Տեխասյան բարքեր՝ Հաղարծին գյուղում

27/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անանուն նամակի հետքերով

Մեկ շաբաթ առաջ մեր թերթի խմբագրությունը Հաղարծին գյուղից անանուն նամակ ստացավ, որտեղ սունկ հավաքողների մի խումբ իր մտահոգությունն էր արտահայտում Դիլիջանի անտառների ոչնչացման կապակցությամբ: «Կտրվում են 300-400 տարեկան կաղնի ծառեր: 2008-ից մինչեւ այսօր կտրվել եւ հնձվել է մոտ 2500-3000 հատ կաղնի ծառեր: Մենք սունկ հավաքողներ ենք, եւ դա տեսնում ենք համարյա ամեն օր»,- նամակում գրել էին նրանք (նամակից մեջբերված հատվածները ներկայացնում ենք չնչին սրբագրմամբ): Երեւույթը պարզելու համար նամակի հետքերով գնացինք Տավուշի մարզի Հաղարծին գյուղ: Նամակագիրները տեքստի վերջում բառացիորեն ստորագրել են՝ «Մի խումբ Հաղարծին գյուղի բնակիչներ», իսկ ծրարի վրա նշված էր. «Տավուշի մարզ, գ. Հաղարծին, Բադալյան Մուշեղ»: Դեռ Հաղարծին գյուղ չհասած` եւս մեկ անգամ կարդացի նամակն ու այն «ուղարկող» Մ. Բադալյանի անուն-ազգանունը: Հետո հարցրեցի միկրոավտոբուսի ուղեւորներին, որոնցից շատերը հաղարծինցիներ էին, թե արդյո՞ք ճանաչում են իրենց համագյուղացի Մուշեղ Բադալյանին: «Աղջիկ ջան, մեր Ջարխեչում էդպիսի մարդ երեւի չկա»,- ասացին նրանք`շարունակելով թվարկել գյուղի բոլոր Մուշեղներին, ու հետո վստահեցնելով, որ գյուղում էդպիսի ազգանվամբ Մուշեղի չեն ճանաչում: Հաղարծնի գյուղամիջում էլ հավաքված տարեցները չհիշեցին իրենց համագյուղացի Մուշեղին, բայց հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ եմ փնտրում նրան: «Աղջիկ ջան, խի էդ նորությո՞ւն ա, որ անտառները կտրում են: 1992-ից սկսած կտրում են, էլի, բայց էդ հո նոր չի՞: Բա ի՞նչ անեն գյուղացիք, ինչո՞վ ապրինք: Կարո՞ղ ա լուսնից ես գալիս…»,- պատասխանեց գյուղացիներից մեկը: Անցորդներից մի կին էլ, սա լսելով, ասաց, որ ինքը թեեւ բադալյանների տոհմածառը լավ է հիշում, բայց «տեղը չի կարողանում բերել Մուշեղին»: «Չէ, հաստատ չկա: Բայց հիմիկ էդ ի՞նչ կարեւոր ա»,- ասաց Գրետա Բադալյանն ու ներկայացրեց գյուղի առօրյան ու խնդիրները: «Մեր տանը ոչ մեկը չի աշխատում` հարսս մուզիկանտ էր, հիմա աշխատանք չունի, թոռներս էլ դպրոցական են, թուղթ-գրիչ են ուզում: Հենց նոր էլ կարմիր լոբին լցրել եմ, որ ուտեն, հաց են ուզում: Բա որտեղի՞ց տամ: Գոնե եղանակները մի քիչ բացվեն, գնանք սոնգուն, սինդեղ բերենք: Հիմիկ չենք կարա սոնգուն բերենք, եղանակները մի թեթեւ տաքանան` տղաս գնալու ա»,- նշում է գյուղացի կինը: Վերջինս ներկայացրեց նաեւ սունկ հավաքելու բոլոր դժվարությունները, որոնք ընտանիքում հաղթահարում է միայն տղան, թեեւ երբեմն էլ ինքն է օգնում: «Մի սեզոն կա, որ ջարխեչցիք գնում են սարերը: Էդ ժամանակ ամենաէժանն ա լինում սոնգունը` 100 դրամ, հիմիկ դժվար ա գտնել»,- ավելացնում է թոշակառու կինը: Իսկ Արարատի ու տիկին Սեդայի համար անգամ սեզոնի դժվարությունները հաղթահարելն էր դյուրին: Նրանք առաջին սունկ վաճառողներն են: «Հես ա մի շաբաթից էստեղ տեղ չի լինելու` ամբողջ տրասը լիքը սունկ: Մի հատ անձրեւ գա, ու մի անգամ էլ արեւ անի, տեսեք ինչքան սունկ են վաճառելու: Իսկ գիտե՞ք, որ սարերն եմ հասնում, որ էս մի քանի կիլո սունկը բերեմ: Սարերում ձյունը չի հալել»,- ասում է նա: Այստեղ հետաքրքիրն այն է, որ մեր հանդիպած բոլոր սնկավաճառները միակարծիք էին այն հարցում, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ նամակ չի գրել ծառահատումների մասին: «Ձեզ ի՞նչ ա թվում: Մենք կարող ա էդքան պարապ ենք, որ նստենք` ծառեր հաշվենք: Թե անտառ գնում ենք` մենակ քեֆ անելու համար: Չէ, հացի խնդիր լուծողը չի կարա հաց կտրի»,- ասացին նրանք` հիշելով, թե 90-ական թվականներին ինչպես էր ամբողջ գյուղն օգտվում վառելափայտից, մինչդեռ, ինչպես ասացին գյուղացիները, հիմա գյուղի մեծ մասը բնական գազ ունի ու անտառին էլ չի մոտենում, սակայն գյուղն այսօր ունի այլ խնդիր:

Հաղարծինը` փոքրիկ Տեխաս

Հաղարծնում օրեցօր աճում է հանցագործության ցուցանիշը: Ըստ գյուղացիների` վերջին մեկ ամսվա ընթացքում գյուղում կատարվել է շուրջ 30 գողություն: «Էս դեկտեմբերին մասկայով մարդիկ մտան մեր տուն ու տանն ինչքան ոսկի կար` տարան»,- ասում է գյուղացիներից պարոն Ռազմիկը: Նա զարմանում է, որ մինչ այսօր գողության որեւէ դեպք չի բացահայտվել, մինչդեռ գյուղապետարանում իրավիճակն ավելի պարզ է: Փետրվարի լույս 25-ի գիշերն անհայտ անձինք գյուղապետարանի վրա նռնակ նետեցին, որի կատարողներին իրավապահ մարմիններին դեռեւս չի հաջողվել գտնել, չնայած գյուղապետ Սարգիս Պողոսյանը արդեն համոզված է գողերի ինքնության հարցում: Վերջերս էլ նույն սպառնալիքը լսել է դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը: «Մենք ամեն օր վախով ենք ապրում: Երբ լուսանում է, մտածում ենք, որ էսօր էլ փրկվեցինք, բայց մինչեւ ե՞րբ»,- նշում է դպրոցի տնօրենը: Ըստ նրա` իրենց գյուղացիների նախասիրություններից մեկն էլ անանուն նամակներ գրելն է: Դեռ մի քանի ամիս առաջ ինչ-որ մեկը նամակ էր գրել «լուսավորության մինիստրություն» ու բողոքել դպրոցի «հրեշից»: «Կրթության եւ գիտության նախարարությունից երկու շաբաթով դասալսումների եկան: Վերջում էլ գոհ գնացին»,- ասում է տնօրենը: Իսկ որոշ ժամանակ առաջ էլ կրկին մի անանուն նամակ ուղարկվեց Բնապահպանության նախարարություն, որում բողոքում էին Հաղարծնի վանքի մոտ գտնվող բենզալցակայանից, մինչդեռ կրկին մասնագետները եկան ու պարզեցին, որ տվյալ բենզալցակայանը գտնվում է վանքից 8 կմ հեռավորության վրա: «168 Ժամին» ուղարկված ծառահատումների մասին նամակն այս մարդկանց բոլորովին չզարմացրեց: Նամակը, պարզվեց, նաեւ նորություն չէր նամակում մեջբերված` «Դիլիջանի» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանի համար:

Ծառերի «հնձվորի» մոտ

Նամակագիր(ներ)ը նշում են, որ Հաղարծին գյուղում կտրվում են 300-400 տարեկան կաղնիներ: «Դիլիջանի ազգային պարկում ամենահին կաղնին 150 տարեկան է, եւ Դիլիջանի պարկում 2400 կաղնի չունենք: Երկրորդ փաստն էլ, որ ուզում եմ ընդգծել, Շամախյանի անտառին է վերաբերում: Կոնկրետ այդ անտառը Դիլիջանից 18 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, եւ սունկ հավաքողնեը չեն կարող հատկապես Հաղարծնից այն կտրել-անցնել»,- ասում է «Դիլիջանի» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանը: «Ասեմ ձեզ, որ կտրվում է «Պարզ լիճ» (ուրթի) անտառները, պատրաստել են ճանապարհներ Արամի դաչում, Թոթի դաչում, Գոշի անտառում, Շամախյանի եւ Դիլիջանի անտառներում»,- նշված է նամակում, որտեղ մանրամասն ներկայացված է նաեւ, թե ովքեր են կտրում ծառերը, ինչպես իրենք են նշում`«ովքեր են գայլերը»: «Այս բոլորը կատարվում է ՀՀ Բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության պետ Արթուր Գեւորգյանի եւ Դիլիջանի լեսխոզի դիրեկտոր Աշոտ Դավթյանի գլխավորությամբ: Արթուր Գեւորգյանը նախկինում եղել է Դիլիջանի լեսխոզի դիրեկտորի տեղակալ, իսկ այժմ նախարարությունում է եւ «կռիշ» է կանգնած Աշոտ Դավթյանի գլխին, որը հնձել է տալիս կաղնու անտառները: Ուզում ենք ձեզ տեղեկացնել, որ «գայլին» նշանակել են ոչխարների պահապան, այսինքն, Արթուր Գեւորգյանը` Դիլիջանի անտառների վրա: Ասեմ ձեզ, որ կտրվում են Պարզ լճի (Ուրթի) անտառները, պատրաստել են ճանապարհներ Արամի դաչում, Թոթի դաչում, Գողի անտառում, Շամախյանի եւ Դիլիջանի անտառներում: Հաղարծնի անտառում այնքան է հնձվել, որ ազատել են անտառապետին` Ռուսլան Հարությունյանին, եւ Հաղարծինի անտառապետ են նշանակել դատախազի եղբայր Գագիկ Անդրիկյանին, որպեսզի ծածկադմփոց անեն՝ խախտումները չհայտնաբերելու համար: Բոլոր խախտումներին տեղյակ են իրավապահ մարմինները, չեն բացահայտում, որովհետեւ եկամտի աղբյուր է այդ: Անտառը լի է թափված ծառերով, բայց մեզ չեն թողնում մեր վառելու համար դուրս հանենք առանց փողի, իսկ իրենք «գայլի» միջոցով կտրում են դարավոր կաղնիները: Մեր կարծիքով, այս ամենը կատարվում է առանց նախարարի գիտակցության, որովհետեւ նախարարն իր ելույթներում տեր է ամեն մի ճյուղի, ամեն մի ծառի համար»,- կարդում ենք նամակում: Ի պատասխան նամակագիրների կողմից բերված տեղեկատվության` Աշոտ Դավթյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ինքն արդեն գիտի, թե ովքեր են այդ նամակագիր-սունկ հավաքողները, որոնք «այդքան լավ են տիրապետում նյութին»: «Միայն մի դիտարկում կանեմ: Ուշադիր կարդացեք նամակի` «ասեմ ձեզ» եւ «ուզում եմ» խոսքերը (նկատի ունի այն, որ նամակի վերջում ստորագրված է` «Մի խումբ Հաղարծին գյուղի բնակիչներ»` հոգնակի թվով, իսկ նամակի բովանդակության մեջ նամակագիրը խոսում է եզակի թվով` առաջին դեմքով.- Մ.Մ.): Սա ի՞նչ է նշանակում: Խնդիրն այստեղ միայն աթոռին է առնչվում: Իսկ դժգոհություններ, իհարկե, լինում են: Գյուղացիներից շատերը դժգոհում են, որ իրենց թույլ չեն տալիս անտառ մտնել թափուկների` ընկած ծառերի համար: Բայց էս շրջանում միշտ էլ լինում են բողոքներ»,- ավելացնում է Ա. Դավթյանը` չասելով նամակագրի անունը: Ա. Դավթյանի մեկնաբանությամբ` նամակագիրները «Դիլիջանի» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցներ են, որոնք «աչք ունեն իր աթոռի վրա», եւ որոնք պարզապես թաքնվել են «սունկ հավաքողներ» անվան տակ: Ցավոք, այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ովքեր են նամակի հեղինակները, որպեսզի նրանց հետ տեղում ծանոթանայինք իրավիճակին: Ստիպված` մենք զրուցում էինք տարբեր գյուղացիների հետ` փորձելով որոշակի տեղեկություններ ստանալ: Գյուղացիներից մեկն, օրինակ, ասաց, որ ձեռագիրը տեսնելու դեպքում իրենք հաստատ կասեն, թե ով է նամակագիրը, ու նշեց, որ այս իրավիճակում մեղավորները շատ են: «Գյուղում մի խումբ մարդ կա, որ զբաղվում ա գողություններով: Ու հենց էդ էլ թույլ ա տալիս Դիլիջանի ոստիկանությունը: Իրենք շատ լավ գիտեն, թե ովքեր են դրանք: ՈՒ մենք չենք էլ կասկածում, որ հենց իրենք էլ մասնակցում են էդ գործին»,- ասաց գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, բայց, այնուամենայնիվ, ավելացրեց, որ այսօր Հաղարծինը մի փոքրիկ Տեխաս է դարձել, որտեղ քնել էլ չի լինում, բայց շուտով ամեն բան պարզ կլինի, ու սունկ հավաքողների իրական անունները կհրապարակվեն:

Զավեշտալի նամակ

Երեկ երեկոյան մենք կապվեցինք նաեւ Ռուսլան Հարությունյանի հետ, ում մասին նամակագիր(նե՞ր)ը գրել էր (բառացիորեն մեջբերում ենք). «Հաղարծնի անտառում այնքան է հնձվել, որ ազատել են անտառապետին` Ռուսլան Հարությունյանին եւ Հաղարծինի անտառապետ են նշանակել դատախազի եղբայր Գագիկ Անդրիկյանին, որպեսզի ծածկադմփոց անեն, խախտումները չհայտնաբերելու համար»: Պարզվեց, որ Ռ. Հարությունյանը Հաղարծինի գործող անտառապետն է: «Ես ներկա անտառապետն եմ, 15 տարի աշխատում եմ այստեղ, աշխատանքից չեմ ազատվել, բայց ազատվելու դիմում եմ գրել, մեկը` 2009թ. հունվարի 20-ին, մյուսը` փետրվարի 10-ին, որով խնդրում եմ իմ դիմումի համաձայն աշխատանքից ազատել` առողջական խնդիրների պատճառով: Պետք է Երեւանում վիրահատվեմ, առողջական խնդիրներ ունեմ»,- ասաց Ռ. Հարությունյանը` հերքելով նամակի՝ իրեն վերաբերող տողերը: «Դիլիջանի» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի ուղեկցությամբ առայժմ այցելեցինք միայն Հաղարծինի անտառ, որտեղ, սակայն, երկար քայլելուց հետո, բացի ընկած ծառերից ու տերեւաշատ զանգվածներից, ծառերի հատատեղ չտեսա: Ավելի բարձրադիր գոտիներ, մենք, իհարկե, չբարձրացանք, քանի որ ձյունը դեռ չէր հալչել: Նամակագիր(նե՞ր)ի նշած մյուս անտառներ կայցելենք առաջիկայում:

Երեկ ուշ երեկոյան դարձյալ կապվեցինք որոշ հաղարծինցիների հետ` այս նամակի հետ կապված վերջին նորություններն իմանալու: Զավեշտալի նամակի պատմությունը շարունակվեց. մեր զրուցակից գյուղացիներն ասացին, թե իբր պարզել են, որ նամակագիրը ոմն Ժորա Սաղաբալյանն է, ով իբրեւ թե աշխատում է «Դիլիջանի» ազգային պարկ ՊՈԱԿ-ում՝ որպես էկոլոգիայի բաժնի պետ: Գտանք Ժ. Սաղաբալյանի հեռախոսահամարը: Նրա հետ զրույցից պարզվեց, որ նա 1998-2002թթ. եղել է «Դիլիջանի» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենը, ապա ընտրվել է Դիլիջանի քաղաքապետ: Այժմ աշխատում է Տավուշի մարզի Բնապահպանության տեսչության պետի պաշտոնում: «Ես ինչպե՞ս կարող եմ իմ դեմ նամակ գրել: Էս ժողովուրդը միշտ էլ էդպիսի բաներ անում է: Մութ ու ցուրտ տարիներին ժողովրդի մեծամասնությունն անտառից էր փայտ տանում: Հիմա փորձում ենք արգելել, ու ինչքան արգելում ես` էդքան ավելի շատ են փորձում տանել: Ինչ վերաբերում է Հաղարծնի անտառին, ապա այնտեղ համեմատաբար ավելի քիչ են ծառահատումներ լինում, իսկ ընդհանուր առմամբ ապօրինի ծառահատումներ բոլոր տեղերում էլ լինում են»,- նամակի առնչությամբ ասաց Ժ. Սաղաբալյանը: