Այս հարցը շատ տնային տնտեսուհիների է հուզում: Դրա համար մի քանի կանոններ պետք է սովորություն դարձնել.
– Ցանկալի է բանջարեղենը եփել գոլորշու վրա: Եվ, որպեսզի մթերքի հյութը դուրս չգա, ավելի ճիշտ կլինի կերակրի աղը լցնել ոչ թե եփելու ընթացքում, ինչը մենք սովորաբար անում ենք, որ կերակուրը «համով» լինի, այլ եփելուց հետո, արդեն պատրաստ լինելու դեպքում: Օրինակ` վիտամին A-ն ջրի մեջ եփած մթերքի մեջ պահպանվում է 36 տոկոս, իսկ գոլորշու վրա` 62 տոկոս, կալցիումը ջրի մեջ` 25 տոկոս, իսկ գոլորշու վրա` 88 տոկոս, երկաթը ջրի մեջ` 5 տոկոս, իսկ գոլորշու վրա` 71 տոկոս: Կարծում եմ, տարբերությունը զգալի է: Իսկ ջրում եփելու դեպքում գոնե նախապատվությունը կարելի է տալ էմալապատ կաթսաներին:
– Վիտամինները հնարավորինս կպահպանվեն, եթե եփվող մթերքը լցվի արդեն եռացող ջրի մեջ: Եվ եփելուց անմիջապես հետո դատարկեք ջուրը, որպեսզի վիտամինները ջրի մեջ չանցնեն, ու մթերքները չկորցնեն իրենց համը:
– Աղցանների համար եփվող մթերքը ճիշտ կլինի եփել կեղեւով, գոլորշու վրա կամ արդեն եռացող ջրի մեջ, որպեսզի վիտամինները պահպանվեն: Իսկ ջրի մեջ եռալիս եթե մի փոքր սոդա լցնեք, մթերքի գույնը շատ լավ կպահպանվի:
– Աղցանների համար մթերքը ավելի ճիշտ կլինի կտրատել ոչ թե փայտե, այլ պլաստմասսե տախտակի վրա, քանի որ փայտը կարող է ներծծել մրգերի, բանջարեղենի ու կանաչու հյութը:
– Սառեցված բանջարեղենը պետք չէ օգտագործելուց առաջ հալեցնել: Եթե պատրաստվում եք այն եփել, ավելի ճիշտ կլինի ջրի մեջ գցել սառած վիճակում, քանի որ այս դեպքում կպահպանվեն համը, վիտամիններն ու հյութեղությունը: Եվ եթե սառեցրած մթերքին ավելացնեք մի քիչ կիտրոնի հյութ, ապա այն կավելացնի համային որակն ու օգտակարությունը: