Մենք եւ նրանք

19/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կինոգետ Սուսաննա Հարությունյանը նոր է վերադարձել Մոսկվայի
միջազգային կինոփառատոնից, որտեղ գլխավորել է կինոքննադատների
ասոցիացիայի՝ ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրին։ Մոսկվայի փառատոնի եւ մեր «Ոսկե ծիրանի»
անցկացման եւ ֆինանսական, եւ կազմակերպչական խնդիրները տարբեր են, քանի որ
կեսդարյա պատմություն ունեցող Մոսկվայի փառատոնն արդեն անուն ունեցող՝ «Ա»
դասի եւ պետության ու հովանավորների կողմից ֆինանսավորվող փառատոն է։
Սակայն յուրաքանչյուր լուրջ փառատոնի հայտ ներկայացնելիս, կազմակերպիչները
միշտ ձգտում են նոր ուղղություններ եւ կինոանուններ բացահայտել։
Բացահայտումներով հարուստ փառատոնն է կայացած համարվում։ Իսկ «Ոսկե
ծիրանում» բացահայտումներ սպասվում են։ Կլինեն նոր ֆիլմեր եւ հայտնի
մարդիկ: Ռուսաստանից ժամանելու է մեծ պատվիրակություն՝ Մոսկվայի
կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովի գլխավորությամբ: Ռուսական կինոյի
ամենազոր ներկայացուցչի այցը բարձրացնելու է «Ոսկե ծիրանի» վարկանիշը:

– Որքանո՞վ է փառատոնի համար կարեւոր բյուջեն։

– Մոսկվայի փառատոնը միայն պետությունից ստացել է 4 մլն դոլար, իսկ
հովանավորներից՝ երկու անգամ ավելի։ Իսկ նրանց հովանավորները շատ խոշոր
են։ Մեր տեսակետից՝ նրանք ֆինանսական պրոբլեմ չունեն։ Սակայն փառատոնի
վարկանիշը միայն բյուջեով չի որոշվում։ Բյուջեից բացի «Ա» դասի փառատոնը
պետք է կինոդիտողների հստակ սահմանված քանակ, մասշտաբ եւ բարձրակարգ
մասնագետների կազմ ունենա։ Ետխորհրդային շրջանում Մոսկվայի փառատոնը
կորցրել էր իր հեղինակությունը, անունը եւ դիտողին, սակայն հիմա
հետաքրքրությունն այդ փառատոնի հանդեպ վերականգնվում է։ Մոսկվայի փառատոնի
հեղինակությունը ռուսական կինոարտադրանքի հետ զուգահեռաբար է աճում։
Փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը բացման ժամանակ ասաց, որ ռուսական
կինոն այժմ աննախադեպ վերելք է ապրում։ Եվ դա իսկապես այդպես է, ավելացել
են եւ կինոներդրումները, եւ կինոդահլիճների քանակը։ Տարեկան 100-ից ավելի
խաղարկային ֆիլմ է նկարահանվում, իսկ ողջ Ռուսաստանի տարածքում
կինոսրահները հասել են աներեւակայելի թվի՝ 1000։ Ձեւավորվել է հսկայական
ներքին՝ լոկալ կինոշուկա։ Եվ այդ շուկայի համար է աշխատում Միխալկովը՝ իր
թիմի հետ։ Իսկ Միխալկովը «ՁՐՌ Ձ» ստուդիայի, Կինեմատոգրաֆիստների
միության, Մոսկվայի փառատոնի եւ Ռուսական մշակութային ֆոնդի նախագահն է։
Նրա ֆիլմերը միլիոնանոց շահույթ են բերում։ Իր ստուդիայում նկարահանված
«Պետական խորհրդականը» ֆիլմն ավելի մեծ եկամուտ է բերել, քան վերջին տասը
տարիների ընթացքում նկարահանված բոլոր ռուսական ֆիլմերը:

– Ռուսական ֆիլմերը միայն ներքին շուկայի համար էլ կարող են աշխատել, մենք նման հնարավորություն չունենք։ Ի՞նչ է մնում անել։

– Հաշվարկել, որ մեր ֆիլմերը շահույթ կարող են բերել, մենք չենք կարող՝
շուկա չունենք։ Մեր ազգային կինոն կարող է գոյություն ունենալ միայն որպես
հատուկենտ, միավոր արտադրանք։ Եվ այդ պատճառով մեր կինոն չի կարող ապրել
առանց պետական աջակցության։ Պետական գումարները թույլ են տալիս արագ
եկամուտ չակնկալել։ Մենք հիմա էլ ենք ստեղծում միավոր՝ «ՔՑցփվօռ» ապրանք։

– Մոսկվայում գլխավոր մրցանակին արժանացավ ռուսական ֆիլմը, դա էլ է ռազմավարություն։

– Կային երկու ֆիլմեր, որոնք փառատոնի լիդերն էին։ Կինոքննադատներին
հետաքրքրել էին երկու բացառապես տարբեր կինոլեզվով նկարահանած ֆիլմեր՝
շվեդական «Կիթառ-մոնղոլոիդը» եւ ռուսական «Տիեզերքը որպես նախազգացում»։
Այդ ֆիլմերը, կարելի է ասել, կինոյի հակառակ բեւեռներում են գտնվում, իսկ
ողջ կինոն զարգանում է դրանց միջեւ ընկած տարածքում։ «Տիեզերքը» շատ
պրոֆեսիոնալ, հաշվարկված ֆիլմ է՝ 50-ականների ճշգրիտ մթնոլորտով,
բծախնդրորեն հաշվարկված ռեժիսուրայով, միզանսցեններով, հերոսների
բնավորություններով։ Շվեդական ընտանիքի բարեկեցիկ կյանքը, որին մենք
հետեւում ենք, պարզվում է, միայն հեռուստատեսային պատկեր է, իսկ իրական
կյանքը մարգինալ եւ անտրամաբանական է։ Դերասանները պրոֆեսիոնալ չեն, հստակ
դրամատուրգիա չկա, բայց այդ ֆիլմը վարակիչ էներգետիկա ունի։ Եվ մեր՝
ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրին այդ ֆիլմին նախապատվություն տվեց, իսկ գլխավոր
մրցանակը ստացավ ռուսական ֆիլմը։

– Գուցե դա արվել է ազգային կինոն խրախուսելո՞ւ համար։

– Դա ենթադրվում է։ Միխալկովը հանրության առաջ ասում էր, որ պետք է
գնահատել լավագույններին, սակայն նեղ շրջանակներում չէր թաքցնում իր
շահերը եւ ասում էր. «Գալիս է մեր կինոն»։

– Ժյուրիում ռուսներ չպե՞տք է լինեին։

– Ժյուրիի նախագահը չի կարող այն երկրից լինել, որի ֆիլմը մրցանակի է
հավակնում։ Իսկ Մոսկվայի փառատոնի նախագահը՝ Կիրիլ Ռազլոգովը, «իրենց»
մարդն էր։ Փառատոնի նշանաբանը չէր թաքցվում եւ հաճախ էին հնչում «մենք» եւ
«մերոնք» բառերը։ Անցյալ տարի գլխավոր մրցանակը ստացել էր «Մերոնք» ֆիլմը,
նույնանուն ամսագիր է թողարկում անձամբ Միխալկովը։ Կինոտուսովկայում էլ են
հստակ զատում, թե ովքեր են «մերոնք»։ «Մերոնք» Միխալկովի կողքի մարդիկ են,
իր ընտրած ռեժիսորները, իր մտերիմները։ Այդ մոտեցումը կինոյում առաջ է
բերում կաստային, կլանային հասկացություններ: Միխալկովի գծած շրջանն այլ
մտածողության, ոչ «իր» մարդկանց համար փակ է։