եթե 2003թ. առեւտրաշրջանառության ծավալը կազմում էր ընդամենը 687.4 միլիոն դոլար, ապա 2008-ին այդ ցուցանիշը կազմել է 1.698 միլիարդ։ Այսինքն՝ 5 տարվա ընթացքում ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը աճել է 2.5 անգամ։ Նշենք նաեւ, որ ԵՄ-ն ՀՀ-ի համար, այսպես ասած, ավելի շահավետ գործընկեր է՝ այն առումով, որ ՀՀ-ի ընդհանուր արտահանման շուրջ 54%-ը բաժին է ընկնում հենց ԵՄ երկրներին (առաջին հերթին՝ Գերմանիային եւ Նիդեռլանդներին)։