Պետության «լավության» տակից դուրս կգա

27/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի բնակիչ 46-ամյա Հարություն Համամջյանը, ով եկել է ոչ թե մեր պետությունից բողոքելու, այլ` խնդրելու:

«Ես խնդրում եմ, որ մեր պետությունն ինձ բուժվելու հնարավորություն տա, ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, որոնք գնալով բարդանում են»,- ասում է նա` հավելելով, որ անհապաղ բուժօգնությունից է կախված իր հետագա կյանքը: Բանն այն է, որ անցյալ տարի շինարարության վրա աշխատելու ժամանակ Հարությունի մեջքին է ընկել ցեմենտով լի պարկը, ինչի պատճառով նա ուղեղի ցնցում է ստացել: Այդ միջադեպից հետո Հարությունի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա դիմել է բժշկական միջամտության: Ապարանի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի կատարած հետազոտությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ուղեղի ծանր հիվանդություն, որից հետո Ապարանի հիվանդանոցի գլխավոր նյարդաբանը նրան ուղեգրել է Երեւան` «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժվելու. «Ինձ գյուղում բուժօգնություն ցուցաբերել են, դեղորայք են նշանակել, որոնք միշտ խմում եմ, բայց քանի որ հիվանդությունս բարդանում ա` ուղարկեցին էստեղ: Ապարանի հիվանդանոցը նեւրոլոգիական մասնագիտական շատ հնարավորություններ չունի, դրա համար էլ ուղարկեցին Երեւան»: Ինչեւէ, Հարությունը դիմել է «Արմենիա» բուժկենտրոնի Նեւրոլոգիական բաժանմունք, որտեղից պահանջել են բուժման համար վճարել 110.000 դրամ, կամ պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու համար ներկայացնել ընտանեկան նպաստի շահառուի փաստաթուղթ: Մինչդեռ, վերջինս ընդգրկված չէ ընտանեկան նպաստառուների ցուցակում, քանի որ ոչ ընտանիք ունի, ոչ էլ մշտական բնակության վայր: Հարությունը վստահեցնում է, որ տարիներ շարունակ բնակվում է ազգականների տանը, քանի որ բնակարան չունի: Ասում է` «Դիմեցի գյուղապետին` խնդրելով «Փարոսի» թուղթ տալ մենակ նրա համար, որ ինձ անվճար բուժեն: Ասեցի` ինձ պետք չի էդ նպաստը, մենակ թե իրանց ուզած փաստաթուղթը տվեք, բուժվեմ: Գյուղապետը մի թուղթ տվեց, որը փաստորեն չանցավ»: Մեր ձեռքի տակ է գտնվում Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանի տրամադրած այն փաստաթուղթն, ըստ որի` Հ. Համամջյանը չունի ոչ մի սեփականություն, բացի 1991թ. սեփականաշնորհված 0,3810հա վարելահողից: Սակայն այս փաստաթուղթը հիմք չի հանդիսացել, որպեսզի «Արմենիա» բուժկենտրոնում նա անվճար բուժoգնություն ստանա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանին ուղղած Հ. Համամջյանի դիմումին ի պատասխան՝ Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը պատասխանել է. «Ի պատասխան ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ուղղած Ձեր դիմումի հայտնում եմ, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (նախկինում Փարոս համակարգ) չհաշվառված ընտանիքները չեն կարող օգտվել այդ համակարգով տրվող որեւէ օգնությունից (ընտանեկան նպաստ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ եւ այլն): Հաշվառվելու եւ վերհիշյալ օգտվելու հարցով խորհրդատվություն եւ պարզաբանումներ կարող եք ստանալ սոցիալական ծառայությունների Ապարանի տարածքային գործակալությունից»:

Այնուամենայնիվ, Հ. Համամջյանը Հայաստանի հանրապետության քաղաքացի է, որն ընկել է դռնեդուռ եւ խնդրում է բուժվելու հնարավորություն տալ, այլապես աստիճանաբար կորցնում է հիշողությունն, ու ուղեղի հետ կապված ծանր հիվանդությունը զրկում է նրան նորմալ գիտակցելու ընդունակությունից: Հարությունը վստահեցնում է, որ անվճար բուժվելու հնարավորություն տալու դեպքում ինքը «պետության լավության տակից դուրս կգա». «Ես շատ աշխատասեր մարդ եմ: Ամբողջ կյանքս բազուկներիս եմ զոռ տվել ու հաստատ մեր պետության համար բարեխիղճ քաղաքացի եմ եղել: Կողքից փող աշխատելու հնարավորություն եմ ունեցել, բայց ազնվությունս չկորցնելով՝ վերցրել եմ այնքանն, ինչքան պետք է վերցնեի: Ես մեր պետությանը պետք եմ եղել, որովհետեւ ասֆալտ փռելուց էն 2 սմ բաց թողած տարածքի համար գլուխ եմ ջարդել, պահանջել եմ բարեխիղճ աշխատել: Փոստատար եմ եղել, թերթ եմ ցրել, բայց ավել տված գումարը չեմ վերցրել: Հիմա պետությունն ինձ շատ պետք ա, ու խնդրում եմ, որ ձեռք մեկնեն ինձ, թույլ տան անվճար բուժվել»: Ինչեւէ, Նիգավանի բնակիչ Հ. Համամջյանը պետության հանդեպ չչարանալու դեղատոմսը գտել է` բանաստեղծություններ է գրում: