Խոսելու եւ լսելու էթիկա

27/03/2009

Խոսելու եւ լսելու արվեստը մեկ պրոցեսի` զրույցի, տարբեր կողմերն են: Ընդհանրապես զրույցը պետք է կայանա բարեկամեցողության մթնոլորտում: Խոսքի մեջ պետք է հնարավորինս խուսափել զրուցակցի անձը վիրավորելուց, նրա հասցեին վիրավորանքներ հասցնելուց: Զրույցի մեջ անհրաժեշտ է ցուցաբերել պահին ու վայրին հարմար զսպվածություն: Դա նշանակում է՝ պետք է հաշվի առնել զրուցակցի տարիքը, սեռը, հասարակական կամ ծառայողական դիրքը: Զրույցի ժամանակ աշխատեք խուսափել եսակենտրոնությունից: Ինքնագնահատականների մեջ աշխատեք ավելի շատ համեստություն ցուցաբերել: Մինչ ձեր կարծիքը հայտնելն աշխատեք լսել զրուցակցի կարծիքը: Կարողացեք ճիշտ կատարել զրույցի թեմայի ընտրությունը` կախված վայրից ու ժամանակից: Ձեր դատողությունները պետք է տրամաբանական լինեն ու չհակասեն մեկը մյուսին: Պետք է կարողանալ մտքերն արտահայտել լակոնիկ ու դիպուկ, որովհետեւ լսողի ուշադրությունը կարող է չբավականացնել:

Եթե մեկը խոսքով դիմում է ձեզ, աշխատեք լսել նրան, եթե անգամ դուք շատ զբաղված եք, որովհետեւ դա կարող է շատ կարեւոր լինել, եթե նա որոշել է կտրել ձեզ աշխատանքից: Խոսողի հանդեպ պետք է ցուցաբերել հարգալից վերաբերմունք: Երբեք մի ընդհատեք խոսողին, եթե նույնիսկ նրա ասածը ձեզ զարմացնում կամ բարկացնում է, լսեք մինչեւ վերջ: Մի փորձեք պատասխանել մեկի հարցին, որն ուղղված է ոչ թե ձեզ, այլ ձեր զրուցակցին: