Պատմությունը, որի մասին կպատմեմ, եղել է քառորդ դար առաջ մեր հայրենիքում` Հայաստանում: Մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայում աշխատում էին ամուսիններ: Պարզապես գիտական հետաքրքրությունից ելնելով` նրանք անալիզի համար վերցրեցին իրենց նորածին թոռնուհու մեկոնիումը: Մեկոնիումը կարմրաշագանակագույն լորձն է, որը նորածնի առաջին կղանքն է: Այդ նյութի մեջ նրանք հայտնաբերեցին միլիոնավոր լակտոբակտերիաներ, որոնք կոչվում են կաթնային բակտերիաներ, իսկ ուսումնասիրություններից պարզվեց, որ որոշակի միջավայրում դրանք պահպանվում են ու բազմանում:
4 տարեկանում սուր աղիքային վարակով նրանց թոռնուհուն տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք` անզոր էին բոլոր դեղերն ու բուժումները: Երեխան գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Հանկարծ նրանք հիշում են այն լակտոբակտերիաների մասին, որ ժամանակին ստացվել էր իրենց հետազոտության արդյունքում` նույն երեխայի մեկոնիումից: Աղջկա անունը, որին հաջողվեց փրկել, Նարինե էր, այդ պատճառով էլ նոր ստեղծված պրեպարատն անվանեցին այդ անունով:
Տարիներ անց հենց այս լակտոբակտերիաներով հաջողվեց հազարավոր մարդկանց փրկել, ովքեր տուժել էին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից: Հենց այդ ժամանակ «Նարինեի» արտոնագրեր գնեցին Ամերիկան ու Ճապոնիան:
Հետազոտությունները ցույց են տվել, որ «Նարինեին» էֆեկտիվությամբ զիջում են այնպիսի հայտնի պրեպարատները, ինչպիսիք են` բիֆիդումը, կոլիբակտերինն ու լակտոբակտերինը: Կաթնաթթվային մթերքն իր մեջ պարունակում է հանքային նյութեր` կալցիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամիններ` կարոտին, A, B, D, PP: Այն պարունակում է նաեւ մի քանի ամինաթթուներ, որոնք օգնում են օրգանիզմին յուրացնել սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը: «Նարինեն» հաճախ շատ նորածինների համար պարզապես փրկություն է: Այս սննդամթերքը շատ արագ կարգավորում է աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան: «Նարինեն» իր գործածության մեջ ոչ մի հակացուցում չունի: Եվ ահա այս ամենը հաշվի առնելով` պետք է ասել՝ Նարինեի գործածությունը երաշխավորվում է ոչ միայն պրոֆիլակտիկ նպատակներով, այլ նաեւ մի շարք հիվանդությունների դեպքում: Դրանք են` դիսբակտերիոզը, քրոնիկական կոլիտը, դիզենտերիան, սալմոնելոզը, ուժեղ հակաբիոտիկներ օգտագործելու հետեւանքով առաջ եկած բազմաթիվ խնդիրները, ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցը եւ այլն: Այն հաճախ օգտագործվում է նաեւ ալերգիկ երեւույթները վերացնելու համար, շաքարային դիաբետի ու պսորիազի դեպքում: