Մաշկի խնամքի հիմնական կանոնները գարնանային եղանակին

27/03/2009

Երկար ժամանակ դրսում լինելուց հետո, տուն գալուն պես դեմքը պետք է մաքրել լորենու ու երիցուկի թուրմով թրջած բամբակով: Լորենու թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. վերցնել 1 ճաշի գդալ լորենու չորացրած ծաղիկներ եւ մեղր: Լորենու չորացրած ծաղիկների վրա մի քիչ եռջուր լցնել, 10 րոպե հետո քամել ու այդ ջրին 2 կաթիլ մեղր ավելացնել ու դրանով մաքրել մաշկը: Հետո պետք չէ մաշկը չորացնել, ավելի լավ կլինի խոնավությունը մնա մաշկի վրա ու ներծծվի: Այս պրոցեդուրան սնուցում եւ թարմացնում է մաշկը: Այս լուծույթին կարող է փոխարինել ցանկացած կոսմետիկական տոնիկ, եթե այն բաղկացած է բուսական մզվածքից:

Բուսական մզվածքներն անհրաժեշտ են նաեւ այն քսուքների հիմքում, որոնք ծառայում են՝ որպես դիմահարդարման հիմք:

Եթե ձմռանը խորհուրդ է տրվում օգտագործել տոնային քսուք եւ դիմափոշի ցրտից պահպանվելու համար, ապա գարնանը խորհուրդ է տրվում ընդհանրապես հրաժարվել նման միջոցներից, քանի որ մաշկը պետք է շնչի: Եվ բացի այդ, գարնանային արեւը չափավոր օգտակար է մաշկին եւ հարուստ վիտամին D-ով: Ինչպես եւ տարվա բոլոր եղանակներին, գարնանը եւս անհրաժեշտ է դնել տարբեր դիմակներ` խոնավացնող, մաքրող, սնուցող: