Վեց
1994 թվականին մեր աղջիկը ջարդեց չորս զարթուցիչները: Առաջինը տուժեց հենց այն, ճանապարհային «Բրաունը», որը մասնատվեց մի քանի տասնյակ կտորների, եւ որը, բացառված չէ, կարելի էր դարձյալ հավաքել, ղեկավարվելով նրան կից ճշգրիտ սխեմայով, եթե չլիներ բոլոր երեք սլաքների անդառնալի կորուստը, որոնք այդպես էլ մինչեւ օրս չգտնվեցին: Կարծես հավերժորեն ինչ-որ տեղ կորավ հենց ժամանակի էությունը, նրա միջուկը:
Այնուհետեւ, չնայած մեր բոլոր ջանքերին` ժամացույցները չթողնել մեր փոքրիկի համար հասանելի տեղերում, նա միշտ էլ գտնում էր իր փափագելի առարկային հասնելու միջոցը: Իսկ երբ դա նրան չէր հաջողվում, շատ խղճալի խնդրում էր իր պապին՝ կնոջս հորը, օգնել: Իսկ նրա հաստատակամությունը երբեք չէր բավում նրան ինչ-որ բանում մերժելու համար:
Այսպիսով, տիրանալով նոր զարթուցիչին, աղջիկս մտախոհ ունկնդրում էր «տկտկոցը», հետո ջանադրաբար թափահարում էր ժամացույցը, կրկին հետաքրքրությամբ լսում էր «տկտկոցը», որից հետո սկսում էր մեղմորեն այն խփել հատակին եւ խփում էր այնքան ժամանակ, մինչեւ որ կափարիչը բացվում էր: Հետո նա մի քանի րոպե փութաջանորեն փորփրում էր ներսի ցաքուցրիվ մասերը, եւ հիասթափված այն բանից, որ այնտեղ ոչ մի կենդանի բան չկա, անցնում էր մյուս խաղալիքներին: Ես համբերատար ուրիշ զարթուցիչ ճարեցի, հետո հորիցս վերցրի երրորդը, խոստանալով, որ ժամանակավորապես եմ վերցնում, չորրորդն աներոջիցս խնդրեցի, իրավիճակն արդարացնելով այն բանով, որ ինքս էլ համարյա նույն տարիքում, օգտվելով այն բանից, որ ծնողներս կարճ ժամանակով կորցրել էին աչալրջությունը, քանդել էի լամպե ռադիոընդունիչը, որից հետո այդպես էլ չհաջողվեց նրանից ինչ-որ ձայն հանել: Ի վերջո փողոցային առեւտրականից ընդամենը կես նոր դինարով, այսինքն՝ տասնհինգ միլիարդ հին դինարով, մենք չինական արտադրության ժամացույց գնեցինք, որը ցույց էր տալիս ուզածդ ժամ, բայց ոչ միայն ճիշտը, եւ ձեռի հետ նաեւ անսովոր բարձր զրնգում էր, եւ միայն այնժամ, երբ մտքին փչեր: Ճիշտ է, պարզվեց, որ մեր դստրիկն արդեն յուրացրել էր, որ ժամանակը բաղկացած է այս կամ այն գույնի տուփից, պտուտակներից, ատամնանիվներից, ճոճանակներից ու զսպանակներից: Այսպիսով չինական զարթուցիչը տանն ապրեց մի քանի տարի, թեեւ այն բանի համար, որպեսզի պատկերացում կազմեիր ոչ միայն իրական, այլ նույնիսկ մոտավոր ժամանակի մասին, մշտական վերահաշվարկումների կարիք կար, հավելում կամ հանում, երբեմն նույնիսկ՝ բաժանում եւ բազմապատկում:
– Չէ, էս պլաստմասսի վրա հույս դնել չի կարելի,- մի անգամ հայտարարեց հայրս: -Ես կվերանորոգեմ հին «Ինսան»:
Նա ընդհանրապես սիրում էր ամեն ինչ վերանորոգել, տանել չէր կարողանում ինքն իրեն բացվող դռները, լռվող դարակները, անհուսալի անջատիչները, կաթացող ծորակները… Նա դժկամությամբ էր գալիս մեզ մոտ մի գավաթ սուրճ ըմպելու, արդարանալով ոտքերի ցավով ու ճնշումով, բայց բավական էր թեկուզ անցողակի հիշատակել ինչ-որ կոտրվածքի մասին, ապա նա մեկեն հայտնվում էր դռան արանքում, բոլոր անհրաժեշտ գործիքներով բեռնված: Եվ չնայած այն բանին, որ այդչափ ճշգրիտ մեխանիկայի հետ հայրս առաջ գործ չէր ունեցել, նա շատ շուտ տվեց հին «Ինսայի» ախտորոշումը:
– Պայթել է պարույրե զսպանակը… Ես այն կարճացրի եւ տեղը դրեցի… Հիմա աշխատում է, պարզապես հարկ է հաճախ լարել,- ասաց նա՝ զարթուցիչն ինձ հանձնելով:
Հավանաբար, թեկուզ փոքր-ինչ ճնշմանը չդիմանալով, հենց նույն զսպանակը եւս մի քանի անգամ տրաքեց: Նույնքան անգամ հայրս ու աներս այն կարճացրին, եւ այդպես այնքան ժամանակ, մինչեւ որ դա ընդհանրապես իմաստը կորցրեց` «Ինսան» սկսեց մի քանի րոպեն մեկ կանգնել: Այսինքն՝ ճշգրիտ համապատասխանելով այն բանին, ինչպես որ մենք էինք ապրում այն տարիներին:
Յոթ
Ես պարզապես թվարկում եմ: Գրում եմ մանրամասները, ջանում եմ ամեն կերպ առանձնացնել 1995 թվականը, գտնել, թե ինչն է նրան տարբերում նախորդից կամ հաջորդից: Գուցե թե, երբեւէ, երբ ինչ-որ բան գրելիս լինեմ, դա ինձ պետք գա:
Պատի ճենապակյա ժամացույցը: Վոյեվոդինի համար սովորական` ծաղկանց ուրվանկարով, եղեւնու կոների տեսք ունեցող ծանրաքարերով, շատ գեղեցիկ, հնարժեք, Օբրենի Վուկադինի սեփականությունը, կնոջս ավագ կոլեգայի: Ամեն ամառվա վերջին նրան այցելելը արդեն սովորություն էր դարձել: Նրանք զրուցում են հնէաբանության, պեղումների, տեղագրագիտական նշումների եւ կտրվածքների մասին, իսկ ես ախորժանք եմ ապրում ինչ-որ խոտաբույսերից սարքած թուրմից, որը տանտիրուհին գնում է ինչ-որ գյուղից: Միջանցքում հրաժեշտ տալիս մենք միշտ կանգ ենք առնում այդ պատի ժամացույցի մոտ:
– Շտապում են,- կարճ հարում է Բրենան: -Թեպետ, ըստ էության, պետք է որ ետ մնային:
Փոքրիկ ավազե ժամացույց: Ավելի ճիշտ՝ «Ջերմաստիճանի չափման հավաքածուի» բաղադրամասը: Ավազը սորում է մի ապակյա սրվակից դեպի մյուսը ճիշտ այնքան ժամանակում, որքան որ պետք է այն բանի համար, որպեսզի սնդիկի ջերմաստիճանը հավասարվի մարմնի ջերմաստիճանին: Հիանալի բան է, քանի որ երեխան ողջ այդ ժամանակ հանգիստ է, ժամացույցը գրավում է նրա ուշադրությունը, իսկ եթե ավազահատիկը նրա կոկորդին է կանգնում, ապա բավ է մատով կտտացնես ապակուն: Այն բանից հետո, երբ ջերմաչափը թեւատակից հանվում է, մեր աղջիկը սովորաբար «լարում է» ավազե ժամացույցը` շուռ է տալիս այն, որպեսզի ավազը նախնական տեսքին բերի` առաջին սրվակի մեջ:
– Լռիր,- կամացուկ նախազգուշացնում է կինս, նա չի ուզում, որ ես ինչ-որ բան բացատրեմ երեխային, չի ուզում, որպեսզի ես փչացնեմ այն, ինչին նա հավատում է:
Ահա մի մարդ, ով իր օրերն անցկացնում է հրապարակում կանգնած, միշտ միեւնույն տեղում: Ես նայում եմ նրան գրադարանի պատուհանից, արդեն առավոտից համարյա միշտ այստեղ է, հատկապես՝ երբ արեւոտ է: Նա պատկառելի տեսք չունի, նույնիսկ անխնամ, ասես նա ուրիշի հագուստով լինի: Բոլորը նրան ցնդած են համարում, քաղաքային տխմար, խեւ: Մի հիասքանչ օր ես ըմբռնում եմ նրա վարքի էությունը: Նա սովորել էր սեփական ստվերով, այն տեղով, ուր նա ընկնում է, որոշել ժամանակը: Նրան պետք չի ոչ ձեռքի ժամացույց, եւ ոչ էլ` քաղաքային, այն, որ Ապահովագրական միության շենքի վրա է, նա ստիպված չի լինում անցորդներից ժամ հարցնել… Չկա ավելի պարզ եւ միաժամանակ ավելի բարդ բան: Լույս ու ստվերը: Դրանց միջեւ մարդու կերպարանքը:
– Բարի օր, ինչպե՞ս են ձեր գործերը,- միշտ ասում եմ ես նրան եւ բարեկամաբար գլուխ եմ տալիս, մինչդեռ մյուսները շրջանցում են նրան՝ ջանալով հեռու մնալ:
– Բարի օր, բարի օր… Հուսով եմ, որ ավելի լավ կլինի… Իսկ ձե՞ր,- պատասխանում է նա որոշ հպարտությամբ:
Պանչեւոյի Ուսպենսկի եկեղեցին: Շինարարությունն ավարտվել է 1810 թվականին, օծվել է 1832 թվականին: Ճարտարապետներն են Գասալը եւ Կվերֆելդը, փայտերի վրայի փորագրությունը Բախմանինն է, գիպսե աշխատանքները Լանգինինն ու Շնադինգերինն են, պատերի որմնանկարները՝ Կնեինը, իկոնոստասը եւ մյուս սրբապատկերները՝ Կոնստանտին Դանիելինը, շինարարության համար փայտը տրամադրել է Կարագեորգին: Տարբերակիչ նշանը` արեւմտյան ճակատամասում երկու զանգակատները, այսինքն՝ երկու աշտարակ: Յուրաքանչյուրի վրա, մեծ կիսակլոր պատուհանի վերեւում՝ ժամացույց: Մի անգամ գալով Պանչեւո քեռուս այցելելու, ես շրջում էի Դմիտրի Տուցովիչայի փողոցով եւ, եկեղեցու բակի մոտով անցնելիս, նկատեցի, որ երկար սլաքների դիրքը երկու ժամացույցների վրա տարբերվում է: Ոչ շատ, տարբերությունը հինգ րոպեից ավելի չէր, եւ այդուհանդերձ՝ տարբերությունը հյուսիսի եւ հարավի միջեւ գոյություն ուներ, դժվար էր որոշելը, թե որ ժամացույցն էր ցույց տալիս ավելցուկը, իսկ որը՝ ժամանակի պակասը: Իսկ գուցե նրանցից ոչ մեկն էլ ճիշտ չէր, որովհետեւ հենց այդ պահին ծիծեռնակը, որը թռչում էր երկու աշտարակների արանքով, հանկարծ անհետացավ, կորավ, ասես ընկավ երկնքի անտեսանելի ճեղքվածքի մեջ:
– Իսկ ի՞նչ, եթե այդ նեղլիկ ծակը սոսկ ծերպի հատակն է, որը երկնակամարից ընդարձակվում է դեպի Երկրի կողմը: Ընդարձակվում է մշտապես եւ անդառնալի, եւ միայն ժամանակի հարց է, թե երբ այդ վիհը, այդ խորաբաց անցքը ամեն ինչ կուլ կտա,- ասացի ես Վասյա Պավլովիչին՝ ծիծառների թռիչքը զննելու մեծ սիրահարին:
Ամանակաչափ: Նատալյան, մեր ընկերների աղջիկը, սովորում է թավջութակ նվագել: Նրա սենյակում ամանակաչափ է դրված` հինավուրց, Մելցելի արտոնագրով Ֆրանսիայում պատրաստված, այն համարյա հարյուր հիսուն տարեկան է: Այդ սարքը կարգավորում է տեմպը, այն կարելի է համարել ժամացույցի տարատեսակ երաժշտական համքարության ներկայացուցիչների համար: Նատալյան ինձ բացատրում է, թե ինչպես այդպիսի սարքի օգնությամբ կոմպոզիտորը որոշում է, թե ինչպիսի տեմպով պիտի կատարվի իր ստեղծագործությունը: Հավելում է, որ Բեթհովենն էլ է օգտագործել ամանակաչափի ցուցումները, թեպետ ոչ միշտ հետեւողականորեն:
– Բացի այդ,- ժպտում է Նատալյան,- ասում են, որ երբ մի անգամ նրան կշտամբեցին անճշգրտության համար, նա պատասխանեց. «Տխմարություն: Տեմպը պետք է զգալ»:
Շատ ափսոս, որ երբ մի անգամ խոսք եղավ ամանակաչափի մասին կոմպոզիտոր Սվետիսլավ Բոժիչի հետ, ես բառ առ բառ չձայնագրեցի մեր զրույցը: Երաժշտական սուբստանցիայի փութկոտ պրեստոն արագությամբ չի զիջում քամուն: Ադաջիոն` դա կայունություն է, խորություն: Արագության պատրանքը երբեմն սքողում են կոմպոզիցիայի առավել թույլ կողմերը, դանդաղ, առավել հանդարտ տեմպով շեշտում են հաջող պարտիաները: Եվ այդուհանդերձ՝ մի նախադասությունը Բոժիչի այդ բանավոր էսսեից ես շատ լավ հիշում եմ. «Ցանկացած ժամացույց` դա ժամանակի նվաստացման գործիք է»:
Հայրս առանձնապես չի հավատում այն բանին, ինչով ես զբաղվում եմ՝ ստեղծագործությանը: Նա այդ չի ասում, բայց ես գիտեմ, իմ զբաղմունքը համարում է ժամանակի պարապ վատնում: Ես այն տպավորությունն ունեմ, որ նա միայն քաղաքավարության համար է հարցնում, թե ես ինչի վրա եմ աշխատում, ինչ եմ գրառում: Ամենից հաճախ ես պատասխանում եմ երկու խոսքով, միայն երբեմն ավելի մանրամասն եմ պատմում, թե ուր եմ հասել եւ թե, ինչպես ենթադրում եմ, ինչ կլինի հետո: Եվ այդուհանդերձ, մի ձմեռային երեկո 1995 թվականին, երբ ես տարվեցի արդեն գրվածի վերապատմությամբ, եւ այն բանի, ինչը որ դեռ պիտի գրեի, ես խոսեցի, ինչպես ինձ թվում է, մի ժամից ոչ պակաս եւ նկատեցի, որ նա զարմանքով նայում է ինձ, ասես առաջին անգամ գիտակցելով, թե ինչ հուր է ինձ այրում: Նա շփոթվեց: Նա զգում էր, որ պետք է ինչ-որ բան ասի, բայց համոզված չէր՝ հատկապես ինչ:
– Հլը սպասիր,- վերջապես խելքի եկավ հայրս, ելավ ու գնաց իր սենյակը:
Վերադառնալով հյուրասենյակ, նա ինձ երկարեց իսկական «Պելիկան» ինքնահոսի տուփը, մուգ-կանաչավուն գույնի, մինչ այդ երբեք չօգտագործված:
Ութ
1996 թվականի վերջին ամենուր զնգում է: Մարդիկ զարթուցիչները դուրս են բերում բաց պատուհաններով լուսամուտագոգերը եւ հրապարակ նայող պատշգամբները: Հազարավոր, տասնյակ հազարավոր, նույնիսկ հարյուր հազարավոր զարթուցիչներ խլացնում են հեռուստատեսային «Օրագրի» երկրորդ թողարկումը:
Եվ դարձյալ, ինչպես եւ միշտ, սլաքները էկրանի վրա սահում են «ճիշտ ժամանակի երաշխավորի» լոգոտիպով:
Ինը
Հորս հետ նստած ենք օթյակում: Սուրճ ենք խմում եւ ծխում: Երկու բնակելի շենքերի արանքում հինգ տասնյակ ավտոտնակներ են երեւում, մի քանի մեկհարկանի տնակներ, խոտածածկ ավազաթմբեր, բարդի, ակացիա եւ վայրի բալենի: Մի ժամանակ ես այստեղ խաղում էի: Ես հաստատ հիշում եմ, թե հատկապես որտեղ ձախ ոտքիս վրա յոթ կարվածք ձեռք բերեցի եւ, թե որ ավտոտնակների արանքում համարյա թե գիտակցությունս կորցրի առաջին ծխախոտից: Անձրեւ է սկսվում: Տեղատարափ: Ամառային տեղատարափ: Բակի տնակներից կանայք են ելնում, փութանակի լվացքն են հավաքում: Ճերմակությունը թասերում անհետում է: Մենք լռում ենք: Այսօր առավոտյան վտարեցին գաղթականների ընտանիքը, որն այստեղ առանց թույլտվության հիմնավորվել էր, այս հողը վաղուց ի վեր պլանավորված է կառուցապատման համար` քաղաքային կայանատեղի. ժամանակ առ ժամանակ, երբ մահանում է անժառանգ պահակներից մեկը, համապատասխան օրգանները բանվորներ են ուղարկում օբյեկտը քանդելու: Լավ կղմինդրն ու աղյուսը տանում են մնում է փտած հիմքը: Վերեւից բակը վիթխարի բերան է հիշեցնում, այլանդակ լնդերքով հիվանդ խոռոչ: Մենք լռում ենք: Երկու բնակելի շենքերի արանքում չորանում են` ջահը, պահարանը, գիշերային մահճասեղանը, հեռուստացույցը, գորգը, սառնարանը, փայտի մետաղյա վառարանը, արտաձիգ խողովակը, տեղաշորի մեծ կապոցը եւ այդ ամենը հոտոտող մազաթափ շունը: Երեւի թե ջեռոցում կարկանդակի կտորով ափսե էր մնացել կամ էլ ինչ-որ ճաշի մնացուկներ: Վտարված ընտանիքն արդեն այստեղ չի, այն ինչ-որ տեղ քաղաքում նոր կացարան է փնտրում: Ինձ թվում է, որ մեր նկուղում մի կտոր ժապավեն կա: Մնացել է անցյալ տարվա վերանորոգումից: Դե, միեւնույն է, հիմա արդեն ուշ է: Վերմակը դրսում լրիվ թրջվել է: Մենք լռում ենք: Անձրեւն ուժգնանում է: Բայց քանի որ քամի չկա, կաթիլներն օթյակ չեն հասնում, եւ մենք կարող ենք շարունակել նստել, սուրճ խմել, ծխել եւ լռել: Հանկարծ հայրս հարցնում է.
– Հիվանդանոցում ի՞նչ են անում էմբրիոնների հետ:
– Ի՞նչ: Ի՞նչ են անում էմբրիոնների հետ,- ես հանկարծակիի եմ գալիս: -Ի՞նչ իմաստով:
– Ի՞նչ են անում սաղմի հետ հղիության ընդհատման դեպքում: Ի՞նչ են անում անդամահատված ոտքերի կամ ձեռքերի հետ: Կամ մարդկային մարմնի այլ անդամների հետ` վիրահատությունից հետո:
– Չգիտեմ,- պատասխանում եմ ես: -Ես վստահ չեմ, բայց, հավանաբար, ինչ-որ տեղ թաղում են: Երեւի թե, գոյություն ունի ինչ-որ քաղաքակիրթ արարողություն, ինչ-որ հաստատված կարգ: Հուսով եմ, որ այս կամ այն չափով համենայն դեպս արժանավոր…
– Արժանավո՞ր,- կրկնում է հայրս վերջին խոսքը,- ուրեմն ինչո՞ւ է ամենուր այնքան շատ գջլած մարդկային ժամանակը: Նետված, փտող եւ գարշահոտ: Չէ՞ որ ժամանակն էլ մեր մարմնի մասն է:
Մենք լռում ենք: Անձրեւը թուլանում է: Դադարում է: Այդուհանդերձ, ջրհորդանները դեռ երկար խլթխլթում են, շառաչում են թիթեղյա ձայնով, աղմկոտ մարսում, փոխակերպում են անձրեւը սովորական ջրի…
Տասը
Պոլիկլինիկայի նեղ միջանցքում երկու տղամարդ ժամանակը կարճում են՝ համեմատելով իրենց ձեռքի ժամացույցները: Մյուսները գլխավորապես կենտրոնացած են միմյանց վրա, աչալուրջ ու անվստահ ծիկրակում են, մեկ էլ հանկարծ մեկն առանց հերթի չանցնի: Բուժքույրն արդեն բավական երկար չի հայտնվել, ոչ մեկին ըստ գրացուցակի չի կանչել, ինչպես ընդունված է: Սպասումը ճատրակի դանդաղեցված պարտիա է հիշեցնում, այստեղ նույնիսկ հատակն է ծածկված, շախմատային կարգով դասավորված՝ սեւ եւ դեղին վինիլե քառակուսիներով, սպասումը լարված տակտիկայով խաղ է հիշեցնում, երբ յուրաքանչյուր խաղացող ջանում է թեկուզ դույզն-ինչ ավելի հարմար դիրք գրավել կաբինետի դռան առաջ: Չէ՞ որ, ի վերջո, երբ դուրս է գալիս նախորդ խնամառուն, շատ բան կախված է այն բանից, թե նա որ կողմով կուզենա դուրս սողոսկել, մարմինները կայծակնորեն տեղաշարժվում են, ամեն ինչ տեղի է ունենում սրընթաց, նույնիսկ չեն պահպանվում շարժման տարրական կանոնները։ Իրենք՝ հիվանդները, սովորաբար, երեւի թե այն պատճառով, որ իրոք վատ են զգում, վրդովվելու ուժ չունեն. ամենից բարձր, որպես կանոն, ելույթ են ունենում նրանք, ովքեր վերջում են եկել, նրանք միշտ հաստատ գիտեն, որ կաբինետ մտել է ոչ նա, ում հերթն է հիմա: Պոլիկլինիկայի միջանցքը որոշ ժամանակ եռեփվում է, երբեմն նույնիսկ կոպտություններ ու հիշոցներ են լսվում, հետո դարձյալ լարվածություն է հաստատվում, հնարավորինս հարմար ելման դիրքի սքողյալ փորձեր են ձեռնարկվում: Այ իսկապես, հերթերում սպասման ժանրը ժողովուրդը կատարելության է հասցրել:
Հայրս միշտ գնում է բժշկի մորս ուղեկցությամբ, այս անգամ ես եմ ուղեկցում նրան: Մենք զվարճանում ենք զննելով այն երկուսին, ովքեր համեմատում են իրենց ժամացույցները: Սկսվեց այն բանից, որ ինչ-որ մեկը ժամը հարցրեց, երկուսը պատասխանեցին միաժամանակ, բայց տարբեր կերպ, ընդամենը մի րոպեի տարբերություն էր: Միանգամից վեճ ծագեց, թե ում ժամացույցն է ավելի ճիշտ: Ավելի գեղեցիկ ու լավը: «Օրիենտի» տերը պնդում էր, որ «Սեյկոն» իր որակով չի համապատասխանում իր բարձր գնին: Ինքը մի ժամանակ հենց նույնպիսի «Սեյկո» ուներ, եւ այժմյան «Օրիենտը» անհամեմատ ավելի լավն է: «Սեյկոյի» տերը կտրականապես առարկեց, նա, մասնավորապես, հայտարարեց, որ «Օրիենտը» պարզապես «Սեյկոյի» վատ պատճենն է: Թվարկվում էին առավելությունները: Ավտոմատիկ են: Վայրկյանաչափով: Օրացույցով: Ներառնող նաեւ ամիսները: Պատրաստված է հիանալի չժանգոտող պողպատից: Սուտակների քանակը: Անջրանցիկ: Հակահարվածային:
– Դե վերջ տվեք,- ձեռքը քամահրաբար թափահրում է առաջինը:
– Մեծ մարդ եք, եւ այդպիսի հիմարություններ եք ասում,- վիրավորված պատասխանում է երկրորդը:
Որից հետո երկուսն էլ մեկեն որոշում են հենց տեղում փորձել վերջին բնութագիրը. նրանք զատվում են ամբոխից, գնում են միջանցքի դատարկ մասը, փակ լաբորատորիայի դռան մոտ, հանում են ժամացույցները ու փոխանակում: Ես առաջ էլ էի համանման բան տեսել: Ճիշտ է, ոչ այդպիսի վայրում: Սովորաբար էժանագին ռեստորաններում գինովցած հաճախորդները մրցում են, թե ում ժամացույցը կարող է դիմանալ ուժեղ հարվածի: Բայց այս երկուսը հիմա պոլիկլինիկայում էին: Նրանք եկել են այստեղ, քանի որ հիվանդ են: Ահա մեկը մոլեգնորեն ժամացույցը գետնով է տալիս: Երկրորդն էլ նույնն է անում, բայց ատելության խառնուրդով: Լսելի են մետաղի հարվածները հատակին: Եվ «Օրիենտը», եւ «Սեյկոն» դիմանում են առաջին փորձությանը, այդ պատճառով մենամարտը շարունակվում է: Ախոյաններից մեկը պատահաբար հրում է արյունով ներծծված անձեռոցիկներով եւ արյունոտված բամբակի խոշոր ծվեններով արկղիկը: Նրանք երրորդ անգամ ժամացույցները թափով գետնով են տալիս՝ նշան բռնելով պոկված վինիլե քառակուսիների լերկ բետոնին:
– Պրեմովիչ…Պրեմովիչն այստե՞ղ է,- անսպասելի հայտնվում է բուժքույրը, ով հանկարծ սկսում է ըստ կարգի, առավոտից շարված բժշկական քարտերին համապատասխան հարցուփորձել:
Ըստ երեւույթին, այդ երկուսից մեկը հենց Պրեմովիչն է: Բայց նա իր ազգանունը չի լսում, իսկ եթե նույնիսկ լսեր, ապա դժվար թե հրաժարվեր ապացուցելու փորձից, որ իր ժամացույցը ավելի լավն է, հաղթեր հակառակորդին, նսեմացներ նրան: Մնացյալ խնամառուների շվարածությունից օգտվում է նիհար մի տիպ, ով վերջինն է եկել: Քթի տակ քրթմնջալով, որ նա ընդամենը պիտի հարցնի, պարզապես հարցնի, դե ոչ, ընդամենը հարցնի եւ վերջ, նա խցկվում է սպասողների միջով, եւ բուժքրոջ անտարբերության շնորհիվ սողոսկում է կաբինետ:
Հայրս կամացուկ ասում է ինձ.
– Գնանք այստեղից… Ինչ-որ լավ չեմ զգում…
Բակում 1998 թվականն է:
Կեսօր:
Տասնմեկ
Պարզվեց, որ ես ճիշտ արեցի, որ դուռը նկուղ տարա: Նրան, ով նախագծել էր մեր նոր տունը, այդքան էլ չէր հետաքրքրում բնակելի շինությունների գործառնականությունը: Այդ պատճառով չկային այնպիսի բնակիչներ, որոնք, բնակարան մուտք գործելուն պես՝ մեկեն չանցնեին վերապլանավորման: Մենք նորից նոր պատ կանգնեցրինք, եւս մեկը մասամբ քանդեցինք: Փոխադրեցինք դռներից մեկը, որը խանգարում էր օգտվել մթերանոցի մուտքից, այժմ նա սկսեց բացվել հակառակ կողմով, եւս մի դուռ հանեցինք եւ որմնախորշն ամբողջովին ծածկեցինք: Այդ ամենին հետեւեց ավելի մանր փոփոխությունների շարանը. հարկ եղավ տեղափոխել մի քանի անջատիչները, ինչ-որ տեղ հանել, իսկ որոշ տեղեր էլ հավելել կավե սալիկները, կարճացնել կամ երկարացնել շրիշակը, պատի մեջ նոր ակոսներ անցկացնել նոր լարերի համար, դրանք շտկել, եւ վերջապես դարձյալ ներկել պատերը: Դուռը, որ ավելորդ գտնվեց, տանելու տեղ չկար, ստիպված եղա այն դռան պատյանի հետ նկուղ տանել…
Այն օրերին, ռմբակոծություններից առաջ, ես պատուհանների վրա դրեցի վաղուց հանած կանաչ շերտավարագույրները: Բոլորը մթնեցնում էին իրենց բնակարանների պատուհանները, մենք նույնպես որոշեցինք չառանձնանալ: Առաջին սիրենայից ընդամենը տասը րոպե առաջ շերտավարագույրները ձեռքիցս ընկան եւ տապալեցին ճոխ թփով գառնադմակի խեցամանը: Խեցամանն այնքան անհաջող ընկավ, որ բույսը մինչեւ քոքը կոտրվեց: Ցաքուցրիվ հողի պտղունցը այդպես էլ մնաց հատակին, երբ մենք ուղեւորվեցինք նկուղ: Այնտեղ, ներքեւում, հենց այդ առաջին երեկոյան ես իմպրովիզացիոն մի մահճակալ կառուցեցի` հատակին դրեցի դարակները, նրա վրա դրեցի դուռը, կանխապես հանելով բռնակը: Ամեն ինչ իդեալականապես համընկավ: Մենք այնտեղ տարանք ներքնակները, վերմակը, բարձերը, սպիտակեղենը եւ երեխայի նկարները, ծալովին բավական ընդարձակ ստացվեց, համենայն դեպս՝ կնոջս եւ երեխայի համար: Գիշերները նրանք մեծ մասամբ այնտեղ անցըրին: Մեր տունը կամրջի մոտ էր, իսկ դրացի շինության կտուրի գլխին, ես միայն այն ժամանակ դրա վրա ուշադրություն դարձրի, ցցված էր մի անտենա, այսպես կոչված՝ լինկ, եւ բազում այլ հեռուստատեսային սարքավորումներ: Երեկոյին մոտ ես իջնում էի նկուղ, մնում էի այնտեղ մերոնց հետ, մինչեւ որ նրանք քնեին: Նստում էի միջանցահովիկի տակ, քանի որ բոլոր պատուհանները, Վուլետ Ժուրիչի խորհրդով, ով Սարաեւոյում փորձ էր ձեռք բերել, բաց էին մոտակա պայթյունների դեպքերի համար: Գիշերները, որ տարվա այդ եղանակի համար բավական տաք էին, աստղերով պատված էին: Քաղաքի շրջակայքը սկզբում լուսավորվում էր, հետո լսվում էր պայթյունը: Իմ համբերությունը չէր բավում ինչ-որ քիչ թե շատ շարունակական ընթերցանության համար, եւ ամենից շատ ես ժամանակն անցկացնում էի բառարաններ թերթելով: Մեն-միակ միացրած լամպը եւ հորիզոնի վրայի փայլկտոցները լուսավորում էին բառերի միանգամայն նոր իմաստները:
Քույրս երեխաների հետ տեղափոխվել էր ծնողների մոտ: Ես այցելում էի նրանց, երբեմն ինչ-որ բան էի բերում նրանց շուկայից, քանի որ հայրս ավելի ու ավելի քիչ էր համարձակվում ինչ-որ տեղ դուրս գալ: Ես տեսնում էի, թե նա ինչպես է հետզհետե հրաժարվում այս կամ այն փողոցից, քաղաքային գլխավոր հրապարակից, մոտակա խանութից…
Նրա տեղափոխությունների շրջանակն ասես մշտապես նեղանում էր: Երբ նա պատմում էր իր մանկության մասին, ապա դա միշտ խոսակցություն էր պատերազմի մասին: Դրան էր հանգում նաեւ նրա ծերությունը:
Այն շաբաթներին եւ օրերին նա սովորություն էր ձեռք բերել օթյակ դուրս բերել անդառնալիորեն փչացած ժամացույցները եւ խլշտորել դրանք, մեկ՝ մեկը, մեկ՝ մյուսը ականջին տանելով: Եվ լսել` այնպես, ասես նրանք երբեւէ կանգ չէին առել: Ուշադիր:
Տասներկուս
Հայրս մահացավ 2000 թվականի ամռանը: Սարսափելի տապ էր կանգնած: Երբեմն նրա ֆիզիկական մահը սովորական ձեւականություն էր թվում: Նա կյանքից կողմ էր քաշվել մի տարի առաջ եւ ողջ այդ ժամանակ ասես սպասում էր, թե ինչ-որ տեղ այնտեղ կձեւակերպեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ դրանք ուժի մեջ կմտնեն: Հավանաբար այն պատճառով, որ նա արդեն որոշում էր ընդունել, նա ավելի մեղմ էր դարձել: Իսկ այլ ինչո՞վ բացատրել, որ ես սկսեցի հորս մոտ ավելի հաճախ լինել, քան սովորաբար, եւ, որ մենք երկար զրուցում էինք: Մենք տառացիորեն ժամերով խոսում էինք: Ինչ-որ բան ես նրանից նախկինում լսել էի, ինչ-որ բան` ոչ: Ես նրան հարցեր էի տալիս: Եվ նա պատասխանում էր: Պատասխանում էր տարբեր կերպ, բայց ոչ հակիրճ, ինչպես սովորաբար: Նա շատ հաճախ հեռվից էր սկսում, ես այն է՝ մտածում էի, թե նա մոռացել է խոսակցության առարկան, եւ մեկ էլ նա վերադառնում էր դրան ինչ-որ միանգամայն անսովոր կողմից: Եվ խոսում էր, խոսում: Ավելի ճիշտ՝ պատմում էր: Ես արդեն մտմտում էի՝ արդյո՞ք դիկտոֆոն կամ նոթատետր չբերեմ, նույնիսկ նրան հարցրի այդ մասին: Պարզվեց, որ նա դեմ չէ:
– Արի,- ասաց նա: – Գուցե քո գրքերի համար պետք գա:
Եվ այդուհանդերձ, ի դառն ափսոսանք ինձ, մեր զրույցներից ոչ մի հետք չմնաց: Ինձ ետ պահեց ֆորման: Այդպիսի բան արդեն արել են, այդպիսի բան գրականության մեջ արդեն կա, մեծամտորեն որոշեցի ես:
Հորս ինսուլտը խփեց Դելինեի վրա գտնվող հիվանդանոցում: Նրա մարմնի աջ կողմն անզգայացավ: Եվ նա կորցրեց խոսելու շնորհը: Բայց դեռ մի ամբողջ շաբաթ գիտակցությունը տեղն էր: Մայրս որոշ ժամանակ կենում էր Պանչեւոյում` քեռուս մոտ, այնտեղից ամեն առավոտ գալիս էր Սրտանոթային հիվանդությունների կլինիկա եւ սպասում էր միջանցքում, որպեսզի իրեն թողնեին հորս պալատը: Նրա կողքին միշտ կամ ես էի, կամ քույրս: Մի քանի օրից կոնսիլիումը որոշեց, որ պետք է հիվանդի իրական վիճակն իմանալ տոմոգրաֆով: Ես օգնեցի հորս տեղավորել «Շտապ օգնության» մեքենայում, իսկ հետո նրա հետ մի տասը րոպե անցըրի Սուրբ Սավայի անվան հիվանդանոցում: Երիտասարդ բժիշկը հորս պատգարակի վրա, իսկ ավելի ճիշտ՝ հենց նրա անշարժ ոտքերի վրա, դրեց հիվանդության պատմության թղթապանակը եւ մնացյալ փաստաթղթերը: Դրեց այնպես, ինչպես սեղանի վրա կդներ: Ես ոչինչ չասացի, պարզապես այդ թղթերը ձեռքս վերցրի: Հայրս այդ ժամանակ վերջին անգամ նայեց ինձ` գիտակցությունը լրիվ տեղը: Ինձ թվաց` երախտագիտությամբ: Նկարահանման արդյունքները սարսափելի էին: Արդեն կեսօրին մոտ նա կոմայի մեջ ընկավ:
Թաղումից քառասուն օր անց, ըստ սովորույթի, ես պետք է հորս իրերից որեւէ բան վերցնեի, հագուստ կամ այլ մի բան. մորս ասել էին, որ «այդպես է ընդունված»: Ես ընտրեցի դասական ձեռքի ժամացույցը` «Թեքնոսը», մեխանիկական, տասնյոթ սուտակներով, հայրս այն նվեր էր ստացել վաթսունական թվականներին իր ծառայության տասնամյակի առթիվ: 2000 թվականի վերջերին ես գնացի «Սավիչ» խանութը մաշված կաշեգոտին փոխելու: Այնտեղ ինձ ասացին, որ դա շատ լավ ժամացույց է: